Կեղծ վերագրումներ

Կեղծ վերագրումներ

Հայտնի մարդկանց՝ արվեստագետներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին արվող՝ այս կամ այն մտքի, ասույթի, տողի եւ նույնիսկ ամբողջական ստեղծագործության հեղինակային կեղծ վերագրումներ միշտ եղել են։ Դրանցից զերծ չեն մնացել նաեւ համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետները։ Ամենահիշարժանը թերեւս կոլումբացի մեծ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին վերագրվող «Հրաժեշտի նամակ»-ի պատմությունն է։ Կենդանության օրոք տարբեր  գրական եւ ոչ գրական պարբերականներում հայտնված այդ կեղծիքի դեմ Մարկեսի ըմբոստությունն ի վերջո արդյունք չտվեց․ նա չկարողացավ ազատվել նամակի «հեղինակությունից», նրան նույնիսկ սեփական հեղինակավոր առարկությունները չօգնեցին։ Մեծ գրողի մահից հետո վերագրողների անհասկանալի բանակն այլեւս բացարձակ դարձավ անառարկելի․ Մարկեսն անդառնալի կերպով հռչակվեց իր կողմից չգրված նամակի հեղինակ։

Հայկական իրականությունում էլ այդօրինակ վերագրումների պակաս չի եղել,  սակայն դրանք խիստ ակտիվացան նոր՝ վիրտուալ միջավայրերում, իսկ դրանցից Ֆեյսբուքում՝ հատկապես։ 
Մեզանում անստույգ վերագրումների մշտական զոհերից է եղել (Օդնոկլասնիկիի եւ Ֆեյսբուքի հնաբնակները, կարծում եմ, կհաստատեն) Պարույր Սեւակը․ բանաստեղծին վերագրում են նույնիսկ ամենացածրաճաշակ ոտանավորներ, ասույթներ, որոնք ոչ միայն նսեմացնում են նրա պոետական արժանիքները, այլեւ ստեղծում են մի համատարած ռաբիս «իրավիճակ», որտեղ նույնանում են տաղանդավորն ու միջակը, օժտվածը եւ ապաշնորհը։

Պակաս տուժածներից չէ Համո Սահյանը, ում եւս վերագրվում են ոտանավորներ, քառատողեր ու տողեր, որոնց «հեղինակ» լինելու հրապարակային փաստումից կնեղանային նույնիսկ կատարյալ ապաշնորհները։

Ահավասիկ մի խոսք՝ այս հրապարակման բուն նյութը, որ համառորեն վերագրվում է մեծ բանաստեղծին, բայց որի հեղինակային պատկանելությանը խիստ կասկածում եմ.
 «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»:

 Իմ փնտրտուքը՝ գտնել այս խոսքի նախնական աղբյուրը՝ հարցազրույց կամ այլ բան, հաջողությամբ չպսակվեց, եւ ես շարունակում եմ զարմացած մնալ այն պնդումներից, թե բանաստեղծն այդպիսի միտք արտահայտել է։ Անհավատալի է, որ Սահյանը կարող էր այդպես քամահրանքով խոսել «անունը դրվածի»՝ հայրենիքի մասին։ Նույնիսկ դժվար է ընդունել, որ դա կարող էր լինել սովորական սրախոսություն, ինչով Սահյանն իսկապես աչքի ընկել է, բայց այդ սրախոսությունը ծնած հանգամանքներն ուղղակի անպատկերացնելի են։ Անպատկերացնելի է նաեւ քաջ որսկանի գյուլլի պես թռչող այդ խոսքի «թիրախը»՝ հայրենիքը, որին ակամա «խփում» է բանաստեղծը։

Այսօր, սակայն, որոշ մարդկանց հիշողությունը դարձյալ վերբեռնել է իբր սահյանական այդ միտքը, Ֆեյսբուքն էլ ակնհայտորեն լծվել է դրա հիշողությունը շատերի մոտ թարմացնելու գործին, ինչը պատերազմական մեր այս օրերում ոչ միայն բարոյական չէ, այլեւ վտանգավոր է։