Դատախազությունում գիշերները խաղաղ չեն

Դատախազությունում գիշերները խաղաղ չեն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործերը լավ չեն: Ասում են՝ մարդու ոտքի տակից հողը գնում է, եւ դանակավորն այնքան է շատացել, որ էլ՝ սուս: Բա կարծում եք հե՞շտ է ասել՝ քաղաքապետ Հայկոյի վրա նյութեր եմ պատրաստում: Քաղաքապետ Հայկոն, ոնց որ վարչապետ Նիկոլը, անձեռնմխելի է: Արթուր Դավթյանը չգիտե՞ր սա, որ մի հատ էլ Խաժակյանի հայտարարությունների հիման վրա նյութեր էր պատրաստում Հայկոյի դեմ: Երեւում է՝ արդեն զանգել են Դավթյանին, որովհետեւ, մեր տեղեկություններով, նա շտապել է ազատվել Հայկոյի «գործից» ու թղթերը փոխանցել է ոստիկանություն: Իսկ ոստիկանությունը, այ քեզ հաջողություն, ԺՊ-ի կարգավիճակով ղեկավարում է Հայկոյի ամենամոտ ընկերներից մեկը՝ Արման Սարգսյանը: Հայկոյի եւ Նիկոլի համար այդպես, թերեւս, ավելի հուսալի է:

Բայց այնպես էլ չէ, որ ամեն ինչ սկսվել է Հայկոյի «գործով»: Բոլորովին վերջերս, իսկ ավելի ստույգ՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ էին հավաքվել մի խումբ կին իրավապաշտպաններ եւ Արա Պապյանը: Ինչ էին պահանջում, լավ չհասկացա, միայն հիշում եմ, որ Արթուր Դավթյանին անվանեցին «Սերժի թերմացք»: Յուր բոտեքսով բոլորին հիացնող մի կին իրավապաշտպանի այդ «ինքնաբուխ» արտահայտությունից Արա Պապյանը, ինձ թվաց, վատ զգաց, բայց նա շատ արագ վերագտավ ինքնատիրապետումը եւ սկսեց ինտերվյու տալ այնտեղ գտնվող միակ լրատվամիջոցին: Գուշակեք, թե ում լրատվամիջոցն էր դա, որ սկզբից մինչեւ վերջ օնլայն ռեժիմով հեռարձակեց այդ «զարհուրելի» ակցիան: Այո, դուք ճիշտ եք, Արման Բաբաջանյանի: Մեկնաբանությունը, ինչպես ասում են, ավելորդ է:

Իսկ հիմա՝ դանակավորի մասին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե հետհեղափոխական Հայաստանում քանի մարդ կուզենար գլխավոր դատախազ աշխատել: Ներսի «մասնագետներին» չենք հաշվում դեռ: Խոսքը փողոցի պողոսների մասին է, որոնց թվում է, թե ամենահարմարը հենց իրենք են: ՀՀ իշխանություններն այնքան են էժանացրել իրավապահ մարմինների ղեկավարների պաշտոնները, այնպես են խայտառակել ուժային կառույցները, որ հենց մի պողոս շարժում է անում, մտածում ենք,  որ հենց նա է ապագա թեկնածուն: Այսօր ակտիվորեն շրջանառում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը՝ նշելով, որ նա ոչ միայն իր դատախազական ստաժն է ուզում վերականգնել եւ բարձր թոշակ ստանալ, այլեւ նստել Արթուր Դավթյանի տեղը: Մի կողմից՝ մարդու հավատ չի գալիս, բայց մյուս կողմից էլ՝ ՀԱԿ-ի գրոհը Փաշինյանի վրա նոր բան չէ:

Տերպետրոսյանական շոշափուկները հասել են մինչեւ Փաշինյանի աշխատակազմ եւ տարածվելու միտում ունեն: Իսկ ինչո՞վ է վատ Արթուր Դավթյանի պաշտոնը… Գլխավոր դատախազն այն մարդն է, որ ում վրա ասես, կարող է գործ սարքել, ձերբակալության եւ խուզարկության սանկցիաներ տալ, մտնել ԱԺ եւ պահանջել, որ հանձնեն ժողովրդի ընտրյալին: Վերջապես գլխավոր դատախազին են վերապահված 100 տարվա մեռելներ փորփրելու լայն հնարավորություններ: Հազարավոր փակված գործեր կան, որ կարող է վերաբացել միայն գլխավոր դատախազը: Ջհանգիրյանը պատահաբա՞ր է հայտնվել այս գծի վրա: Հազիվ թե: Խառը ժամանակներ են, ի՞նչ իմանաս, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը, մյուս օրը, արդյոք չի՞ հայտնվի նոր մարդ, կամ հենց Արթուր Դավթյանը չի՞ դառնա այն դատախազը, որ արդեն նոր ղեկավարության օրոք քրեական բնույթի քաղաքական հալածանքներ կսանձազերծի հեղափոխականների նկատմամբ:

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն այս պատմության մեջ: Դժգո՞հ է նա Արթուր Դավթյանի աշխատանքից, թե՞ Դավթյանն իրոք նրա սրտի դատախազն է եւ ամեն ինչ կանի, որ վերջինիս գլխից մազ չպակասի: Իմ համեստ կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը հատուկ պատճառներ չունի Արթուր Դավթյանի աշխատանքը բարձր գնահատելու: Այլ խոսքով՝ Դավթյանը մի այնպիսի բան չի արել, որ Փաշինյանը զարմանար: Ո՛չ բարեփոխումներ կան դատախազության համակարգում, ո՛չ էլ կտրուկ շրջադարձեր: Ամեն ինչ նույնն է այնտեղ: Եթե դրան ավելացնենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ չբացահայտվող գործը եւ իրավապահների ապիկարության պատճառով Քոչարյանին «շնորհված» քաղբանտարկյալի կարգավիճակը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը նույնիսկ շատ դժգոհ է Արթուր Դավթյանից: Բայց… մենք շատ լավ գիտենք, թե ով առաջինն ասաց՝ բռնենք Քոչարյանին, ով առաջինը մտածեց՝ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման փորձի համար, ով պնդեց, որ Քոչարյանին կալանավորեն, ով է մինչ օրս Փաշինյանին վախեցնում Քոչարյանով եւ ստիպում նրան պահել կալանքի տակ: Հիշենք նաեւ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը «չարիք» անվանեց ՀՀ առաջին նախագահին:

Դա փորձ չէ՞ր, արդյոք, ազատվելու Տեր-Պետրոսյանի ստվերից:  Փաշինյանի ինչի՞ն էր պետք դա: ՀԱԿ-ը շատ չոր պատասխանեց Փաշինյանին, բայց ոչ առանց մտավախությունների: Իսկ մեր կարծիքով՝ ՀԱԿ-ի մի մտավախությունն էլ այն էր, որ այսօր դատախազի աթոռին նստած մարդը Փաշինյանի ցուցումով կարող է վերաբացել նաեւ ՀՀՇ-ական իշխանությունների ժամանակների գործերը: