Ի՞նչ կանեին հրեաները, եթե նմանատիպ արտահայտություն հնչեր Քնեսեթում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց առանջնահերթությունների ցանկում չէ և որ դա երկրի թիվ մեկ խնդիրը չէ։ Միրզոյանի, ու ընդհանրապես Փաշինյանի թիմից նման հայտարարաություններ լսելը դարձել է սովորական, սակայն թե մեզ ուր են տանում նմանատիպ հայտարարությունները՝ փորձեցինք պարզել քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
«Երբ սկսվեցին, այսպես կոչված, հայ-թուրքական բանակցությունները, ակնհայտ էր, որ թուրքական կողմն ունի նախապայմաններ և դրանցում առաջիններից մեկը վերաբերում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Պետք է հիշել, որ դեռևս 2008 թվականին և դրանից առաջ, երբ նախապատրաստվում էր ցյուրիխյան գործընթացը, թուրքական կողմից՝ հատկապես Էրդողանի շուրթերով հաճախ էր հնչում, որ Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին:
«Նույնիսկ հայկական կողմին առաջարկներ էին հնչում` բացել արխիվները համատեղ ուսումնասիրելու և այլն: Միևնույն ժամանակ, կարծում եմ, մենք պետք է նույն առանցքի մեջ դիտարկենք նաև, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը, որը իրականում միֆ է, հեքիաթ է: Դա նույնիսկ այն ժամանակվա տարբեր ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններից էր երևում, բնականաբար ժամանակի ընթացքում նրանք փոխեցին իրենց հայտարարությունները: ԻՆչո՞ւ, դա ունի բավականին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս գործընթացը ստեղծվեց հենց հայոց Ցեղասպանությանը հակազդման, հայերին ստիպելու՝ հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,-ասաց քաղաքագետը:
«Ըստ էության, ստացվում է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով սկսեց Հայաստանի վրա ճնշումները՝ շահարկելով թե Խոջալուն, թե Ադրբեջանի հաղթած լինելու հանգամանքը, թե հայկական բանակի ջախջախված լինելու հանգամանքը, և զարգացնելով այն թեզը, որ հիմա Հայաստանն այլ ճանապարհ չունի և պետք է հնազանդվի Ադրբեջանի կամքին: Այդ ժամանակ, ցավոք սրտի, Հայաստանում սկսվեց տարածվել նարատիվ, այ` եթե մենք Թուրքիայի հետ համաձայնության գանք, Թուրքիայի միջոցով կկարողանանք ազդել Ադբեջանի վարքագծի վրա, ինչը միանգամայն հիմարություն, դատարկաբանություն, եթե չասեմ` հակահայկական մտածողություն է, որովհետև երբեք Թուրքիան Հայաստանի հետ սեպարատ համաձայնության չի եկել և չի գալու, ի հաշվի թուրք- ադրբեջանական հարաբերությունների և դա ապացուցեց այս ամբողջ ընթացքը: Թուրքիան փորձում է խաղարկել լավ և վատ ոստիկանների դերեր, ինքը ստանձնելով լավ ոստիկանի դերը՝ Արդբեջանին վերապահելով վատ ոստիկանի դերը: Ստացվում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիային հաջողվել է համոզել Հայաստանի իշխանություններին՝ հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,-ասաց Պողոսյանը: Հայաստանի իշխանությունները, ընդունելով Թուրքիայի նախապայմանը, փորձում են Հայաստանի հանրությանը դա ներկայացնել որպես իրենց մտածողություն և իբրև թե ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին սա միակ ռացիոնալ հայտարարությունն է: Այնինչ, քառասունչորսօրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ ամեն զիջումից հետո ստիպված ենք եղել նոր զիջման գնալ:
«Հիմա գանք հարցի բարոյական և բարոյա-քաղաքական հարթությանը: Հրաժարվելով հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի առաջնահերթությունից, Հայաստանի իշխանությունները փաստացի հայտարարում են, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը գոյություն չունի, որովհետ Հայաստանի Հանրապետության ֆունդամենտը երկու բաղադրրիչներ էին՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում, Հայոց Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և փոխհատուցում»,-շեշտում է քաղաքագետը: Այս երկու հիմնաքարերն էին, որոնք դարձան Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուները: Քաղաքագետը համեմատում է այս իշխանությունների և սովետական միության ժամանակ Արցախի հարցի ու Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ մոտեցումները. թե Խորհրդիային Միության ժամանակ, թե ՀՀ ներկա իշխանությունների համար Արցախի հարցն ու Հայոց Ցեղասպանության հարցը փակ հարցեր էին:
«Այսօր Հայաստանի իշխանությունները ևս փորձում են սա դարձնել փակ հարց: Հայաստանի ներկա Հանրապետությունը, որը հայ ժողովրդի հավաքական իղձերի արտահայտողն էր և գործիք էր` հասնելու այդ հավաքական իղձերին, իսկ դրանց ֆունդամենտալ սյուները Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատաարտումն ու փոխհատուցումն էր, ինչպես նաև Արցախի հարցի հայանպաստ լուծումը»,-ասաց քաղաքագետը: Եթե հայ ժողովուրդը չունի ազգային իղձեր ու նպատակներ, ապա մեր Հանրապետության գոյության իմաստը զրոյանում է: Սովետական Միությունում էլ հիմքում քաղաքացիների բարօրությունն էր դրված ՝ այդ պատճառով էլ այն փլվեց: Այսօր ՀՀ ներկա իշխանությունները համարում են, որ մենք արժանի չէինք անկախությանը, որը ձեռք բերեցինք Խորհրդային Միության փլուզումից հետո: «Միջազգային պատմության մեջ չկա մի դեպք, որ որևէ ժողովոըրդ հայտարարի, որ իր համար դա քաղաքական առաջնահերթություն չի, որովհետև Ցեղասպանությունը դա պատմության խնդիր չի, դա իրավա-քաղաքական խնդիր է, իրավունքներ և քաղաքականություն: Էրդողանի թեզերը բերել Հայաստանի Հանրապետություն, նշանակում է,հաստատել այն կանխավարկածը, որ այս իշխանությունը սպասարկում է ոչ հայկական շահեր: Սա իրականության մեջ հենց Էրդողանի տեսությունն է՝ Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին: Ի՞նչ կանեին հրեաները, եթե նմանատիպ արտահայտություն հնչեր Քնեսեթում. Իսրայելի որևէ պաշտոնյա հայտարարեր, որ Հոլոքսոթի խնդիրը Իսրայել պետության քաղաքական առաջնահերթությունների մեջ չէ, էլ չեմ ասում, եթե որևէ մեկը կասկածի տակ դնի: Հայաստանի իշխանությունները այդպիսով հայտարարում են, որ Հայաստանը և հայ ժողովուրդը որպես պետություն և որպես ժողովուրդ՝ անպիտան են»,-շեշտեց Պողոսյանը:
Հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ նմանատիպ հայտարարություններից հետո ճանաչեն մտացածին Խոջալուի «ցեղասպանությունը», Արա Պողոսյանն ասաց, որ դա նույնիսկ Արդբեջանին հետաքրքիր չէ, այստեղ խնդիրն այն է, որ Հայոց Ցեղասպանության մոռացության դիմաց մոռացության մատնվի Խոջալուն: Թուրքիան խնդիր է դրել փակել այս հարցը և ցույց տալ աշխարհին, որ առանց պատժի ու պատասխանատվության կարելի է փակել այնպիսի մասշտաբային Ցեղասպանության խնդիր, ինչպիսին էր Հայոց Ցեղասպանության հարցը:
Կարծիքներ