Զոյա Թադևոսյանի աղջիկը՝ Տնտեսագիտականի նոր ռեկտո՞ր

Զոյա Թադևոսյանի աղջիկը՝ Տնտեսագիտականի նոր ռեկտո՞ր

Երեկ ուշ երեկոյան սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ տեղեկացնում է, որ տնտեսագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ փոխադարձ համաձայնության են եկել և Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը։ 

Մեզ հայտնի դարձավ, որ Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել  նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։ Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել , «Հրապարակն» էլ սրա մասին գրել էր։ 

Ինչպես ասաց մեր աղբյուրը, Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատմանը և Դիանա Գալոյանի նշանակմանը մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը 2008 թվականից մտերիմ է Զոյա Թադեւոսյանի եւ նրա դստեր՝ Դիանա Գալոյանի հետ։ 

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում շրջանավարտներին, ուսանողներին, առհասարակ, բոլոր շահառուներին աջակցել Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը, ինչպես նաև՝ ոչ մի պարագայում չեն ընդունի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալու պատճառն է դարձել դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրները։