Շատ արտակարգ տղա էր, հեռուստացույցով լսեցինք, չհավատացինք

Շատ արտակարգ տղա էր, հեռուստացույցով լսեցինք, չհավատացինք

Երեկ «Էրեբունի պլազա» զենքով ներխուժած և 10 հոգու պատանդ պահած Արթուր Թորոսյանից հարևանները միայն լավն են տեսել։ Մենք այսօր այցելել էինք նրա բնակարան, որտեղ նրա մայրը՝ տիկին Հասմիկը, որին հարևանները Լալա են կոչում, շատ ծանր վիճակում էր և աղիողորմ լաց էր լինում։ Մոր հետ զրուցել մեզ չհաջողվեց, հարցուփորձ արեցինք հարևանուհիներից մեկին, նա մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուրը վերջերս տանը վերանորոգման աշխատանքներ է կատարել, մայրը հիվանդ է, աշխատում է Արտաշատի գրադարանում․

«Ես գիտեմ, որ մայրը գրադարանում է աշխատում, ես այստեղ նոր բնակիչ եմ։ Ինքը շատ լավ տղա է, ես ուղղակի շոկի մեջ եմ, թե ոնց է եղել էդ սեպքը, ես որ հեռուստացույցով էլ տեսա, չհավատացի։ Մայրը հիմա շատ ծանր հիվանդ է, պառկած է ինքը։ Ինչքան գիտեմ, տղան աշխատում էր, շատ խելոք տղա էր, անցներ-դառնար, բարև կտար, խելոք կանցներ, սուսուփուս, երեսիս էլ չէր նայի, արտակարգ տղա էր, ես վատը չեմ տեսել, ընդհանրապես չեմ տեսել։ Հորը չեմ ճանաչում, գիտեմ, որ շատ լավ ընտանիք են։ Իրենք երկուսով էին ապրում՝ մաման ու ինքը։ Որոշ ժամանակ առաջ վերանորոգում էր անում, վերջերս ավարտեց, ուրախացել էր, բայց դե էդ դեպքը ինչպես եղավ, ես ադպես էլ չհասկացա, ոչ մեկը ոչ մի բան չհասկացավ, ժողովուրդը շոկի մեջ է։ Ես իրենց տուն չեմ գնացել, ինչքան գիտեմ՝ ամուսնացած չէր։ Ես ոստիկաններ չեմ տեսել, մենակ երեկ հեռուստացույցով եմ լսել, այլ բան չեմ տեսել։

Մայրը ահագին ժամանակ չի աշխատել, որովհետև հիվանդ է, վերանորոգում անելուց հետո էլ չի աշխատել, չգիտեմ՝ բարեկամներ ունի՞, թե՞ ոչ, բայց շատ արտակարգ տղա էր, բացի բարև-բարի լույսից բացի ես իրենից ուրիշ վատ բան չեմ տեսել, էս վերջերս խանութում եմ հանդիպել, իր համար խելոք առևտուր էր անում»,- ասաց հարևանուհին։