Շշկռված գերագույն գլխավորը

Շշկռված գերագույն գլխավորը

Այն, որ նախորդ օրը Սյունիքում Փաշինյանին պետք է մերժեին՝ ավելի քան սպասելի էր: Որ մերժումը պիտի ընդուներ հենց այն տեսքը, որը տեղի ունեցավ՝ ակնկալվում էր, քանի որ մարդիկ ապրում են ամենօրյա վախի մեջ: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր տներ են կորցրել: Այն, որ առավել ակտիվ մերժողներին պետք է խուլիգանության համար ձերբակալեին, կասկածի ենթակա չէր: Կասկածի ենթակա չէր նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլն օգտվելու էր դրանից ու փորձելու էր ձերբակալել նաեւ սյունեցի համայնքապետերին: Որ դա ներկայացվելու էր որպես Քոչարյանի կողմից կազմակերպված ակցիա՝ եւս կասկածի ենթակա չէր: Որ նիկոլամերձ եւ նիկոլապաշտ զոմբիները պետք է խոսեին բարոյականությունից՝ դա եւս սպասելի էր:

Նախորդ օրվա իրադարձությունները խիստ են անհանգստացրել ոչ միայն իշխանությանը, այլեւ նիկոլապաշտ զոմբիներին, եւ նրանք խոսում են, պատկերացնո՜ւմ եք, բարոյականությունից…
Իսկ նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցավ աննախադեպ եւ նույնիսկ աներեւակայելի բան. մարդիկ փողոցում ամենակեղտոտ ձեւով հայհոյում էին երկրի վարչապետին: Նրան, ում իրենք էին իշխանության բերել երեք տարի առաջ: Նրան, ով երկրում արդարություն հաստատելու եւ իրենց կյանքը բարեկեցիկ դարձնելու փոխարեն վերածեց դժոխքի: Ուրիշ բա՞ն էր սպասում մինչեւ ուղն ու ծուծը պոպուլիզմի մեջ խրված Նիկոլը: Ինքը չգիտե՞ր, որ իր ՈՉՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ու զոմբիներից բացի մնացած բոլորը հայհոյում եւ անիծում են իրեն: Անիծում եւ հայհոյում են ոչ միայն խոհանոցներում, այլեւ մնացած բոլոր հնարավոր վայրերում: Ու մի գեղեցիկ օր այն շպրտվելու էր իր երեսին: 

Իհարկե, իշխանական ողջ քարոզչամեքենան գործի է դրվելու (արդեն սկսել է) նախկիններին ու հատկապես ամենավտանգավոր նախկինին՝ Քոչարյանին, անվանարկելու ուղղությամբ: Բայց դա այսօր անիմաստ է, որովհետեւ դրա ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակիցը) լինելու է շատ ցածր: Որովհետեւ, ինչպես ասվեց, ՈՉՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ու զոմբիներից բացի մնացած բոլորը մտածում են ճիշտ այնպես, ինչպես փողոցում Նիկոլին մերժող սյունեցիները: Ուղղակի այսօրվա սյունեցիները ժառանգներն են 100 տարի առաջ Գարեգին Նժդեհի կազմակերպած «Դավիթբեկյան Ուխտերի» մասնակիցների, եւ այսօր իրենք են իրենց կաշվի վրա զգում դաժան պատերազմում մեր խայտառակ պարտության նաեւ կենցաղային հետեւանքները: Եվ հենց իրենք առաջինները Նիկոլի երեսին շպրտեցին այն, ինչ վաղուց բարձրաձայնվում է համարյա ամենուրեք մեր երկրում:  
Չեզոք դիտորդի կողմից ընկալվող իրադրության ողջ զավեշտը (իսկ մեզ համար՝ ողբերգականությունը) արտահայտվում է նրանում, որ տեղի ունեցածից համապատասխան հետեւություններ անելու փոխարեն Նիկոլը եւ նրա կողմնակիցները կրկնում են այն, ինչ արդեն չի ազդում մարդկանց վրա: Դա մեզ համար ողբերգականություն է, քանի որ նման արձագանքները վկայում են, որ ոչինչ չի փոխվում վերեւներում: Իսկ մենք էլ չենք կարողանում վերեւներին ցած նետել՝ ազատելով երկիրը վտանգավոր բալաստից:

Ինչեւէ, մեր երկրում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ, ու դրա մեղավորը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որ գիշերը գաղտագողի Սյունիք էր գնում: Մի հարցնող լինի՝ Սյունիք էր գնում, որ ի՞նչ աներ, այն էլ՝ գիշերը… Երեւի շշկռված էր… Իսկ Հայաստանի Հանրապետությանը շշկռված վարչապետ (կամ էլ գերագույն գլխավոր) հաստատ պետք չէ: Հայաստանի Հանրապետությանը պետք է խելացի, գրագետ եւ հայրենասեր անձնավորություն՝ նվիրյալների թիմով:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ