Կրթությունն ու առողջապահությունը թանկացնում են, իսկ իրենց պարգեւավճարներին ձեռք չեն տալիս

Կրթությունն ու առողջապահությունը թանկացնում են, իսկ իրենց պարգեւավճարներին ձեռք չեն տալիս

Կառավարությունը պատրաստվում է առողջապահության, կրթության եւ գյուղատնտեսության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով: Նպատակը, ինչպես հայտարարում են, կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի պատճառով առաջացած հարկային ճեղքի կրճատումն է: Նոր օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի  մայիսի կեսերին: Ի՞նչ հետեւանքներ կունենա հարկային այս «ծանրացումը» ոլորտների վրա, ինչպե՞ս կանդրադառնա մարդկանց առանց այն էլ ծանր, սթրեսային կյանքի վրա: Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը, մեր հարցերին պատասխանելով, շեշտեց, որ, փաստորեն, հարկում են սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող երկու ոլորտները՝ կրթությունն  ու առողջապահությունը, որոնք տարիներ շարունակ օգտվել են արտոնություններից: «Սրանց խելքին չի հասնում, որ տրված արտոնությունները հենց այնպես չեն, այլ կարեւոր սոցիալական նշանակություն ունեին: Համավարակը հաղթահարված չէ, առողջապահական ծառայությունները մեր երկրում ունեն մատչելիության լուրջ խնդիր:

Եթե նկատենք նաեւ հիվանդացության ու մահացության բարձր մակարդակը, էսպիսի իրավիճակում երբ որ դրանք հարկեն նաեւ ԱԱՀ-ով, ապա 20 տոկոսով կթանկանան»: Թադեւոսյանը երկու օրինակ է բերում: Թոքի հետազոտությունն այսօր արժե միջինը 25 հազար դրամ: Հասկանալի է, որ բուժհիմնարկն ԱԱՀ-ով հարկելու դեպքում այս ծառայության գինը 20 տոկոսով կբարձրանա, կարժենա 30 հազար: «Եթե մարդն էսօր իր սառնարանը վաճառելով կարողանում է իր երեխայի ուսման վարձը վճարել, դրա հնարավորությունից էլ կզրկվի, մինչդեռ սրանք պատեհ-անպատեհ խոսում են գիտելիքահեն տնտեսություն զարգացնելու մասին»,- ասում է տնտեսագետը:

Հասկանալի է, որ եթե տնտեսությունը կրճատվում է երկնիշին մոտ, ու դրա չափ կրճատվում են հարկային մուտքերը, եւ, ինչը շատ կարեւոր է, լրացուցիչ սոցիալական ծախսեր են ավելացրել կորոնավիրուսի, պատերազմի եւ ձախողված կառավարման հետեւանքով, ապա պետք է փնտրել եկամուտների աղբյուրներ: Սակայն իշխանությունը, ըստ Թադեւոս Ավետիսյանի, նորից գնացել է ամենատրիվիալ, անարդյունավետ, վայրի լիբերալիզմի ճանապարհով՝ մեծացնում է արտաքին պարտքը, հարկում է բոլորին անուղղակի հարկերով: «Դա, իհարկե, իրենց խմբակի վրա չի ազդի, որովհետեւ նրանք իրենց աշխատավարձի կրկնակի չափով պարգեւատրվում են»,- վստահեցնում է Թադեւոս Ավետիսյանը՝ հիշեցնելով նաեւ պոպուլիստ կառավարության մյուս «վայրի» քայլերը. 2020 թվականի հունվարի 1-ից համահարթեցրին եկամտահարկը եւ հանեցին սոցիալական կոմպոնենտը, ավելացրին գույքահարկը, որի արդյունքում մարդիկ, ովքեր իրենց պապենական տներում՝ կենտրոնում ապրում են, կանգնեցին 6-7 անգամ ավելի բարձր հարկ վճարելու անհրաժեշտության առաջ: «Կառավարությունը դրժում է բոլոր այն խոստումները, որոնք տալով՝ մոտ 70 տոկոս ձայն էր ստացել»,- ասում է տնտեսագետը։