100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց ես հավատում եմ 

100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց ես հավատում եմ 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին հարցրինք, թե կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի՝ «Այո»-ին միանալն ու Փաշինյանի հանրահավաքին հնչեցրած մտքերը կուսակցությա՞ն դիրքորոշումն են արտահայտում, թե՞ Արամ Սարգսյանի անձնական տեսակետներն են։ Հիշեցնենք, որ Սարգսյանը Փաշինյանի հանարահավաքին ելույթ էր ունեցել՝ ասելով, որ «ոչ»-ի հետևում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կանգնած․

«Ես «Հանրապետություն» կուսակցության անդամ էի, ես իմ անդամությունը կասեցրել եմ, Դուք այդ մասին Արամին Հարցրեք։ Արդեն 2-3 տարի է, ես իմ գործերով եմ զբաղվում, ես դարձել եմ ընդամենը համակիր, բարեկամ, եղբայր։ Ես ոչ մի բան չեմ ուզում ասել, Արամին զանգ տվեք, Արամին հարցրեք, ես այդ գործերում չկամ, Արամը շատ էլ սիրահոժար հարցազրույց է տալիս»,- պատասխանեց Աբրահամյանը։

Նրան հարցրինք, թե ի՞նչ է կարծում՝ քարոզարշավը ինչպե՞ս է ընթանում, և որքանով է հանրաքվեի դրված բուն հարցը շոշափվում վարչապետի ելույթներում․

«Այդ ամեն ինչը ուշացրել են, Սահմանադրական դատարանի հարցը վաղուց պետք է լուծեին, և ընդհանրապես դատական համակարգի հարցը»,- պատասխանեց Աբրահամյանը։

Ի՞նչ ձևով պետք է լուծեին՝ հարցրինք․

«Ամենակտրուկ ձևով, որովհետև նրանք նախորդ իշխանությունների կատարած բոլոր հանցագործությունների քաղաքական ապահովիչն են եղել, ամեն ինչ արել են էս ժողովրդի սոցիալական դեգրադացումը, երկրի թալանը, ամեն ինչն իրենք օրինականացրել են»։

Բայց եթե ՍԴ կազմը փոխվի ու նոր իշխանությանը հլու-հնազանդ մարդիկ նշանակվեն այնտեղ, մեր երկիրը կշահի՞ դրանից, Աբրահամյանը պատասխանեց․

«Գիտեք՝ ոչ մեկը ոչ մի 100 տոկոսանոց երաշխիք չի կարող տալ, բայց մեր երկրի անցած այդ դառը փորձը երևի նոր իշխանություններին էլ․․․ես հավատում եմ, որ երբեք այդ կարգի դակիչներ չեն լինի ,անկեղծ ասած»։

Հիշեցնենք, որ Սուրեն Աբրահամյանը որպես ՀՀ ՆԳ նախարար պաշտոնավարել  է 1999 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսները, այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարի պաշտոնում էր։