Մոսկվան «արցունքներին» չի հավատում. ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ սկանդալ է հասունանում

Մոսկվան «արցունքներին» չի հավատում. ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ սկանդալ է հասունանում

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Մոսկվան ավելի է կոշտացնում հռետորաբանությունը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ: Ռուսաստանն իր վերաբերմունքն է հայտնում հայաստանյան պաշտոնյաների՝ ուկրաինական Բուչա կատարած այցին եւ նրանց՝ ուկրաինական կողմից սպանվածների ցուցակ փոխանցելու փաստին։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում այս մասին հունիսի 7-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք հուսով ենք, որ հայկական պաշտոնական պատվիրակությունը մեզ էլ կտա այնտեղ իբր զոհվածների ցուցակը։ 2 տարի է` չենք կարողանում հասնել նրան, որ ինչ-որ մեկը, այդ թվում` ՄԱԿ-ը, տրամադրի մեզ այն մարդկանց անունները, որոնք իբր զոհվել են այնտեղ»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք․ 2022 թվականի ապրիլին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիեւի մարզի Բուչա քաղաքում ՌԴ զինվորականների հանցագործությունների մասին, սադրանք են։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այդ բնակավայրի՝ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու ընթացքում ոչ մի բնակիչ չի տուժել որեւէ բռնի գործողությունից: ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական Բուչա։ Այս մասին էլ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց հունիսի 9-ին: Նրա խոսքով՝ «Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաեւ Ռուսաստանի հասցեին արված անընդունելի արտահայտություններն ու Կիեւին մարդասիրական օգնության տրամադրումը»:

«Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք՝ պաշտոնական Երեւանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնություն տրամադրելուց եւ այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։ Այս հայտարարությունից մեկ օր անց՝ հունիսի 10-ին էլ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ մեկ այլ կոշտ հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Գերատեսչությունում, մասնավորապես, նշել են՝ Մոսկվան ելնում է նրանից, որ Երեւանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից:

Ավելի վաղ, հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երեւանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց եւ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտում է պահանջում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ Ընդ որում, ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում եւ պարզաբանել, որ ՀԱՊԿ քարտուղարությունը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երեւանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաեւ կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։

Հաշվի առնելով ՀՀ ղեկավարության նախընթաց քայլերն ու դրանց տրամաբանությունը՝ բացառված չէ, որ պաշտոնական Երեւանը շարունակելու է գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների ուղիղ առճակատման, ինչը նշանակում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ նոր սկանդալ է հասունանում: Իսկ դրա հետեւանքները, անկասկած, առաջին հերթին անդառնալի են լինելու հենց մեր երկրի համար: