Եղունգ ունես՝ գլուխդ քորիր, պարոն Սինանյան

Եղունգ ունես՝ գլուխդ քորիր, պարոն Սինանյան

Թուրքերից ու ադրբեջանցիներից բացի մեր ազգային անվտանգությանն սպառնացող այլ ազգ ու ազգություն ես չգիտեմ: Զարեհ Սինանյանը, նշելով ընդամենը մեկ-երկու ազգ, որոնց համար Հայաստանը կարող է դառնալ հայրենիք, փաստորեն, մեխանիկորեն ընդլայնում է մեր ազգային անվտանգությանն սպառնացող ազգերի թիվը: Կուզենայի հասկանալ, թե ինչու հենց արաբների ու ասորիների համար պետք է Հայաստանը դառնա հայրենիք կամ երկրորդ հայենիք, եթե բելոռուսները, ռուսները, ուկրաինացիները, վրացիները, մոլդովացիները, ռումինացիները, լեհերը, չեխերը, գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները, սերբերը, սլովակները, իսպանացիները, կատալոնացիները, չուկչաները և մյուսները ոչ մի սպառնաիք չեն ներկայացնում մեր ազգային անվտանգությանը: Այս տեսանկյունից սփուռքի հարցերով ՀՀ վարչապետի հատուկ հանձնակատարի հայտարարությունը մեղմ ասած՝ անհասկանալի է, եթե չասենք՝ վիրավորական այլազգերի նկատմամբ: Իսկ եթե նա նկատի ունի Հայաստանը բազմազգ երկիր դարձնելն ու մեզանում բազմազգ երկրի մշակույթ ներդնելը, ապա, իմ կարծիքով նա ուշացել է և վրիպել՝ աչքաթող անելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, պատմականորեն, քրդերի, եզդիների, ռուսների, հրեաների, վրացիների, ասորիների և այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչների հայրենիքն է: Եվ, ընդհանրապես, կա՞ այսօր աշխարհում մի ազգություն (թուրք-ադրբեջանցիներից բացի), որի ներկայացուցիչը ցանկանա հաստատվել Հայաստանում, և նրան արգելվի դա անել՝ մերժեն քաղաքացիություն տալ կամ բիզնես ծավալելու իրավունք: Մեր իմանալով Հայաստանն ազատ երկիր է, իսկ թե ինչու օտարազգիները չեն ուզում հաստատվել Հայաստանում, դա արդեն այլ խնդիր է, որ կապ ունի մեր երկրի գրավչության հետ: Դուք կհաստատվեի՞ք մի երկրում, որ 30 տարուց ավելի է պատերազմական դրության մեջ է չորս հարևաններից առնվազն երկուսի հետ, որը ելք չունի դեպի ծով, իր փոքրիկ տարածքի մոտ 80 տոկոսի չափով լեռնային է, աղքատիկ է ընդերքով, զուրկ է էներգակիրներից, աչքի է ընկնում աշխատատեղերի սուր դեֆիցիտով, ունի աղքատիկ տնտեսություն, փոքրիկ շուկա և այլն: Իհարկե՝ ոչ:

Այս տեսանկյունից աշխարհում շատ ավելի հետաքրքիր երկրներ կան, որոնցում հաստատվել ձգտում են ոչ միայն արաբներն ու մյուսները, այլև հայերը՝ փախչելով իրենց «սրտի. Հայաստանից: Այնպիսի եկրներում կարելի է հայերի հանդիպել, որոնք իրենց կենսամակարդակով նույնիսկ զիջում են Հայաստանի Հանրապետությանը: Բայց մարդիկ գնում են, նրանց համար փաստացի հայրենիք են դառնում այդ երկրները, ձևավորվում են հայկական սփյուռքի նոր գաղութներ, որոնց ներկայացուցիչներն ուղղակի ատում են Հայաստանի Հանրապետությունը, որտեղ չեն կարողացել կառուցել իրենց ու իրենց երեխաների ապագան:

Դիցուք՝ արաբներին Հայաստան հրավիրող Զարեհ Սինանյանը տիրապետո՞ւմ է, արդյոք այն ինֆորմացիային, թե քանի՞ սիրիահայ ընտանիք Հայաստան ներգաղթելուց հետո արտագաղթեց եվրոպական երկրներ ու հատկապես Շվեդիա: Ինչո՞ւ նրանք չմնացին Հայաստանում, երբ նույնիսկ ազգային խնդիր ու լեզվական դժվարություններ չունեին: Գուցե այս հանգամանքը սփյուռքի հարցեով հատուկ հանձնբակատարին ստիպի՞ խորհել այն պատճառների մասին, որոնք նույնիսկ սփյուռքահայերին թույլ չեն տալիս հաստատվել Հայաստանում:
21-րդ դարում խոսել այն մասին, որ որևէ ազգ սպառնում է մեկ այլ ազգի ազգային անվտանգությանն, առնվազն ծիծաղելի է: Կրկնում եմ՝ թուրքերից ու ադրբեջանցիներից բացի ոչ մի ազգ մեր ազգային անվտանգության համար սպառնալիք չէ: Ազգերը չեն կարող սպառնալ միմյանց, եթե չլինի նորին մեծություն քաղաքական հաշվարկը, տնտեսական շահի համար ուրիշի հայրենիքներին տիրելու մորմոքը: Մնացած դեպքերում ազգային անվտանգության խնդիրները միանգամայն այլ ծագումնաբանութուն ունեն: Ազգային անվտանգության տիպիկ խնդիր է ապազգային իշխանությունը, որ մինչև ողնուծուծը վաճառված է օտարին, պատրաստ՝ փողի դիմաց կատարելու նրա ամեն մի ցուցում: Այդպիսի իշխանության լավագույն օրինակ է ՀՀ գործող կառավարությունը, որի մաս է կազմում նաև Զարեհ Սինանյանը: Արցախյան բանակցությունների տապալում, «Արցախը Հայաստան է և վերջ» կարգի ժամանակավրեպ անհոդաբաշխ ճղճղոց, սահմանադրական կարգի տապալում, կրթական համակարգի փլուզում, տնտեսական ավերներ, ազգային բարոյական նկարագրի աղճատում, սոցիալական խնդիրների բարձիթողի վիճակ, Հայաստանի ընդերքի գազանային շահագործում, բյուջեի մսխում աննախադեպ չափերով, օրենքով պաշտպանված բացահայտ թալան: Սրանք եմ մեր ազգային անվտանգությանը նետված մարտահրավերներն այսօր և ոչ թե մի քանի հարյուր արաբների հաստատվելը կամ ժամանակավորապես պատսպարվելը Հայաստանում:

Թող Սինանյանին չթվա, թե ինքն անմասն է այս ամենից: Ոչ: Մեզ համար ազգային անվտանգության խնդիր է նաև սփյուռքի հանձնակատարի գասենյակը, որ բացարձակապես ոչինչ չի անում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ ու զբաղված է բարձր աշխատավարձեր ու պագևատրություններ լափելով: Թող վիրավորական չհնչի, պարոն Սինանյան, բայց Դուք ուղղակի լափում եք այն միջոցները, որոնցով կարելի էր մի քանի սփյուռքահայ ընտանիքի համար տանելի պայմաններ ստեղծել Հայաստանում կամ Արցախում:
Այսօր ծանր իրավիճակում է հայտնվել լիբանանահայությունը՝ մեր ամենակենսունակ, ամենահարուստ և ամենաոգեղեն սփյուռքյան գաղութներից մեկն իր կառույցներով՝ ուսումնական հաստատություններով, ազգային կրոնական կենտրոնով, հրատարակչական տներով, հայկական կապիտալով ստեղծված հազարավոր գործատեղերով, Արցախին ու Հայաստանին օգնության իր բազմաթիվ ծրագրերով:

Հեշտ է, իհարկե լիբանանահայությանը մերկապարանոց կոչերով Հայաստան Հրավիրելը, ինչպես դա արվեց սիրիահայերի պարագայում, որոնք ուղղակի հայտնվել էին պատերազմական գործողությունների կենտրոում: Լիբանանի արագայում մեր հայրենակիցներին պետք սատար կանգնենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում և ֆինանսական՝ վստահ լինելով, որ մեր այդ տոկուն գաղութն իր մեջ ուժ կգտնի պահելու, վերականգնելու և էլ ավելի զարգացնելու վերջին ավելի քան 100 տարվա իր ձեռքբերումներն ու կարողությունները, որոնք անշուշտ համահայկական են բոլոր ընդգրկումներով: Այսրոպեական մեր խնդիրները թողած՝ սփյուռքի հանձնակատարը երազում է Հայաստանի Հանրապետությունն այլազգիների հայրենիք (ամենայն հարգանքով բոլոր ազգերի հանդեպ) դարձնելու մասին: Ժողովրդական խոսքն ասում է՝ քաճալը ճար ունենար, իր գլխին կաներ: Սինանյանի հոգսը, սակայն, պարզվում է, ոչ Հայաստանն է և ոչ էլ աշխարհասփյուռ հայությունը: Հոգս, որպես այդպիսին, այդ մարդը պարզապես չունի: Կարևորը նրա պարագայում պաշտոնն է, որ լավ աշխատավարձ ու եկամուտ է ապահովում: