Ցավը նա է, որ զոհեր էլ տվեցինք, հաղթանակ էլ չեղավ․ զոհված զինծառայողի մայր

Ցավը նա է, որ զոհեր էլ տվեցինք, հաղթանակ էլ չեղավ․ զոհված զինծառայողի մայր

«Իր նպատակն իր նկարչությունն էր, Լոռու մարզի Ջիլիզա գյուղում մեծ այգի էր ուզում հիմներ, արդեն ծառեր էր պավիրել՝ ընկույզի, հոնի հարյուրավոր ծառեր։ Բացի դա ուզում էր ընդլայնի եւ բիզնես ստեղծեր իր համար»,-28 ամյա պայմանագրային զինծառայող Գոռ Հակոբյանի չիրականացված երազանքների մասին պատմում է մայրը՝ Ալիսա Խասիկյանը՝ չզսպելով արցունքները։ Բացի ծառեր տնկելուց, լքված գյուղը Գոռն ուզում էր շենացնել եւ հայտնի դարձնել նաեւ արվեստով՝ նկարչությամբ։

Նա պայմանագրային զինծառայող է եղել սահմանապահ զորքերում։ Պատերազմը սկսելու ընթացքում աշխատանքի է եղել, մարտի դաշտ էլ մեկնել է նոյեմբերի 1-ին․ «Իրեն Մեղրիից տարել են դեպի Հորադիզի կողմերը։ Զոհվել է նոյեմբերի 8-ին։ Ինքը բանակից եկել է 2014 թվականին եւ մտել է պայմանագրային, անընդհատ այդ պայմանագիրը երկարացրել է։ Արդեն երրորդ պայմանագիրն էր երկարացրել։ Նա զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Ինքը երբեք ինձ ոչինչ չի ասել, ինձնից գաղտնի է գնացել, ուրիշից եմ իմացել։ Ես իրեն հարցրի՝ գնո՞ւմ ես, ասեց՝ չէ, հետո անջատեց հեռախոսը, հետո զանգի, ասի՝ Գոռ, ո՞ւր ես գնում, ասեց՝ մամ գնում եմ հայրենիքը պաշտպանելու։ Ինձ հետ խոսել է նոյեմբերի 8-ի առավոտյան 07։30, ոչ մի անգամ այդ ժամանակ չէր զանգում։ Զանգեց, 30 վայրկյան խոսեց, ասեց՝ մամ ջան, պինդ մնա, ամեն ինչ լավ ա, հաղթելու ենք ու ավարտվեց դրանով։ Ցավը նա է, որ զոհեր էլ տվեցինք, հաղթանակ էլ չեղավ, ոչինչ չեղավ»։

Մայրը պատմում է, որ ժամկետային ծառայությունն անցել է Արցախում․ «Երբ գնացի իրեն տեսակցության, անձամբ հրամանատարը ձեռքս բռնելով՝ շնորհակալություն հայտնեց ծառայության համար, բավականին պատվոգրեր ունի, ավագի կոչումով է եկել այնտեղից։ Այնտեղից եկել է, մտել է պայմանագրային ծառայության, դե հարցում են արել իր զորամաս, բավականին լավ տվյալներ էին հաղորդել, մի խոսքով՝ ընդունեցին, շատ լավ ծառայում էր, միշտ շնորհակալագրեր էր գալիս։ Էս վերջերս ստացավ գերազանց ծառայության կրծքանշան։ Իր զոհվելուց հետո իր ժամկետային ծառայության ընկերը գտել էր ինձ, գովեստի խոսքեր էր ասում»։

Ժամկետային ծառայության ժամանակ մորը բազմաթիվ հուսադրող նամակներ է ուղարկել, քանի որ հայրը մահացած էր, մայրը՝ միայնակ․ «Ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, դժվարությունները ետեւում են մնալու,  բանակից եկավ, ամեն խոսքը «մամ ջան»-ով սկսում էր, «մամ ջան»-ով՝ ավարտում։ Ինձ համար շատ դժվար էր, մահից հետո եկա Երեւան՝ մյուս որդուս մոտ, մենակ չէի կարողանում, հիմա հաճախակի եմ գնում գյուղ․ որդուս գերեզմանին կարոտում եմ։ Եռաբլուրում ես չուզեցի, ասացի՝ որդիս պիտի մնա իմ մոտ՝ գյուղում, էն էլ գյուղում ուժ չգտա ապրելու»։

Մասնագիտությամբ նկարիչ Գոռը մեկ անգամ ցուցահանդեսի է մասնակցել․ «Գերազանց ավարտել է մանկավարժական համալսարանի նկարչական բաժինը, բավականին  նկարներ ունի, անգամ ցուցահանդեսի է մասնակցել, էլի նկարներ էր պատրաստում, որ կրկին մասնակցի»։

«Ամեն ինչ մնաց կիսատ»,-զրույցը սահմանափակում է տիկին Ալիսան։