«Հրապարակ». 18 տարվա մեջ ոչինչ չի փոխվել` Վճռաբեկը նույն գորշ զոնան է
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունենալու Վճռաբեկ դատարանի նորընտիր անդամներ Հայկ Գրիգորյանի եւ Վիգեն Քոչարյանի երդմնակալության արարողությունը։ Նրանք վճռաբեկ են գնում Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից, որտեղ հիմնովին ապացուցել են այս իշխանություններին իրենց նվիրվածությունը: Հիշեցնենք․ ավելի վաղ ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Լիպարիտ Մելիքջանյանը եւս ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։
Եռաստիճան դատական համակարգի երրորդ` ամենակարեւոր ատյանից դժգոհություններ մշտապես են եղել․ այն մեծ դժվարությամբ է որեւէ գործ վարույթ ընդունում, վերցնելու դեպքում էլ դատախազական կամ իշխանական այլ օղակներից ստացած հրահանգներով է որոշումներ կայացնում։ Վճռաբեկում միշտ կարող են բեկանվել մյուս երկու ատյաններում կայացված «անցանկալի» որոշումները եւ «շտկվել» այդ ատյանների թույլ տված «սխալները», եթե նրանք իշխանությունների կամքին ոչ հաճո վճիռներ են կայացրել:
Հայտնի փաստաբան, երկար տարիներ դատական համակարգի դեմ կռիվ տված Հայկ Ալումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ նախկինում էլ, այժմ էլ վճռաբեկի կողմից վարույթ ընդունելու ընթացակարգը բացարձակապես ստվերի մեջ է եղել, հնարավոր չէ կանխատեսել՝ վճռաբեկը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ։ Դա, այսպես ասած, գորշ զոնա է, որտեղ հնարավոր են ցանկացած տեսակի չարաշահումներ։ «Խնդիրն այն է, որ եթե վճռաբեկ վարույթներն ընդունվում կամ չեն ընդունվում կամայականորեն, դա արդեն չի կարող համարվել արդար քննություն, արդարության սկզբունքը խաթարված է ի սկզբանե՝ վարույթ ընդունել-չընդունելու փուլում։ 2006 թվականից Վճռաբեկ դատարանում ոչ մի բան չի փոխվել, ինչպես եղել է անկանխատեսելի, կամայական որոշումներ ընդունող եւ մշտապես դատախազության օգտին գործող ատյան, այնպես էլ մնացել է»։
- Վարույթ չընդունելու որոշումը չի՞ հիմնավորվում։
- Ոչ, հիմնավորում չկա, գոյություն չունի, իրենք գրում են՝ «այս» բաներն է ասել բողոք բերող անձը, եւ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չպետք է վարույթ ընդունի, քանի որ չի համապատասխանում օրենքի չափանիշներին։ Սահմանադրական դատարանը երբ ասաց, որ վարույթ ընդունելու-մերժելու որոշումները պետք է պատճառաբանեն, ՍԴ-ն իր հերթին մեծ սխալ թույլ տվեց, որովհետեւ ՍԴ-ն չասաց՝ իրենք պետք է վարույթ ընդունելու մասին որոշումները պատճառաբանեն։ Եթե Վճռաբեկ դատարանը մի անգամ պատճառաբանի վարույթ ընդունելու մասին որոշումը, հաջորդ բողոքը գրելիս մենք կարող ենք ասել՝ հղում անելով այն որոշման վրա` այս բողոքն էլ պետք է վարույթ ընդունվի։ Բայց երբ վարույթ ընդունելու մասին որոշումը կարդում ենք, դրանք մի տող են, չունեն պատճառաբանական մաս։ Որքան հիշում եմ՝ 2006-ին օրենք ընդունվեց, որ վճռաբեկը կարող է վարույթ ընդունել կամ չընդունել, այդ ժամանակվանից, ինչպես ինքը եղել է կամայական որոշումներ կայացնող դատարան, այնպես էլ մնացել է։ Ցավոք սրտի, 18 տարվա մեջ ոչինչ չի փոխվել։
- Իսկ Ձեր գործերով քանի՞սն են ընդունվել վարույթ, որքա՞նն են մերժվել։
- Գերակշիռ մասը չի ընդունվել վարույթ։ Ես բողոք եմ բերում, վճռաբեկն ասում է՝ այն չի հասնում այն չափորոշիչին, որը, ի դեպ, գոյություն չունի, որ բողոքս վարույթ ընդունվի։ Առաջին միտքս ի՞նչ է, որ Վճռաբեկ դատարանն է ճիշտ` այն ամենաբարձր դատական ատյանն է, ես սխալվել եմ: Հետո՝ երկրորդ, երրորդ անգամ, ու սկսում եմ մտածել, որ ես միշտ սխալ եմ, վճռաբեկը միշտ ճիշտ է։ Հետո՝ տեսեք, թե ինչ է ստացվում․ այն գործերը, որոնք վարույթ չէին ընդունվել, քննվում են Եվրոպական դատարանում, բոլորը լուծվում են հօգուտ իմ պաշտպանյալների։ Հիմա ես ի՞նչ մտածեմ, էլի շարունակեմ մտածել, որ վճռաբեկը ճի՞շտ էր։ Արդեն սկսում եմ կասկածել՝ արդյոք վճռաբեկը ճի՞շտ էր, գուցե Եվրոպական դատարա՞նն էր ճիշտ, ե՞ս էի ճիշտ։ Ընդ որում, եթե նայեք Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացրած վճիռներին, կտեսնեք, որ դրանք այն գործերն են, որոնցով Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը չի էլ կարողացել գնահատել այդ գործի մեջ տեղի ունեցած սխալները։
- Երբ ՄԻԵԴ-ը ՀՀ-ի դեմ որոշում է կայացնում, եւ այնտեղ լինում է գումարային փոխհատուցում, ստացվում է, որ քաղաքացիների գրպանից վճարվում է կլորիկ գումար՝ նաեւ վճռաբեկի չքննելու պատճառով։
- Այո, այո․․․ Չգիտեմ ինչու՝ գտել են, որ Եվրոպական դատարանի վճիռներից հետո առաջին ատյանի կամ Վերաքննիչ դատարանի դատավորներին կարող են պատժել՝ առանց հաշվի առնելու, որ բոլոր այդ գործերը վճռաբեկով անցած գործեր են։
- Կարգապահական վարույթների միջոցո՞վ են պատժվում։
- Այո․․․ Ես չեմ տեսել, որ վճռաբեկի դատավորների համար հետեւանքներ առաջանան Եվրոպական դատարանի վճիռների պատճառով, այն էլ՝ այն դեպքում, երբ իրենք ամենապատասխանատուն են, որպեսզի այդ խախտումները չլինեն։
Կարծիքներ