Վազգեն առաջին եւ Արմեն Սարգսյան․ երբ սեփական հաճույքը պատասխանատվությունից վեր է

Վազգեն առաջին եւ Արմեն Սարգսյան․ երբ սեփական հաճույքը պատասխանատվությունից վեր է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով․ վարակվել է Լոնդոնում, ուր գնացել էր նշելու Նոր տարին՝ ընտանիքի ու թոռների հետ։ Լավ իմանալով, որ նոր տիպի կորոնավիրուսը սպառնում է նախ և առաջ Միացյալ Թագավորությանը, Հայաստանի նախագահը ռիսի է դիմել ու գնացել, միայն թե՝ Նոր տարին թոռների հետ դիմավորի։

Գովելի է Արմեն Սարգսյանը սերն ընտանիքի և ընտանեկան արժեքների նկատմամբ, բայց առնվազն տարակուսելի է, երբ պատերազմի ծանր հետևանքներից գլուխը չբարձրացրած ու թշվառության մեջ հայտնված երկրի ղեկավարը ժամանակ, սիրտ ու տրամադրություն է գտնում երկրից դուրս գալու միայն նրա համար, որ թոռնիկների օրը տոնի վերածի։ Ընդ որում, որդիներն ու թոռները չեն գալիս Հայաստան, այլ ինքն է գնում։ Մինչդեռ ՀՀ նախագահն առնվազն պատասխանատվության զգացում պետք է ունենար եւ այս ծանր տարին դիմավորեր Հայաստանում՝ իր ժողովրդի կողքին։
Իսկ քանի-քանի թոռնիկներ իրենց Նոր տարին դիմավորեցին Եռաբլուրում, քանիսը մնացին իրենց պապիկներին սպասելով, քանիսն են այսուհետ իրենց նոր տարիներն անցկացնելու առանց հայրերի, քանի մայրեր են օրեր մթնեցնելու առանց որդիների, քանի հարսներ՝ առանց ամուսինների․․․ Ավելին՝ մամուլը գրեց, որ Ամանորից հետո էլ Արմեն Սարգսյանը որոշել է լիցքաթափվել՝ Էլթոն Ջոնի հետ Բեյրութ մեկնելով։

Ու դեռ երկրի ղեկավարը զվարճանալու, բաժակ բարձրացնելու սի՞րտ ունի, ճանփորդելու և էլթոնջոների հետ ողջագուրվելու հավես ու տրամադրությու՞ն ունի․․
Արմեն Սարգսյանը երբեք էլ հայ չի եղել, հային չի սիրել, չի հասկացել նրա խնդիրները, չի ապրել հայի հոգսը, չի կիսել նրա տառապանքը նույնիսկ պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Արմեն Սարգսյանը հայ է միայն ազգանունով։ ՀՀ բարձրագույն աթոռներից մեկը զբաղեցնող՝ կայացած գործարարին Հայաստանի հետ կապում է միայն նախագահի պարտականությունները, որում, մեղմ ասած՝ այնքան էլ չի փայլում։ /Հիշեցնենք՝ տխրահռչակ կապիտուլյացիայի մասին մամուլից էր իմացել/։

Եվ սպասել, որ Արմեն Սարգսյանը Նոր տարին կդիմավորեր սգակիր Հայաստանում ու կկիսեր զավակներ կորցրած ընտանիքների ցավը, միամիտ կլիներ։ Միամիտ կլիներ կարծել նաև, որ նա բուրժուական հաճույքներն ու գունավոր խրախճանքները կթողներ և կմնար Հայաստանում՝ ինչ է թե սուգ է, ու տոնի տրամադրություն չկա․․

88-ի երկրաշարժի օրերին Վազգեն Ա կաթողիկոսը ծանր հիվանդ էր։ Բժիշկները ակնողնային ռեժիմ էին նշանակել ու խիստ զգուշացրել՝ չմրսել։ Հերթական մի այցի ժամանակ տեսնում են, որ սենյակը տաքացնող էլեկտրական վառարանն անջատված է, սենյակն էլ՝ ցուրտ։ Զարմացած բժիշկներին Վեհափառն ասում է, որ վառարանն իր ցուցումով են անջատել, որովհետև ինքը չի կարող իրեն լավ զգալ, տաք անկողնում պառկել, երբ իր ազգը դրսում մրսում է․․․