Մտորումի խառը մտքեր

Մտորումի խառը մտքեր

Վերջին հինգ տարիների իրադարձությունների կտրվածքով՝ հայաստանյան քաղաքական մտքի ո՛չ զարգացվածությունը, քաղաքական դաշտի ո՛չ կայացվածությունը, ասել է թե՝ քաղաքացիական կեցվածքի, իրավագիտակցության եւ պետական մտածելակերպի համակցված չարաշահումը քաղաքակրթվածության ատավիզմի արգասիք է՝ իր դարն ապրած ֆիդայական հռետորաբանություն: Դրան նպաստեց «Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը որբ է» ասույթի գործի դնելը:

Հետեւանքները. անտարբերություն, անվստահություն, գրեթե չկա հանրային ընկալում (աշխուժություն է միայն գոյատեւման խնդիրներ կարգավորելիս): Պատճառների փնտրտուքը բերեց խառը, մոռացված մտքերի: 

 Մի փունջ այդ խառը մտքերից.
- Երբեք մեզ չերեւակայենք ժողովրդի ծառաներ, քանզի նա, ով իրեն հռչակում է ժողովրդի ծառա, ենթագիտակցորեն իրեն վեր է դասում ժողովրդից՝ նրան ծառայելը շնորհ նկատելով:
- Եթե երազենք, ապա ապագայի անսահմանության տիրույթում, բայց գործենք իրատեսության (պրագմատիզմի) սահմաններում:
- Որքան էլ տհաճ իրողություն է՝ պատմությունը քաղաքական կատեգորիա չէ:
- Նա, ով արհամարհում է ժամանակի գործոնը, պատժվում է հենց նույն ժամանակի ձեռքով:
- 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության կարեւորագույն գործոնները. ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ, երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը:
- Կա մի մոռացված ոսկե կանոն. Պետությունը որեւէ խնդիր իր քաղաքական օրակարգում կարող է դնել ու հետամուտ լինել միայն այն դեպքում, երբ դրա համար առկա են անհրաժեշտ ռեսուրսներ եւ համոզիչ հաշվարկներ:
- Բարոյականությունը հաճախ է որպես օրենք ի ցույց դրվում, սակայն բարոյականությունն օրենք չէ,  այլ՝ ձեռքբերովի բարեկրթության եւ բարեկեցության ցուցանիշ՝ շնորհ:
- Մարդասիրական (հումանիտար) օգնությունն առատ է լինում, որովհետեւ քաղաքականություն չէ:
- Ամեն ինչ չէ, որ կարող է լինել թավշյա, օրինակ՝ պատասխանատվությունը:
- Հայաստանում չկան մտավորականներ, կան մտավորականի տեղին հավակնող անբաններ:
- Երազանքի Հայաստանի պատկերացումը. ո՛չ լացկանների (բայղուշների), ո՛չ ոհմակների (թայֆաների), այլ՝ իրատես-շրջահայացների երկիր: 
– «Դանինգ-Կրյուգերի էֆեկտը» (ամերիկացի սոցիոլոգներ) տիպական է հայաստանյան իրականության համար. որքան ցածր է կոմպետենտության (իրազեկվածության) մակարդակը, այնքան մեծ է սեփական անսխալականության մեջ վստահությունը:
- Իրական խաղաղության մտապատկերի անխուսափելիությունը. այլ պետությունների դեսպանությունների օրինակով Երեւանում ծածանվում է Թուրքիայի դրոշը Հայաստանում Թուրքիայի դեսպանության շենքի մուտքին, Ադրբեջանի դրոշը՝ Հայաստանում Ադրբեջանի դեսպանության շենքի մուտքին, Արցախի դրոշը՝ Հայաստանում Արցախի Հանրապետության դեսպանության շենքի մուտքին: Ինչպես նաեւ սիմետրիկ իրադրությունը նշված երկրների մայրաքաղաքներում՝ ծածանվում են Հայաստանի դրոշները Հայաստանի Հանրապետության դեսպանությունների շենքերի մուտքերին:
- Եթե չլիներ 2008-ի ազգային զարթոնքը, չէր լինի 2018-ի թավշյա հեղափոխությունը: Եթե արյան մեջ չխեղդվեր 2008-ը, չէր լինի սպառազինումի սահմռկեցուցիչ մրցավազքը դրացի երկու երկրների միջեւ, չէին լինի 2016-ի, 2020-ի մեծ պատերազմները:

 Արամայիս Ասլանյան