«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նոր ուստարում կպահպանվի

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նոր ուստարում կպահպանվի

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նոր ուսումնական տարում կպահպանվի, քանի որ հանրակրթության պետական չափորոշիչի նախագծով ամրագրված է, որ այն նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարուց։ «Առարկայացանկի փոփոխությունների մասին մենք խոսելու ենք 2022-23 ուսումնական տարվա համար»,- նախօրեին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով հանրակրթության բովանդակության փոփոխություն չի համարում եկեղեցու պատմության եւ հայոց պատմության համադրումը։

«Ճիշտ չեմ կարծում այդ գործընթացն այդպես համարել։ Մենք ընդամենը խոսել ենք այն մասին, որ եկեղեցու պատմությունը հայոց ընդհանուր պատմության մի մասն է եւ պետք է արտացոլված լինի հայոց պատմության շրջանակներում։ Դա չի նշանակում 2 առարկաների համադրում, այլ ընդամենը՝ հայոց պատմության ամբողջական ներկայացում, ինչը որ արվել է հայոց պատմության չափորոշիչի վերանայման ընթացքում։ Առարկայական չափորոշիչը դեռեւս գտնվում է լրամշակման փուլում, եւ մենք դրա արդյունքում կկարողանանք ավելի բարելավված եւ վերջնական տարբերակի գալ, որը կփորձարկվի եւ փորձարկման արդյունքներով եւս մեկ անգամ լրամշակվելուց հետո կներառվի 2022-23 ուսումնական տարվա առարկայացանկում»։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներին ապա, ըստ փոխնախարարի, մինչեւ 2022-23-ը նրանք հնարավորություն կունենան վերապատրաստվելու, ինչպես բոլոր ուսուցիչները, եւ կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշիչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում։