Հայաստանը վստահված է տկար և անլուրջ մարդկանց

Հայաստանը վստահված է տկար և անլուրջ մարդկանց

Էսօր ինքս ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում հաղթած է։ Խոսքը առարկայական հաղթանակի մասին չէ, այլ հանրային մտածողության մեջ առկա չհասկացվածության մեծ չափաբաժնի, որը շրջում է տնից տուն և քաղաքից քաղաք։ Չհասկացվածության աղբյուրը կասկածն է ու պարտադրված երկընտրանքը։ Ներսում բույն դրած կասկածի որդն էլ ավելի հրատապ է դարձնում կառավարող թիմի կոմպետենտության հարցը՝ արդիականացնելով քաղաքական հանցագործների և մարնտչող անմեղսունակների միջև ընտրություն կատարելու պարտադրանքը։ 

Հենց այստեղ է նշմարվում Սարգսյանի հաղթանակը, քանի որ նրան հաղթողների անլրջությունն ու փնթիությունը ինքնաբերաբար համեմատության հնարավորություն է տալիս։ Իսկ համեմատությունն ինչ-որ իմաստով արդեն իսկ հավասարության և համարժեքության նշան է։ Ասվածից հետևում է, որ հեղափոխականների հաղթանակը խիստ կասկածելի է, քանի որ նախահեղափոխական իմաստով հաղթել նշանակում էր ոչնչացնել և արմատախիլ անել։ Ինչպես տեսնում ենք ոչինչ էլ չի ոչնչացվել կամ էլ արմատախիլ արվել, քանի որ մենք դեռևս համեմատելու հնարավորություն ունենք։ Իսկ ոչնչացվածի հետ հնարավոր չի համեմատվել։ Այսինքն, Սերժ Սարգսյանը կամ էլ արժեքային այն միավորը, որը մենք պայմանականորեն կարող ենք անվանել սերժսարգսյանիզմ, կա և աստիճանաբար տարածվելու հեռանկարներ ունի։ 

Իհարկե շատերը կարող են չհասկանալ այս խոսքերի իմաստը, շատերն էլ կարող են մեղադրել համանման համեմատությունների համար, ինչպես կարելի է սրբակենցաղ և անսխալական, օծյալ և երկնային իմաստությունների հետ հաղորդակից իշխանությանը նմանատիպ պիտակումներ կպցնել։ Շատեր ասելով նկատի ունեմ ագրեսիվ այն փոքրամասնությանը, որը նիկոլապաշտության արհեստական տրամադրություններ է պարտադրում ողջ հանրությանը։ 

Բայց այս ամենից անդին պետք է հասկանալ, որ համեմատության աղբյուրը ոչ թե իմ կամայական քմահաճույքն է, այլ կառավորղ թիմի քաղաքական վարքագիծը, անլրջությունն ու տկարությունը, որը դրսևորվեց հատկապես համավարակի այս ծանր օրերին։ Սկզբում նրանք միասնության և համերաշխության կոչեր էին անում։ Եթե անկեղծ լինենք, ապա ի սկզբանե ես լուրջ էի ընդունել այդ կոչերը՝ կարծելով թե Հայաստանի համար այս դժվարին օրերին անհրաժեշտ է օգնել իշխանությանը։ Օգնել նույնիսկ չքննադատելով։ Բայց պատրանքներն այս ի վերջո թիթեռի կյանք ունեցան, շատ չանչած հասկացա, որ այդ մարդիկ ո՛չ օգնության և ո՛չ էլ համերաշխության կարիք չունեն։ Հասկացա, որ գործ ունենք ինքնասիրահարված և մեծամիտ մարդակույտի հետ, որը ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չի կարողանում անել, ավելին՝ ճգնաժամը փորձում է ծառայեցնել իր նեղ քաղաքական շահերին։ Այսքանից հետո էլ ո՞ւմ հետ միասնական լինենք, ո՞րն է այդ համերաշխության իմաստը, եթե նրանք ո՛չ լսում են և ո՛չ էլ հասկանում, ընդհակառակը՝ վանում են բոլորին և փսլնքոտ գիտունիկի ինքնավստահությամբ շարժվում առաջ։ Բայց շարժվել առաջ դեռևս չի նշանակում ինչ-որ մի տեղ գնալ, նրանք պարզապես շարժվում են՝ ցուցադրելով սեփական անլրջությունն ու երբեմն անմեղսունակությունը։ Չարենցավանը բացում փակում են, փակում բացում են կամ էլ փակում են ու չեն փակում։ Չարենցավանի բացվել-փակվելու զավեշտալի գործողության հետ զուգընթաց ինչ-որ մարդիկ ԱԺ ամբիոնից բարձր տոնայնությամբ ինչ-որ վերաբարձ, նախատող և սաստող ելույթներ են ունենում։ Ո՞վ են այդ մարդիկ, ի՞նչ առաքելություն ունեն Հայաստանում։ 

Հենց այս հանգամանքներով է պայմանավորված համեմատությունը, քանի որ Սերժ Սարգսյանի համակարգի դեմ պայքարող հեղափոխությունը պարտավոր էր մի փոքր ավելի լուրջ լինել, առնվազն պետք է գոնե խուսափեր անմեղսունակ դառնալու գայթակղությունից։ Գոնե հանուն Հանայաստանի։ Իսկ հիմա ունենք այն ինչ-որ ունենք։ Հայաստանը սոցիալ-տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ է, բայց անհանսգատանալ պետք չէ, նեոլիբերալ վարչապետը, պիոներական ինքնավստահությամբ  պարետն ու պողոսատյաց այն պատգամավորն ամեն ինչ գիտեն և ամեն ինչ կանխատեսել են։ Ամեն դեպքում հայ ժողովուրդը դատապարտված չէ անվերջ մանևրել քաղաքական հանցագործների և մարտնչող անմեղսունակների միջև։