Հարցազրույց

«Հրապարակ». Եթե ոմանք հույս ունեն, որ Ավիս Նուրջանյաններն ու Սարգիս Կասյանները ներվեցին` իրենց էլ են ներելու, չարաչար սխալվում են

«Հրապարակ». Եթե ոմանք հույս ունեն, որ Ավիս Նուրջանյաններն ու Սարգիս Կասյանները ներվեցին` իրենց էլ են ներելու, չարաչար սխալվում են

«Հրապարակի» հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը:

- Վերջին շրջանում իշխանական ընտանիքը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև որոշ ընդդիմադիր գործիչների: Այսօր էլ Փաշինյանի կինը թիրախավորել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանից առաջ բարձրաստիճան հոգևորականներին էր մեղադրում մանկապղծության մեջ, դե իսկ երկրի վարչապետը, քաղաքական բազում հարցերը թողած, ամեն օր անդրադառնում է Ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտին: Փաշինյանը պատրաստվում է խումբ ձևավորել և նոր կաթողիկոս ընտրել: Ձեր կարծիքով` ի՞նչ պրոցեսներ են սրանք և ո՞րն է նպատակը այս ամենի: Կհաջողվի՞ Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնել:

- Այդ զույգի հայտարարություններին ու գնահատականներին չեմ ցանկանում անդրադառնալ, դրանք «քուչի բազարներ» են, որոնք ինձ համար չեն: Ինչ վերաբերում է եկեղեցուն ուղղված գործողություններին, ապա ես ինքս եկեղեցու սպասավորներին ահագին հարցեր ու պրետենզիաներ ունեմ, տարբեր ժամանակներում ունեցել եմ արժեքային վերապահումներ, հիմա էլ բոլոր խնդիրները լուծված չեն` տարբեր խնդիրների ու դիրքորոշումների և այլնի հետ կապված, սակայն ես կարծում եմ, որ այս պահին, անկախ ամեն ինչից, Վեհափառի պայքարը իր գահի ու պատվի համար չէ, այլ ամուր մնալու, պատասխան պետք է լինի այն իրական մոտիվներին, որոնք ունի Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանին բնավ ոչ եկեղեցու արժեքները, ոչ բարեվարքությունը, ոչ էլ սրբությունը հետաքրքիր չեն, այդ մարդը լուծում է պարզ խնդիր` քանդել ևս մեկ ինստիտուտ, որը կարող է ունենալ ազգային մոբիլիզացիայի պոտենցիալ: Նա զուտ այդ խնդիրն է լուծում: Եթե Վեհափառը մնա այն դիրքերում, որում կա, չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այդ հարցը լուծել:

- Նշում եք, որ եկեղեցու հետ անհամաձայնություններ ունեք և խնդիրներ կան, որոնք մինչ օրս արդիական են: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը: Ի՞նչ նկատի ունեք:

- Դա այս փուլի խոսակցություն չէ, երբ մեր տունը կլինի խաղաղ, այդ ժամանակ մենք` տանեցիներով կքննարկենք այդ հարցերը: Բոլորն էլ հիշում են այն ցայտուն, անհամեստ դրսևորումները, որոնցով աչքի են ընկել եկեղեցու սպասավորները, գաղտնիք չէ, որ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները տարբեր հարցերում են ներգրավված եղել, որոնք հարիր չեն իրենց կշռին ու զբաղեցրած դիրքին: Հազար խոսակցություններ կան, որոնք կիսատ են մնացել, սակայն դրանք մեր տան հարցերն են, իսկ մեր տունն այս պահին չարամիտ հարձակումների տակ է և այդ խոսակցություններն այսօր ակտուալ չեն: 

- Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն և Նիկոլ Փաշինյանը սինխրոն պայքարում են Հայ առաքելական եկեղեցու դեմ: Ի՞նչ է սա պատահականությո՞ւն, թե բացահայտ համագործակցություն թշնամի պետության հետ:

- Ես ուզում եմ մի բան հստակեցնել. Նիկոլ Փաշինյանը հայտնի «խաղաղության պայմանագրի» կետերի թեման ցրեց, գնաց, նա նշեց, որ ամեն ինչ հրապարակված է ու ոչ մի գաղտնիք չկա, սակայն ես ուզում եմ խոսել մի շատ կարևոր հարցի մասին, որի մասին, թեպետ խոսվել է, սակայն մարդկանց մոտ այն չի տպավորվել: Այն վերաբերում է պայմանագրի հոդվածներից մեկին, որը հետևյալն է ասում` կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ձեռնպահ մնալ, ավելին` դատապարտել, բոլոր այնպիսի անձանց ու կառույցների գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեկը մյուսի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին են և որոնք կարող են հավակնություններ ներկայացնել կողմերի մոտ: Ըստ այդ հոդվածի` նման դեպքերում քաջալերվում է ահաբեկչությունն ու սեպարատիզմը և այլն: Ըստ այս հոդվածի` կողմերը թույլ չեն տալիս որևէ նման տեսակի հայտարարություն ու գործողություն, ինչը կարող է կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ պայմանագիրն անկախ այն բանից, որ դեռ չի ստորագրվել, Նիկոլ Փաշինյանի համար օրենքի գիրք է դարձել և նա սրբորեն հետևում է դրան: Բոլոր գործողությունները պետք է այդ պրիզմայից նայել: Հայ առաքելական եկեղեցին` իր տարածքային տարբեր կառույցներով, աշխարհասփյուռ թեմերով և տարբեր կապեր օգտագործելով, խոսում է արցախցիների իրավունքների և հայ ռազմագերիների մասին, իսկ դա ուղիղ այն է, ինչ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրով» պարտավորվել է չանել, նա խոստացել է բոլոր նման քայլեր անողներին արդյունավետ ձևով չեզոքացնել: Այսօր Նիկոլ Փաշինյանն ու Փաշազադեն այդ հոդվածն են համատեղ կյանքի կոչում:

- Այդ դեպքում ինչո՞ւ են Վեհափառի վաղուց ծնված դստերը որոշել նորովի բացահայտել և թիրախավորել վերջիններիս:

- Նիկոլ Փաշինյանի դրժած բոլոր ուխտերը, որ իրար հետևից շարենք քարավան կդառնա….

- Իսկ բախումներ հնարավո՞ր է լինեն: Փաշինյանն իր գրառումներով, կարծես, նաև քաղաքացիական բախումներ է հրահրում:

- Նիկոլ Փաշինյանի անձնային որակների վրա այդ առումով չի կարելի կասկածել, այո, նա կարող է գնալ այդ քայլին, հայաստանյան ընդդիմադիր դաշտում խոսակցություններ կան, որ Փաշինյանը վախկոտ է, մի հատ բո անես, կփախչի, բայց ամենավճռական պահերին, երբ բոլորը մտածում են, որ Փաշինյանը կարող է փախչել, նա անում է ճիշտ հակառակը և այդ առումով նրան պետք չէ թերագնահատել: Ես հույս ունեմ, որ Հայաստանում չեն գտնվի մեծ քանակությամբ մարդիկ, որոնց համար մեկ է իրենց ապագան Հայաստանում: Եթե ոմանք հույս ունեն, որ Ավիս Նուրջանյաններն ու Սարգիս Կասյանները մոռացվեցին, գնացին, նույնիսկ իրենց անուններով փողոցներ կան, հետևաբար դա նաև իրենց է ներվելու, չարաչար սխալվում են: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի այս ծանր շրջանում երկիրը կվերածեն կոլաբորացիոն խմբերի և դիվերսիոն գործողություններ կանեն, այդ մարդիկ ահավոր շատ մտածելու բան կունենան, ոչ միայն իրենց, այլև` սերունդների մասին: Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մենք հազար բան ենք ներել, տասը հազարն էլ պարտավոր ենք ներել, եթե հարցը մեր ներքին օրակարգերին է վերաբերում, բայց բոլոր նրանք, ովքեր արտաքին օրակարգերի շրջանակներում դիվերսիոն գործողությունների կգնան, այդ մարդիկ շատ երկար պետք է մտածեն իրենց ապագայի մասին: Այդտեղ չի անցնելու այն կանոնը, որ ժամանակի հետ ամեն ինչ մոռացվելու է: Ամեն ինչ շատ տխուր է լինելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image