Հնարավոր չէ պատվախնդիր հայ լինել ու լինել Նիկոլի ջատագով

Հնարավոր չէ պատվախնդիր հայ լինել ու լինել Նիկոլի ջատագով

 Հրապարակի հարցերին պատասխանում է Իսրայելի հայկական համայնքի ղեկավար Սերոբ Սահակյանը:

 -Սփյուռքը բազմաշերտ է եւ տարբեր կերպ է արձագանքում վերջին տարիներին Հայաստանում եւ Հայաստանից դուրս տեղի ունեցող քաղաքական իրողություններին: Իսրայելի հայկական համայնքն ինչպե՞ս է վերաբերվում Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարին:

- Իսրայելի հայ համայնքն իր խորքում այնքան էլ չի տարբերվում մնացած սփյուռքից: Այստեղ էլ համայնքի մեջ ավանդական հակակրությունները, թե գենետիկ, թե կուսակցական ուղղվածություններն իրենց խոսքն ունեն: Պարզ է, որ ավելի շատ դաշնակցական հատվածն է, որի մոտ հականիկոլը շատ շեշտված է, թեեւ կարելի է նաեւ այլ հոսանքների մեջ հականիկոլ գտնել, որն օրըստօրե շատանում է: Ու պարզ է, որ հնարավոր չէ պատվախնդիր հայ լինել ու լինել Նիկոլի ջատագով: Գալով Բագրատ սրբազանի շարժմանը, հնարավոր չէ շատ դրական բաներ խոսել, քանի որ Երուսաղեմի հայկական համայնքը բավականին հուսախաբվել ու հիասթափվել է իր հոգեւոր ղեկավարությունից, որ, կարծում եմ, մանրամասնելու կարիք չկա: Թեեւ կրկին նշեմ, որ դաշնակցական հատվածը բավականին լավատեսութեամբ կհետեւի Բագրատ Սրբազանին: 

- Ի՞նչ եք կարծում պայքարի հետագա հնարավոր արդյունքների մասին:

- Ինչ կվերաբերի շարժման արդյունքներին, այդ դժվար թե կարողանանք կռահել, քանզի իշխանափոխությունը կախված է ավելի արտաքին ուժերի ներգործությունից, ու հազիվ թե Բագրատ սրբազանի եւ իր շուրջ հավաքված բավականին նպատակադրված համակիրներից: Այս ամենով հանդերձ պետք է ասեմ, որ սա շատ կարեւոր պայքար է: Արտաքին ուժերը պետք է տեսնեն այս պայքարը, հայ ժողովրդի անհանդուրժողականությունը այս իշխանության վարած քաղաքականության նկատմամբ: Այս պայքարը Սրբազանի պայքարը չէ: Սրբազան պայքարը սրբազանով խորհրդանշվող պայքար չէ: Սրբազան պայքարը սրբազանի մենաշնորհվածը չէ: Սրբազան պայքարը, ամեն մի հայի պայքարն է, որի համար Հայաստանի պետականության պահպանումը սրբազան, անտեղիտալի նպատակադրություն է: Սրբազան պայքարն ամեն մի հայի պայքարն է, որի համար հայ հողի ամեն մի մետր քառակուսու ապահովումը սրբազան պահանջ է: Սրբազան պայքարը, ամեն մի հայի պայքարն է, որի համար ինչ որ հայկականն է, ազգապատկանն է, սրբազան արժեքների արժեքն է: Կոչ եմ անում՝ եղե՛ք սրբազան պայքարի մի մասնիկը: Եղեք պայքարունակ, որպեսզի ոչ մի հայի համար չթառամի Սրբազան լեռան տուն դարձի սրբազան երազը: