Ադրբեջանում հիստերիա է

Ադրբեջանում հիստերիա է

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը եւ այլեւս ոչ մի մեկնաբանություն չի անելու: Իր դեմարշը նա պատճառաբանել է Շուշիում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արորղության նկատմամբ Ադրբեջանի պատկան մարմինների անտարբերությամբ: Միջոցառումից ժամեր առաջ նա ԱԳՆ-ին եւ պաշտպանության նախարարություններին հորդորել է անհապաղ համատեղ հայտարարությամբ հանդես գալ եւ իրազեկել, որ Ադրբեջանը դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ այսուհետեւ ինքնուրույն է որոշելու անելիքը: «Եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ Ադրբեջանը կապիտուլյացիա է ենթարկվում: Դրանից հետո մեր արտգործնախարարը թող լաչակ կապի եւ գնա բանակցությունների»- ամփոփել է Ջաֆարովը, որ տասնամյակներ ի վեր իշխող վարչախմբի քարոզիչներից մեկն է:

Ադրբեջանում կա՞ բանակցություններից դուրս գալու  հանրային պահանջ, թե Ջաֆարովն արտահայտում է ներիշխանական խմբերից մեկի տեսակե՞տը: Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ արդեն Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բանակցությունները խզելու մասին ակնարկ իսկ չկա: Ո՞րն է քարոզչա-տեղեկատվական հիստերիայի պատճառը: Դա իշխանությա՞ն պատվերն է: Իսկ գուցե Ալիեւը կորցնու՞մ է մամուլը եւ հանրային տրամադրությունները տոտալ վերահսկողության տակ պահելու լծակները: