«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։
Ըստ Քննչական կոմիտեի` 2007 թվականի օգոստոսի 17-ին 3 քաղաքացի 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ: Շուրջ երկու տարի անց ի օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, 2016 թվականի դեկտեմբերին որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել վարձավճարի և տուժանքի գումարները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից, եզրակացրել է քննիչը։
Մենք տեղեկացանք, որ խոսքը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, դաշնակցական Մարտուն Մաթեւոսյանի մասին է, հենց նրան է մեղադրանք առաջադրվել։ Ընդ որում, չորս տարի տարբեր գործերի հարուցումից ու քննություններից հետո ոչ մի կոնկրետ բան չեն հայտնաբերել եւ անսպասելի մեղադրանք են առաջադրել՝ ընդամենը երեկ հրավիրելով եւ ծանոթացնելով որոշման հետ։ Պարզ է, որ ՀՅԴ-ի՝ վերջին շրջանի ակտիվությունը կոնկրետ հետեւանքներ է ունենում այդ կուսակցության անդամների համար։ Մանավանդ նրանց, ովքեր մշտապես Ֆրանսիայի հրապարակում են։
Մարտուն Մաթեւոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը գործի նյութերին մանրամասնորեն չի ծանոթացել, այս պահին չի կարող որեւէ մեկնաբանություն տալ։ Ընդամենը երեկ է մեղադրանքի վերաբերյալ թղթերը ստացել։
ՔԿ-ից մեզ փոխանցեցին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին։