Ինքնապաշտպանական բնազդը հաղթեց պոպուլիստ Նիկոլին

Ինքնապաշտպանական բնազդը հաղթեց պոպուլիստ Նիկոլին

Երեկ երիտասարդ հղի կնոջը վրաերթի է ենթարկել վարչապետին ուղեկցող մեքենան, կինը և չծնված երեխան մահացել են։ Զարհուրելի դեպք է, բայց այս դեպքը հաստատում է օդում կախված լուրերը: Արդեն տևական ժամանակ է, որ շշուկներ են տարածվում, թե ինչքան է սարսափած ամենաժողովրդավար ղեկավարը։ Մամուլը գրում է անվտանգության աշխատակիցների աննախադեպ թվի բազմապատկման մասին, թիմի անդամները դժգոհում են, որ շփվում է միայն մի փոքրիկ խմբի հետ, իսկ հոգեբանները վերլուծում են ժեստերը և խոսքը: 

Երեկվա միջադեպը հաստատեց այդ լուրերը։ Պատկերացրեք 2018-ի Փաշինյանը ինչ շոու կսարքեր, եթե նման դժբախտ պատահար լիներ, մեքենայից կիջներ, անձամբ գրկած հիվանդանոց կհասցներ հղի կնոջը, ուղիղ եթեր կմտներ հիվանդանոցից, մանրակրկիտ կներկայացներ առողջական վիճակը, բուժող բժիշկներից հենց իր ուղիղ եթերում հարցազրույցներ կվերցներ, և եթե չհաջողվեր փրկել, խորը կսկիծով կհայտներ, որ ինքն ամեն ինչ արեց, բայց ավաղ․․․ Վերջում էլ կնստեր սգակիր ընտանիքի կողքը՝ իր աջակցությունը և ցավակցությունը հայտնելու: 

Իսկ երեկ տեղի ունեցավ լրիվ հակառակը. ականատեսները պատմում են, որ հարվածից հետո, շարասյունով մի քիչ վերև կանգ են առել մի քանի վայրկյան, բայց հետո արագ քշել գնացել են, 7 մեքենայով երթևեկող «ամենափրկիչը» անգամ վերջից ընթացող մեքենային չի հանձնարարել կնոջը հիվանդանոց հասցնել, լավագույն դեպքում ասել է՝ շտապօգնություն զանգեք, թող գան տանեն, վրաերթն էլ իր կեցավայրից 1000 մետր ներքև է տեղի ունեցել, այդ ի՞նչ պիտի լիներ ճանապարհին, որ շարասյան մեջ մեկ ավտոմեքենայի բացակայությունը վտանգավոր դարձներ իրավիճակը։ Պատասխանը պարզ է՝ վարչապետը վախենում է, սարսափում է մահափորձից, ամեն տեղ վտանգ թէ տեսնում, վստահ եմ՝ մտածել է հատուկ են այդ աղջկան մեքենայի տակ գցել, որ իր հետ մի բան անեն, այդ իսկ պատճառով չի կանգնել, չի խաղաղացել պոպուլիզմ, չի փորձել շահած դուրս գալ իրավիճակից, ինքնապաշտպանական բնազդը հաղթել է, վախերը հաղթել են: 

Իսկ քարոզչապետերին, որ իրար հերթ չտալով գրում են, թե վարչապետը ղեկին չի եղել, ուրեմն մեղք չունի, ուզում եմ հարցնել. եթե վարչապետը ասեր՝ գնացեք արագ հիվանդանոց հասցրեք, ուղեկցող ՊՊԾ-ն մերժելու՞ էր։ Եվ վերջում՝ այդ մեքենայի վարորդին ձերբակալելով գլխավոր ավտոմեքենայի մեջ նստածին չեք փրկելու վրաերթի վայրը լքելու մեղադրանքից: