Փաստացի Սևծովյանում Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր

Փաստացի Սևծովյանում Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գրել է.

«Որոշ տեղեկություններ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի վերաբերյալ

Այսօր ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին պատվիրակությունների նոր անդամների մանդատները: Ի սկզբանե պարզ էր, որ գլխավոր ինտրիգը լինելու է Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատների հարցը:
Դեռ մինչև բուն քվեարկությունը, մոտ 2 ժամ բուռն բանավեճ էր՝ ինչպես անցկացնել քվեարկությունը: Բոլոր նոր անդամներին միասի՞ն քվեարկել, երկրներին՝ առանձի՞ն, թե՞ ամեն երկրի յուրաքանչյուր անդամին առանձին: Ի վերջո ընտրվեց երրորդ տարբերակը:
Հաշվի առնելով մինչև քվեարկությունը հնչած հայտարարությունները՝ ՌԴ ներկայացուցիչները կոչ արեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել այս գործընթացի հետ, չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը, և հայտարարեցին՝ եթե իրենց որևէ անդամի մանդատը չհաստատվի, ապա իրենք կլքեն նիստը:

Վեհաժողովի անդամներն առաջինը միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի պատվիրակության նոր անդամի՝ Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:
Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չհաստատվեց, 13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը:
Այս քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքեց դահլիճը:

Նշեմ, որ ՌԴ տարեկան ներդրումը մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպության բյուջեն խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ֆինանսական ներդրումները:
Հաջորդ լարվածությունը նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկել էր բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:

Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները:
Մնացած երկրները կողմ քվեարկեցին և առաջարկություններն ընդունվեցին: Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր:

Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին»: