Չի կարելի մատնվել խուճապի ու արագացնել դելիմիտացիայի գործընթացը

Չի կարելի մատնվել խուճապի ու արագացնել դելիմիտացիայի գործընթացը

Գողականներն ու խուլիգաններն ունեն ծեծելու պատրվակ ստեղծելու այսպիսի մի ձև: Նրանք անչափահաս և թուլակազմ մի լակոտի ուղարկում են ծեծվելու ենթակա ապագա զոհի մոտ և այդ թուլակազմը սկսում է սադրել նրան այնքան ժամանակ, մինչև որ զոհը չի դիմանում և մի ապտակ է տալիս սադրողին: Դրանից հետո հայտնվում են գողականներն ու խուլիգանները և ասելով՝ թույլ երեխա ես գտել ու նեղացնու՞մ ես, մի լավ ջարդ են տալիս իրենց կողմից թիրախավորված անձին: 

Քանի որ Հայաստանին որպես ապագա զոհ ընտրած պետությունների ղեկավարները հենց այդպիսի գողական օրենքներով ապրող խուլիգաններ են, պետք չէ խաբվել, թե հեշտությամբ հնարավոր է գերեվարել կամ ոչնչացնել այդ  ադրբեջանցիներին: Որովհետև դրանց հետևում կանգնած թուրքական և ադրբեջանական զինված ուժերը հենց դրան են սպասում, որ Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն: 

Տվյալ  պարագայում, քանի որ ՀՀ բանակն ի վիճակի չէ դիմակայել ադրբեջանական ու թուրքական միացյալ զինուժի հարձակմանը, մեր գեներալները ճիշտ են վարվում, որ չեն շտապում և ցանկանում են պարզել, թե ունե՞ն արդյոք դաշնակից ի դեմս ՀԱՊԿ-ի, թե՞ նրա օգնությունը «մի քանի ժամ ուշացումով» կգա, ինչպես որ եղավ Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Եթե քո բանակն ավելի թույլ է, վճռական ճակատամարտի տեղն ու ժամանակը պետք է ընտրես դու, այլ ոչ թե հակառակորդդ:  

Այդ 250 հոգին ոչինչ չեն որոշում, շտապելու կարիք չկա, նրանց միշտ էլ հնարավոր է գերևարել կամ ոչնչացնել: Բայց դա ճիշտ կլինի անել այն բանից հետո, երբ մենք համոզվենք, որ մեր թիկունքում հզոր ուժ և իրական աջակցություն կա: Իսկ մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում միանգամից մի քանի երկիր:

Երբ Բաքուն ու Անկարան համոզվեն, որ Երևանը միայնակ ու անպաշտպան չէ, նրանք ինքները ետ կկանչեն իրենց  «լակոտին»: Այդ պատճառով էլ չի կարելի մատնվել խուճապի ու արագացնել դելիմիտացիայի գործընթացը՝ ստորագրելով փաստաթուղթ այդ մասին: Հայաստանը խորհրդարանական պետություն է և վարչապետի ժամանակավոր պաշտոնատարն իրավունք չունի ստորագրելու այդպիսի վճռորոշ փաստաթղթեր առանց ՍԴ կարծիքը հարցնելու և այն  ԱԺ ներկայացնելու: Առավել ևս, որ շատ շուտով լինելու են ընտրություններ և չի բացառվում, որ վարչապետի պաշտոնին կնշանակվի մեկ ուրիշ անձ, որը նույնպես իրավունք չի ունենա ինքնակամ, այն էլ գաղտնի, ստորագրել նման փաստաթուղթ: 

Այդ շտապողականությունը չափազանց կասկածելի է այն բանից հետո, երբ նույնիսկ Հնդկաստանի կառավարությունն է սահմանախախտից պահանջում անհապաղ հեռացնել զորքն ու դադարեցնել հետագա սադրանքները: Ֆրանսիան և Իրանը նույնպես Բաքվից պահանջում են նույնը: Իսկ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այնքան է շահագրգռված, որ ինքն է զանգահարել և անընդունելի ու սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել Բաքվի ուժերը ՀՀ տարածքից:

Միգուցե հենց Ալիևն ու Էրդողա՞նն են մատնվել խուճապի, տեսնելով, թե որ երկրներն են պատրաստ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և որոշել են արագացնել դելիմիտացիայի հարցը: Ի դեպ, քանի որ իսկական «ընկերը երեւում է փորձանքի մեջ», հայաստանցիները հնարավորություն են ստացել պարզելու, թե ով է մեր իսկական ընկերը և ով է ձևանում ընկեր, չլինելով այդպիսին:

Գրիգոր Էմին-Տերյան