Նիկոլի արձանից ազատվելու համար պետք է Նիկոլից ազատվել նախևառաջ

Նիկոլի արձանից ազատվելու համար պետք է Նիկոլից ազատվել նախևառաջ

Տարին ունի 4 եղանակ: Տարվա ամեն եղանակի Փաշինյանի արձանը կոտրում են (հիմնականում` գլուխը): Այսինքն` բառիս բուն իմաստով խայտառակություն: Այ վանդալներ, բան ունեք ասելու` գնացեք իրեն ասեք, արձանի հե՞տ ինչ գործ ունեք: Կենդանի մարդուն թողել` արձանի գլո՞ւխն եք ջարդում: Վայրենիներ:
Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս փրկել Փաշինյանի արձանը հաջորդ` ձմեռային ոտնձգությունից:

Կարծում եմ` պետք է այն տեղադրել փակ տեղում և դուռը լավ կողպել: Կարելի է շաբաթ-կիրակի սուրբ մասունքի պես դուրս բերել, ցուցադրել հանրությանը և էլի փակել: Տուրիզմի թունդ շրջանում կարելի է ցերեկներն ամեն օր դուրս բերել և երեկոյան կրկին ներս մտցնել: Կարճ ասած` հանձնել հոգևոր հայրերի հոգածությանը:

Եթե եկեղեցին հանձն չառնի այդ գործը, կարելի արձանի պահպանությունը 24-ժամյա ռեժիմով վստահել ՊՊԾ-ին: Հասկանալի է, դրանից կպակասի բուն Նիկոլի պահապանների թիվը, բայց դա ինչ մեծ բան է քանդակագործության շեդևրը ամեն անգամ կոտրելու համեմատ:

ՔՊ-շնիկները, հնարավոր է, հարցնեն` բա որ դրանից օգտվեն իսկական չարագործներն ու խփեն իսկական Նիկոլի՞ն: Պահ, մեծ բան էլի... Ժողովուրդն այդքան քվե է տվել ձեզ, ուրեմն չեք կարո՞ղ ձեր միջից ուրիշ Նիկոլ ընտրել: Այդ ժամանակ արդեն համ Նիկոլից կպրծնեք, համ արձանը պահպանելու գլխացավանքից:

Հաջողություն ձեր աշխատանքներին:

Ջերմ բարևներով` Էդիկ Անդրեասյան