ՌԴ-Ուկրաինա նախապատերազմական վիճակ, որին մեծապես նպաստել է Թուրքիան 

ՌԴ-Ուկրաինա նախապատերազմական վիճակ, որին մեծապես նպաստել է Թուրքիան 

Դեկտեմբերի 7-ին  Բայդեն-Պուտին հեռավար հանդիպումից հետո Ուկրաինայի շուրջ թնջուկը, որը հաղորդակից անոթի էֆեկտով փոխկապակցված է մեզ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, չհանգուցալուծեց։ Այսինքն՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ առաջընթաց այդպես էլ չգրանցվեց։

Մինչ տեղի կունենար հանդիպումը, Սպիտակ տունը եղած հարցուպատասխանի ժամանակ շեշտել էր, որ նախագահ Պուտինին հղվելիք ուղերձը համակարգված է լինելու «դաշնակցային միասնությամբ և ամուր տրանսատլանտյան համերաշխությամբ»։ Ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության։

Ասվել էր․ «Նա (Բայդենը) կհասկացնի, որ մեծ գին պետք կլինի վճարել, եթե Ռուսաստանը որոշի գործել, բայց նաև կհասկացնի, որ դիվանագիտության միջոցով կա արդյունավետ ճանապարհ առաջընթացի համար»։ Իսկ եթե ոչ, ապա «ԱՄՆ-ն և դաշնակիցները կարձագանքեն կոշտ տնտեսական պատժամիջոցներով և այլ միջոցներով», քանի որ պատրաստ են, կրկին մեջբերենք, «ստիպել մեծ գին վճարել»։ Իսկ Կիևի ռուսամետ քաղաքական գործիչներն արդեն հայտարարում են, որ Ուկրաինան հունվարի վերջին պատրաստվում է ՌԴ-ի հետ ռազմական սադրանքի։ Այսկերպ սպանելով 2 նապաստակ․ նախ՝ Արևմուտքը, ստանալով,  ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առիթ,  կփորձի արգելափակել  «Հյուսիսային հոսք-2»-ը, իսկ Կիևի իշխանությունը կկարողանան պատերազմով արդարացնել մութն ու ցուրտը, որ սպասվում է։

Եթե, պատերազմն, այնուամենայնիվ սկսվի, որը, ամեն դեպքում ավելի քիչ հավանական է, ապա կարող ենք արձանագրել, որ դրանում այս կամ այն կերպ ներգրավված կլինի Թուրքիան, որը ինչպես օրերս հաղորդել էին ռուսական լրատվամիջները՝ հայտարարվածից շատ ավելի շատ «Բայրաքթարներ» է վաճառել Ուկրաինային և, ավելին, հեռուն գնացող հրթիռաշինական գործարքներ ունի այս երկրի հետ։ Իսկ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասում այս երկուսի ռազմավարական գործընկերությանը։

Արևելագիտության ինստիտուտի նախկին ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, Թուրքիան է նպաստել ռուս-ուկրաինական էսկալացիային։ Եվ պատահական չէ, որ ՌԴ-ն արդեն իսկ դժգոհություն հայտնել է Թուրքիայից (վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը խոսել էին հենց թուրքական անօդաչուներից) և այդ հանդիպումը նպատակ ուներ, որ այդ դժգոհությունը, որ կա ՌԴ-ի մոտ, դա մեղմեն։  «Նրանց հարաբերությունները բավականին վատացել էին, իհարկե, այնպես չէ, որ դրանք թշնամական էին, բայց ՌԴ-ի մոտ ինչ-որ․․․ արթնացել է ձգտում Թուրքիային մի քիչ ավելի սահմանների մեջ պահելու։  Եվ երկրորդ,  «Բայրաքթարների» առաքումը ոչ միան ՌԴ, այլև ՆԱՏՕ-ի մի շարք գործընկերների քննադատությունը հարուցեց, քանի որ դրանով էր, որ լրացուցիչ էսկալացիա հաղորդվեց ռուս-ուկրաինական հարաբերություններին»:

Նա չի էլ բացառում, որ սա Թուրքիան հատուկ է արել և իր սովորության համաձայն՝ էսկալացիայից հետո հանդես է գալիս միջնորդի դերում։ «Որը խայտառակություն է, իհարկե։ Բայց կարծում եմ՝ չի լինի, ՌԴ-ն չի համաձայնի։ Մենք պետք է լավ հասկանանք, որ ստրատեգիական առումով ՌԴ-ն ու Թուրքիան միշտ հակառակորդներ են՝ լինելով տակտիկապես միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ»,-ասում է թուրքագետը։

Ինչպես «Հրապարակին» փոխանցեց Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը՝ Ուկրաինայում ապրում է 500 հազար հայ։ Կոնկրետ պատերազմի հավանականությունը նա այնքան էլ մեծ չի համարում։ Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմական գործողությունների դեպքում, դա կանդրադառնա Հարավային Կովկասի վրա՝ Ադրբեջան-Հայաստան հնարավոր բախումների տեսքով, ապա Կիևի հայ համայնքի ղեկավարն ասաց․ «Իմ կարծիքով՝ Ալիևը Հայաստանի վրա կարա հարձակվի միայն ՌԴ թույլտվությամբ։ Ուրիշ ոչ մի բան»։

Հիշեցնենք, որ այս թեզը լայնորեն շրջանառում է Հայաստանում՝ արևմտամետ գործիչների շրջանում, որոնք Սոչիում Ալիևի տարօրինակ «խաղաղասիրությունըջ» պայմանավորում են նրանով, որ ՌԴ-ն Ալիևին հասկացնել է տվել՝ ինձ երկորդ թեժ կետ պետք չէ։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը համաձայն չէ։  «Հակառուսական քարոզիչների այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ-ն երբեք Ադրբեջանին քարտ բլանշ չի տվել, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա։ Ինչ վերաբերում է Ոուկրաինայի այս պահի իրավիճակին, ապա լարված է, իհարկե և Դոնեցկի ու Լուգանսկի մոտ ուկրաինացիները բավականին մեծ զորք են կուտակել, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն իր ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ուկրաինական ճգնաժամի վրա, Հայաստանի վրա ուշադրոթյուն չի դարձնելու և այստեղ ռազմական գործողություններ են հնարավոր։

ՌԴ-ն՝ և՛ Ուկրաինայում և՛ Անդրկովկասում և մնացած բոլորն տեղերում, որտեղ ունի շահ, նույն ջերմեռանդությամբ հետևում է այդ գործընթացներին և իր քաղաքականությունն իրականացնում։ Եվ մեկը մեկի հետ ոչ մի կապ չունեն»։