Կլինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, որևէ նշանակություն չունի Փաշինյանի պարագայում

Կլինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, որևէ նշանակություն չունի Փաշինյանի պարագայում

Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ ձևավորվում է սահմանդրական փոփոխություններ նախապատրաստող մասնագիտական հանձնաժողով։ Ի՞նչ կարծիքին են հանրապետականները՝ կա փոփոխության անհրաժեշտություն իրենց 2015-ին փոփոխված Սահմանադրությունից հետո։

Հանրապետական Կարինե Աճեմյանը «Հրապարակին» առաջին հայացքից մի փոքր տարօրինակ պատասխան տվեց ասելով․«Ոչ միայն 15-ի սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկող, այլև «այո», «ոչ» -ին (քարոզարշավին) մասնակցող և ինքս միշտ կողմ եմ եղել խորհրդարանական համակարգին, բայց այս տարիների ընթացքին նայելով, նայելով նաև առաջ, կարծում եմ, որ երևի թե մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէր խորհրդարանական համակարգին, այսպիսի երկիր ունենալուն,քանի որ դա շատ ավելի ժողովրդավար է, շատ ավելի առաջադեմ, բայց այդ նոր փոփոխությունները, որ իրենք քննարկում են և ուզում են իրականացնել, բացառապես վերաբերում է Սահմանադրական դատարանին, նրա դեմ այս արշավին, որն անթույլատրելի եմ համարում և ՛ երկրի, և՛ օրենքի դեմ շատ վտանգավոր»։ 

Աճեմյանը դրական համարեց փաստը,որ թե՛ Սահմանադրական դատարանի նախագահը և թե դատավորները որևէ պրովոկացիայի չենթարկվեցին և նրանց հնարավոր չեղավ բերել քաղաքական հարթություն՝ քաղաքական բանավեճի։ Նրանք մնացին իրենց պրոֆեսիոնալ դիրքերում։ Աճեմյանը նաև արձանագրում է՝ առայժմ որպես մարդ ևս իրենց արժանապատիվ պահեցին։«Կարծում եմ՝ սահմանադրական դատարանն ինչ-որ առումով երկրի դեմքն է և մարդիկ պետք է կարողանան պահել օրենքը, մայր օրենքը, քանի որ գիտեք՝ հետամնաց երկրներին է բնորոշ օրենքի դեմ ոտնձգությունը»,-ասում է Աճեմյանը։

Նրան հարցրեցինք՝ այնուամենայնիվ, հիմա կողմնակից կլինե՞ր, որ այդ սուպերվարչապետական կոստյումը, որը, ըստ նախկին ընդդիմադիրների, կարել էին Սերժ Սարգսյանի համար, մնա Փաշինյանի մոտ։ ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ասում է, որ յուրաքանչյուր համակարգ իրենն է թելադրում, բայց երբ մարդն իրեն է ենթարկում ամեն ինչ ու ուզում է ջարդել, փշրել բոլոր ինստիտուտները ու այդ ամենի վրա կայանալ, կլինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, որևէ նշանակություն չունի։