Ինչից այրվեց «Դոմուս» հիպերմարկետը, ով է դրա համար պատասխանատու
Իսակովի պողոտայի վրա գտնվող «Դոմուս» խանութում հոկտեմբերի 7-ին բռնկված հրդեհի վերաբերյալ հարուցված քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է, քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա, մեղավորների շրջանակը պարզված չէ, «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Փորձաքննության արդյունքները դեռեւս չենք ստացել»,-նշեց կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահների քննության արդյունքներով պարզվել է, որ հրդեհի պատճառ են հանդիսացել շանքի տանիքին դրված արեւային պանելները։ Գոռ Աբրահամյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը, նշեց, որ հստակ կարող է պատասխանել այն ժամանակ, երբ կստանան փորձաքննության արդյունքները, որոնք, փաստորեն, մեկ ամսից ավելի էդեռ չեն ավարտվել։
Հրդեհի օրերին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ասել էր, որ, ըստ խանութի աշխատակիցների, հրդեհի նախնական պատճառը հոսանքն է եղել: Ցուցուլյանը նաեւ ասել էր, որ տեսչական մարմնի ղեկավարն իրենց հայտնել է, որ «Դոմուս» հիպերմարկետում հակահրդեհային որևէ համակարգ տեղադրված չի եղել։ Ապա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտարարություն տարածեց, որ «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի կազմում նաև «Դոմուս» հիպերմարկետների ցանցն է, «վերահսկողական գործառույթներ դեռ չեն իրականացրել»` այդ աշխատանքները նախատեսված են եղել այս տարվա 4–րդ եռամսյակում: Բայց, փաստորեն, մինչեւ հոկտեմբեր ամիսը դեռ չեն իրականացվել։
Փաստացի տեսչական մարմնի ծուլության եւ ամենաթողության պատճառով հերթական խոշոր հրդեհն արձանագրվեց, այդպես եղավ նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում` երբ 2021թ․ ապրիլին պայթյուն եւ հրդեհ բռնկվեց, որի հետևանքով այրվեցին առևտրի կենտրոնի 20 տնտեսվարողների խանութները, մարդիկ մահացան։ Իսկ հրդեհից ամիսներ առաջ «Սուրմալու»-ում շուրջ վեց տասնյակ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը, ժամկետ տվել՝ դրանք վերացնելու համար, սակայն հետեւողական չէր եղել` արվեցին արդյոք այդ աշխատանքները։ Ողբերգական հրդեհը խլեց 16 մարդու կյանք, մեծ վնասներ կրեցին մարդիկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել:
Կարծիքներ