Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետեւ երկրում քաղաքական ճգնաժամ չկա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետեւ երկրում քաղաքական ճգնաժամ չկա

«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը երեկ ի պատասխան Իշխան Սաղաթելյանի կոչին՝ հայտարարեց, թե չի պատրաստվում որեւէ ֆորմատով որեւէ քննարկման մասնակցել երկիրը «տարիներով քանդած, նախկին կոռումպացված եւ ազգադավ իշխանությունների ու նրանց մնացորդների հետ»։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման եւ որեւէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբեւէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք՝ պատժելու համար այն քաղաքական գործիչներին եւ գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրված իշխանության եւ քաղաքական ուժի հասցեին։ Հետեւաբար ես՝ որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը»։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ժամանակ տվեց իմքայլականներին, որպեսզի ցանկացած ֆորմատով հանդիպեն եւ բանակցեն՝ երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մենք զրուցեցինք Կարեն Սարուխանյանի հետ։ Նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք ժողովուրդն իրենց վստահության քվե տվե՞լ էր Արցախի ավելի քան 70 տոկոսը հանձնելու եւ 5 հազար զոհ տալու համար։ Սարուխանյանն ասաց, որ իրենք հայրենիք չեն հանձնել, իսկ պատերազմում պարտվել են, քանի որ նախկինները տարիներ շարունակ թալանել, ավիրել էին երկիրը։

- Էս մարդիկ ասում են՝ ուզում ենք գանք իշխանության եւ վերջ։ Նրանք ոչ ասում են՝ կչեղարկենք այդ համաձայնագիրը, կփրկենք այս իրադրությունը։ Իրենք ասում են՝ մենք գանք ու վերջ, իսկ մենք գիտենք, թե ինչ են արել իրենք երկիրը՝ իշխանության եղած ժամանակ։ Մեր ժողովուրդն ամենօրյա ռեժիմով մեզ դիմում է ու խնդրում, որ թույլ չտանք այդ 16 է, 20 է՝ կուսակցությունները գան, թե չէ իրենք կարտագաղթեն, մարդիկ մեզ մանդատ են տվել ու պահանջում են, որ հանկարծ նման բան թույլ չտանք։

- Բայց այս օրերին շատերն են ասում, որ եթե իշխանությունը չփոխվի, կարտագաղթեն։ Երկրորդ․ չե՞ք լսել, որ ընդդիմադիրներն ասում են՝ պարտված ղեկավարը չի կարող բանակցել, հենց այս օրերին թուրքն ու ռուսը մեր սահմաններն են գծում, իսկ մեր իշխանությունն այնքան վերջացած է, որ չի մասնակցում դրան։ Երրորդ․ նախկին իշխանության թալանչիներին, կոռուպցիոներներին, որոնց մասին երկուսուկես տարի է՝ խոսում եք, այդպես էլ չհայտնաբերեցիք, էլ չեմ ասում՝ հայրենիքը հանձնելուց վատ բա՞ն են արել։

- Ես ուզում եմ իմանալ՝ էդ ի՞նչ պիտի բանակցեն, եթե էդ հայտարարագրում հստակ ամեն ինչ գրված է։ Չկա նման բան, որ իրենք կարող էին անել, եւ գործող իշխանությունը չի անում։ Ես էլի կրկնում եմ՝ պատերազմի արդյունքում ստեղծված էմոցիոնալ ֆոնը այդ խումբն ուզում է շահարկել ու գալ իշխանության, կտրվել են իրենց ստեղծած նախկին լափամանից, հիմա ուզում են վերականգնել, էդ է, ուրիշ ցանկություն էդ մարդիկ չունեն։

- Դուք տեղյա՞կ եք, թե ովքեր են պահանջում Փաշինյանի հրաժարականը․ հանրության տարբեր խավեր, որոնք ամենեւին էլ Ձեր ասած լափամանի կարոտը չեն, ունեն աշխատանք, բավարար եկամուտ, բայցեւ հայրենիքի գիտակցում՝ կաթողիկոսներ, փաստաբաններ, մտավորականներ, գիտնականներ, համայնքապետեր եւ, ընդհանրապես՝ շարքային քաղաքացիներ, որոնք ցավ են ապրում, չեն համակերպվում հայրենիքի կորստի հետ։

- Ես պատրաստ եմ ցանկացած մեկի հետ քննարկել ցանկացած օրակարգ, բայց երբեք ես չեմ մասնակցի նախկին թալանչիների կամ նրանց հետ փոխկապակցված գործիչների հետ։

- Եթե Ձեր տրամաբանությամբ նայենք հարցին՝ թալանչի՞ն է վտանգավոր, թե՞ երկիր հանձնող, 5 հազար երիտասարդի մահվան հասցրած իշխանությունը։

- Թալանի արդյունքում է, որ մենք․․․ էդ դղյակները, որ կառուցել են, դրանցից հազարավոր սնարյադներ, փամփուշտներ կարելի էր գնել։
20 տարուց ավել երկիրն ավերել են, հիմա հելել, չգիտեմ, փողով մարդիկ են հանել հրապարակ։

- Սգո երթի մասին էլ էին ասում, որ փողով մարդկանց եք բերել հրապարակ։

- Սուտ են ասում, չի եղել նման բան, ես անձամբ որեւէ մեկին չեմ խնդրել, որ գա, ավելին՝ Գյումրիից շատերին տեսնելով երթին՝ ես զարմացել եմ։

- Դուք թալանածը վերադարձնելու, նոր սնարյադ ու փամփուշտ գնելու բավարար ժամանակ ունեիք՝ երկուսուկես տարի։

- Մենք արել ենք ամեն ինչ, որ մարդիկ խելքի գան, դարձի գան, բայց քանի որ շատերի մոտ չի ստացվել, գումարած՝ մենք ունեցել ենք այնպիսի դատական համակարգ, որը ռեալ փոխկապակցված է եղել իրենց հետ, դրա համար ունենք այս արդյունքը։

- Դատարանները պարտության հետ կապ չունեն, բայց, ենթադրենք՝ ՍԴ-ն զավթեցիք, նույնն էլ կարող էիք անել մնացածների հետ, թեպետ մենք հակառակն էլ ենք տեսել, թե ոնց են դատավորները սպասարկում ձեզ։

- Մենք հիմա շատ ավելի կոշտ մեխանիզմներով կլուծենք այդ բոլոր հարցերը, մի մտահոգվեք, որովհետեւ ժողովուրդն է պահանջում։

- Ի դեպ, 2016-ին Ձեր ասած թալանչիներին հաջողվեց կանգնեցնել ապրիլյան պատերազմը․ այսքան զոհեր չտվեցինք, տարածքներ չհանձնեցինք։

- Եվ ո՞վ է կանգնեցրել ու ինչպե՞ս։

- Ինչպե՞ս։

- Ուղղակի ժամանակ է խնդրվել ու վերջ։

- Գուցե ձեր իշխանությո՞ւնն էլ ժամանակ խնդրեր, ու այսքան զոհեր չլինեին։

- Մենք ինչո՞ւ խնդրեինք, եթե կռվել են։ Հայ զինվորը կռվել է, երբեք չի պարտվել։ Իր ուժերի ներածի չափով կռվել է, ինչի՞ համար գնայինք, ժամանակ խնդրեինք, ասեինք՝ մենք պարտվում ենք կամ պարտված ենք, ժամանա՞կ տվեք։

- Փաստորեն, մենք հիմա հաղթած ենք։

- Մենք չէինք անի դա, քանի որ հայ զինվորն ու հայկական բանակը կռվում էին։

- Այո, բանակը կռվում էր, կռվել է նաեւ 2016-ին, այլ հարց է, որ այսօր փորձում են բանակի վրա մեղքը գցել։

- Դե, այն ժամանակ էլ է կռվել, բայց իշխանությունները չեն վայելել լեգիտիմություն, իշխանությունը պահելու համար են խնդրվել։

- Լավ չէ՞, որ խնդրել են ու կարողացել են ե՛ւ իշխանություն պահել, ե՛ւ  տարածքներ,  ե՛ւ մեր տղաներին։ 

- Իսկ մենք ի՞նչ ենք ասել, վարչապետը  խորհրդարանում ելույթ ունեցավ եւ ասաց, որ հենց այսօր կարելի է կանգնեցնել, բայց մեզնից տարածքներ են ուզում։

- Այո, բայց դուք 45 օր խաբում էիք, եւ  պաշտպանության նախարարն էլ հայտարարում էր՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», բայց պատերազմի կեսից ձեզ տարբերակներ են առաջարկվել՝ պատերազմը կանգնեցնելու ու շատ ավելի հայանպաստ լուծման գնալու, քան այսօրվա հանգրվանն է։

- Դուք ի՞նչ եք կարծում՝ որեւէ մեկը համաձայն կլինե՞ր՝ գնայինք խնդրեինք կամ ինչ-որ ժամանակ ուզեինք։ Եթե թշնամին եկել ու նման լայնածավալ հարձակում է գործել, մենք պետք է կռվեինք, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ իրենք խնդրել են, որովհետեւ իմացել են, որ չեն կարողանալու, որովհետեւ 20 տարուց ավել թալանել են երկիրը, բանակը։

- Դուք նոր ասում էիք՝ նախկինները թալանել են, հետո՝ խաղաղություն են խնդրել, հիմա ասում եք՝ մենք չենք խնդրել, որովհետեւ մտածել ենք, որ պիտի կռվենք։ Բա որ թալանել էին, ինչո՞վ էիք կռվելու, ի՞նչ հույսով։

- Մենք երկուսուկես տարում շատ ավելի շատ զենք ենք ձեռք բերել, քան անցած տասը տարում։

- Ձեր գնած զենքերը եղել են մետաղի ջարդոն, անպիտան, այդ մասին Մովսես Հակոբյանը հայտարարեց։

- Սուտ է խոսում Մովսես Հակոբյանը, քրեական գործեր կան հարուցված, եւ կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը պատասխան կտա։

- Այո, պատասխան տալու ժամանակը կգա։ Հիմա չե՞ք կարծում, որ կատարվածի համար իշխանությունը պետք է նախեւառաջ քաղաքական պատասխանատվություն կրի ու հեռանա։

- Կգա այդ օրը, եւ ժողովուրդն իր գնահատականը կտա, եթե ժողովուրդը գտնի, որ իշխանությունը չպիտի լինի, մենք կհեռանանք։ Դա չի նշանակում, թե այսօրվա հրապարակի 1000-1500 հոգին են ժողովուրդը, ժողովուրդն էն ժողովուրդն էր, որը մի քանի օր առաջ երթի էր մասնակցում, էդ ժողովուրդն է, որը մի քանի օր մեզ աջակցություն էր հայտնում, որ ամեն օր մեզ խնդրում է՝  չտանք իշխանությունը նախկիններին․ էդ ժողովուրդը բերած, կաշառած ժողովուրդ չէ։

- Եթե Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի իշխանությունն ու վստահությունը, ինչո՞ւ Սյունիքի մարզում նրան չընդունեցին։ Ուղղաթիռով հասավ Սիսիան ու հետ եկավ։

- Ի՞նչ կապ ունի, թե ինչով էր գնացել, դրանով է նպատակահարմար գտել։ Վարչապետը խուսափեց մնացած համայնքները գնալ։ Համայնքի ղեկավարներից մի քանիսը՝ էն, որ հայտարարեցին, թե պահանջում են հրաժարականը, տեսաք հետո ինչ եղավ, ստիպված՝ պաշտոնապես հայտարարեցին, որ իրենց կարծիքն է։

- Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ոչինչ տեղի չի ունեցել, երկրում լարված մթնոլորտ չկա, որը լիցքաթափում է պահանջում։

- Երկրում լարված է, այո, որովհետեւ մի քանի նախկիններ ուզում են ռեւանշի հասնեն, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետեւ երկրում քաղաքական ճգնաժամ չկա։

- Դուք մտածում եք, որ մեր քաղաքացիների մեծ մասն անհայրենիք քաղքենիներ են ու կարող են հայրենիք կորցնել, բայց չցավե՞լ, չպահանջե՞լ ձախողված իշխանությունների հրաժարականը։

- Ես ինքս էլ եմ ցավում, բայց կրկնում եմ, որ այնտեղ կանգնածներն իշխանություն են ուզում։

- Մոռացեք հրապարակում կանգնածներին, շատերն օբյեկտիվ պատճառներով ձեր հրաժարականն են ուզում, բայց փողոց դուրս չեն գալիս, համարում եք, որ ամեն ինչ նորմա՞լ է։

- Խնդիր կա, եւ դա հասկանում ենք բոլորս, բայց մենք պատասխանատվություն ենք ստանձնում դա լուծելու։