Ռուսաստանցի գործարարներ, որոնք շահել են ռուս-ուկրաինական պատերազմից

Ռուսաստանցի գործարարներ, որոնք շահել են ռուս-ուկրաինական պատերազմից

Ուկրաինայի պատերազմն անակնկալի բերեց ռուսաստանցի խոշորագույն գործարարներին։ Իշխանության հետ մտերմությունից օգուտ քաղելու սովոր օլիգարխները սկսեցին կորցնել իրենց կարողությունները, և բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչները կարողացան հարմարվել նոր դժվարին պայմաններին։ Ոմանք, սակայն, կարողացան, ընդհակառակը, մեծացնել կապիտալը մրցակիցների անհաջողությունների ֆոնին։ 

The Insider-ը կազմել է ժամանակակից Ռուսաստանի պատմության ամենաանկանխատեսելի տարում հաջողակ գործարարների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև․

Տատյանա Բակալչուկ / Wildberries-ի և առցանց մանրածախ առևտրի հիմնադիր

Առաջին հայացքից դժվար է ասել, որ 2022 թվականը լավ տարի էր Ռուսաստանի ամենահարուստ կնոջ համար․ նրա կարողությունը 13 միլիարդ ԱՄՆ դոլարից հասավ ընդամենը 2,1 միլիարդ դոլարի: Բայց մի շտապեք հետևություն անել. շուկայի ընդհանուր անկման ֆոնին նրա կարողության նվազումը ոչինչ չի ասում Բակալչուկի իրական վիճակի մասին։ Իրականում և՛ նրա բիզնեսը, և՛ առցանց առևտուրն ընդհանրապես աճում են: 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանում առցանց առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 1,5 անգամ, իսկ նոյեմբերի վերջին Wildberries-ը և Ozon-ն առաջին անգամ վաճառքով գերազանցել են չինական AliExpress-ին, որը, հավանաբար, ընդհանրապես դուրս կգա ռուսական շուկայից: Ընդ որում, վաճառքի կեսից ավելին ստացվել է Բակալչուկի բիզնեսից։

Վլադիմիր Պոտանին․ «Տինկոֆ» բանկի նոր սեփականատերը և Պուտինի ընկերը

«Նորնիկել»-ի սեփականատեր Պոտանինի կարողությունը կազմում է 28,5 միլիարդ դոլար, ինչը մեկ տարվա ընթացքում նվազել է 2,37 միլիարդ դոլարով: Այնուամենայնիվ, Պուտինի ընկերը 2022 թվականին երկու չափազանց հաջող գործարք կնքեց։ Գործարարը ահռելի զեղչով ձեռք բերեց երկու խոշոր բանկ՝ ․ «Տինկոֆ»-ն ու «Ռոսբանկ»-ը։ Երկու նոր բանկային ակտիվները կօգնեն Պոտանինին ֆինանսապես վերադիրքավորվել ու շահույթ ունենալ արդեն այս աշնանը: Ի դեպ, Պոտանինի ֆինանսները դեռ գրավիչ են նույնիսկ ամերիկյան ներդրումային բանկերին սպասարկելու համար. Goldman Sachs-ը նախկինի պես սպասարկում է Պոտանինի բարեգործական հիմնադրամին:

Լեոնիդ Միխելսոն և Իգոր Սեչին

2022 թ․ ընթացքում Միխելսոնը կորցրել է գրեթե 8 միլիարդ դոլար, նրա կարողությունը կրճատվել է մինչև 24,6 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, 2022-ի իրադարձությունները օգնեցին նրա գլխավոր սեփականությանը՝«Նովատեք» ընկերությանն օգտվելու «Գազպրոմ»-ի անհաջողություններից: «Գազպրոմի» մատակարարումները ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ նվազել են 45,1%-ով, իսկ արտադրությունը՝ 19,6%-ով։ Նման պայմաններում «Նովատեք»-ը հեշտությամբ կվերադառնա նախկին մենաշնորհային դիրքերին. այս տարվա երրորդ եռամսյակում ընկերության հեղուկ բնական գազի վաճառքը միջազգային շուկաներում աճել է 12,9%-ով։ 2023 թվականն աննախադեպ հեռանկարներ է բացում «Նովատեք»-ի համար. ի վերջո, ռուսական գազի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվել, ինչը նշանակում է, որ «Գազպրոմ»-ի զգալի մասը եվրոպական շուկայում այժմ կարող է բաժին հասնել «Նովատեք»-ին:
«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հնարավորություն ունի «Գազպրոմի» ֆինանսապես ախորժելի «կարկանդակը» կիսել «Նովատեք»-ի իր գործընկերների հետ։ Երկրի գլխավոր նավթային ընկերությունը վաղուց էր ցանկանում կոտրել գազի մատակարարման մենաշնորհը։ Եթե մինչ պատերազմը «Ռոսնեֆտ»-ը ցանկանում էր մուտք գործել «Հյուսիսային հոսք 2», ապա այժմ ցանկանում է մուտք ունենալ «Սիբիր 2»-ին: 

Հաջողակ եռյակ․ Գուրև - Մազեպին - Մելնիչենկո

Պատերազմի պայմաններում ամենաշատը վաստակել են ռուսական տեղական պարարտանյութ արտադրողները՝ «Ֆոսարգո»-ն (պատկանում է Անդրեյ Գուրևին), «Ուրալխիմ»-ը (Դմիտրի Մազեպինի ընկերությունն է) և «Եվրոխիմ»-ը (Անդրեյ Մելնիչենկոն պատժամիջոցների տակ ընկնելուց հետո ընկերությունը փոխանցել է իր կնոջը՝Ալեքսանդրային, նա նույնպես հետագայում հայտնվել է պատժամիջոցների տակ)։ 2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում «Ֆոսարգո»-ի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է։ Մազեպինը կանխատեսում է, որ այս տարի «Ուրալխիմ»-ի շահույթը կկազմի 3,8 միլիարդ դոլար, իսկ «Եվրոխիմ»-ն ունեցել է զուտ շահույթի գրեթե հինգ անգամ աճ: 

Ի դեպ, «Ֆոսարգո»-ի սեփականատեր Գուրևը դարձավ միակ ռուսաստանցի միլիարդատերը, ում հաջողվեց զգալիորեն մեծացնել իր կարողությունը. օլիգարխը հարստացավ 1,2 միլիարդ դոլարով: Եկամտի աճը կապված է պարարտանյութերի գների աճի հետ, որոնց պահանջարկը մեծացել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ 2022 թ․ սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարեց, որ պարարտանյութերի արտահանման բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն։

Պավել Դուրով

«ВКонтакте»-ի համահիմնադիրը, օգտագործելով իր անձնական օրինակը, ռուսական ՏՏ ոլորտին իսկական «մաստեր կլաս» տվեց, թե ինչպես օգտվել արտագաղթից և արտերկրում բիզնես հիմնելուց։ Դուրովը մեծ բարձունքների է հասել հենց Ռուսաստանից հեռանալուց հետո։ Ինքը՝ գործարարը, հրաժարվել է ռուսական անձնագրից և այժմ ունի երեք քաղաքացիություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Սենթ Քիթս և Նևիս ու Ֆրանսիա։ 15,1 միլիարդ դոլար կարողությամբ Դուրովը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Էմիրությունների ամենահարուստ մարդը։ Պավելի գլխավոր մտահղացումը՝ Telegram մեսենջերը, 2022 թվականին վերջապես ապահովեց ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային խաղացողի կարգավիճակ։ Հավելվածի լսարանը հասել է ավելի քան 700 միլիոնի, ինչը հիանալի կերպով համընկավ գովազդի և պրեմիում վճարովի բաժանորդագրությունների մեկնարկի հետ: 

Եթե մինչև 2022 թվականը շատ մարդիկ Telegram-ը կապում էին կասկածելի տեղեկատվության հետ, որը ոչ ոք հաճախ չէր կարողանում ստուգել, ապա Ուկրաինայի հետ պատերազմը և ռուսական իշխանությունների կողմից խիստ գրաքննությունը հավելվածը դարձրեցին գործնականում օբյեկտիվ տեղեկատվության միակ աղբյուրը, թե ինչ է կատարվում ճակատում։