Շտապելը կարող է ավարտվել հրաժարականով

Շտապելը կարող է ավարտվել հրաժարականով

Համավարակի ագրեսիվ ֆոնին Ալիևի ագրեսիվությունը, որը քողարկվում էր, դրսևորվում է։

Կապվա՞ծ են  միմյանց հետ վարակի ու Ալիեվի ագրեսիվությունը, ժամանակը ցույց կտա։ Բայց մի երկու եզրահանգում կարելի է անել։ Ալիեվը կարող էր ավելի շուտ հայտարարություն անել, բառացի մեջբերեմ նրա ասածը․

«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ փուլային տարբերակն է քննարկվում։ Չնայած ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում փորձում է ժխտել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում՝ հողերի մի մասի ազատում։ Այլ տարբերակ լինել չի կարող»։

Ի՞նչ է նշանակում «ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում» արտահայտությունը։ Շատ պարզ բացատրություն։ Պոպուլիզմի հիմքում սա է դրված՝  ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը։ Ալիեվը հիմք է ընդունում, որ Փաշինյանը ձեռք է բերել այդ վստահությունը։ Զուր չի Փաշինյանի կողմից անընդհատ հոլովվում «ժողովուրդը ես եմ, ժողովրդի անունից եմ խոսում» ու այլ հայտարարություններ, որոնք Ալիեվի կողմից  դրական են ընդունվել, որովհետև այդ կերպ «Արցախի խնդիրը ավելի հեշտ կլուծվի», քանի որ Նիկոլ Փաշինյանն իրեն նույնացնում է ժողովրդի հետ։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո ադրբեջանական կողմը ռազմական   պրովոկացիաների առումով ավելի հանդուրժող էր դարձել։ Ասել է թե՝ Ալիեվը տեղյակ էր խնդրին ու համբերատար սպասում էր։

Ադրբեջանի նախագահը գիտի, որ Փաշինյանի մոտ վստահության պահպանման խնդիր կա:  Դժվարին գործ է տևական ժամանակ պահպանել պոպուլիզմը, որովհետև հիմքը դատարկ է, ու նա տեսնում է, որ «մեծամասնության վստահությունը» (Դա Փաշինյանի սիրած արտահայտությունն է) խարխլվում է։ Օգտագործելով համավարակի առումով «ազգի դիմադրողականության թուլացումը», առաջ է ընկնում՝ հայտարարելով փուլային տարբերակի մասին, չմոռանալով Փաշինյանին կսմթել՝ ղեկավարության հայտարարությունները պոպուլիստական համարելով։ Ինչու՞ է այդպես անվանում, երբ Փաշինյանը նրան որպես կիրթ գովերգում է, մի պարզ պատճառով։ Ալիևը հասկանում է, որ Փաշինյանն այլևս մեծամասնության շահերը չի ներկայացնում և շտապեցնում է Փաշինյանին, քանի դեռ նա վերջնականապես չի կորցրել ժողովրդի վստահությունը։ Բայց Փաշինյանի համար շտապելը կարող է ավարտվել հրաժարականով։ Պոպուլիզմի փլուզումը այլ բանի չի կարող տանել։ Ալիևը այլընտրանք էլ է թողնում Ադրբեջանի համար․ «Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի։ «Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»։  

«Ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․»։ Սա արդեն այլընտրանքն է։ Դրա մեջ ազգը պառակտելու, միասնությունը թուլացնելու, դիմադրողականությունը կոտրելու, քաղաքացիական պատերազմի հրահրման ու ազգային ոգու թուլացման ֆոնի վրա հարց լուծելու քաղաքականություն է։

Լավրով, Ալիև․ այսօր նրանք են խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Փաշինյան ընտրած ժողովրդին նրանք են իրազեկում, որ բանակցություններ են ընթանում ու քննարկվում է փուլային տարբերակը։