Մեզ բոլորիս կմնա անիծել այն սեւ օրը, երբ իշխանության բերեցինք անմեղսունակ դավաճանին

Մեզ բոլորիս կմնա անիծել այն սեւ օրը, երբ իշխանության բերեցինք անմեղսունակ դավաճանին

ՀՀ շուրջ 3 միլիոն բնակչությունից յուրաքանչյուրի անուն-ազգանունով թուրքը կամ ադրբեջանցին կարող է որոշակի գումարի դիմաց ձեռք բերել անձնագիր, իսկ ցանկության դեպքում՝ նաեւ դիվանագիտական անձնագիր: Դա է ցույց տալիս Ղազախստանի քաղաքացի, ժամանակին «Օրբելի» կենտրոնի միջազգայնագետ, 2019-ի նոյեմբերից ՀՀ-ից արտաքսված Անդրանիկ Հովհաննիսյանի մոտ Փաշինյան Նիկոլի անուն-ազգանունով ու նկարով հայաստանյան դիվանագիտական անձնագրի առկայությունը: ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, իսկ դիվանագիտական անձնագիր տրամադրելու հարցը կարգավորվում է վարչապետի եւ ԱԳՆ-ի միջնորդությամբ:

Եթե ԱԱԾ նախկին պետ «Քյարամովի» (ինչպես Արգիշտի Քյարամյանին են անվանել չեչեն ներկայացած ադրբեջանցիները) միջնորդությամբ ադրբեջանցին կարող էր ՀՀ վարչապետի անունով դիվանագիտական անձնագիր ստանալ, պետք է ենթադրել, որ դրա տրամադրման կարգը համակարգվում է հենց ԱԱԾ-ի կողմից: Իսկ ո՞վ էր Արգիշտի Քյարամյանին նշանակել ՀՀ ԱԱԾ ղեկավար: Իհարկե՝ 2018-ի ապրիլին իշխանության եկած Փաշինյան Նիկոլը, որ դեռեւս շարունակում է մնալ անգրագետ կենսազանգվածի «սրտի» վարչապետը: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է պաշտոնավարումը, Հայաստանի Հանրապետությունը գտնվելու է պերմանենտ (անընդհատ) վտանգի մեջ:
Սակայն պերմանենտ վտանգի մեջ է գտնվելու նաեւ յուրաքանչյուր հայաստանցի եւ այդ թվում՝ անմեղսունակ ու հայրենիքի դավաճան անձին դեռեւս աջակից անուղեղ զանգվածը: Ասեմ ինչպես․ ենթադրենք, իքս հայաստանցու անուն-ազգանունով մեկը Ռուսաստանում կամ այլ երկրում հանցագործություն է կատարում ու անհայտանում: Նրա անունով հայտարարվում է միջազգային հետախուզում, ու նրան հայտնաբերում են իր տանը, իսկ խեղճը՝ բանից բեխաբար, հանգիստ նստած հեռուստացույց է դիտում: Կամ՝ Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում իքս հայաստանցու անուն-ազգանունով մեկը խոշոր վարկ է վերցնում ու կրկին անհայտանում է, իսկ հետո «նրան գտնում են» կրկին իր տանը՝ կրկին բանից բեխաբար:

Ներկայացնեմ ավելի ֆանտաստիկ մի պատկեր․ ենթադրենք, որեւէ հայաստանցի ունի ինչ-որ սեփականություն՝ բնակարան կամ տուն կամ էլ խոշոր եւ կամ մանր-մունր անասուն, ապա կարող է հանգիստ զրկվել այդ ամենից, եթե մի որեւէ ադրբեջանցի վաղը իմանա դրա մասին ու ցանկանա ձեռք գցել այն: Իսկ ինչպե՞ս կիմանա դրա մասին՝ կհարցնեք դուք: Հեշտ եւ հանգիստ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բացված սահմանների ու հաղորդակցության ուղիների շնորհիվ հայաստանյան գործարարների հետ գործարար կապեր հաստատած թուրքաադրբեջանական ընկերությունների միջոցով:

Իսկ ինչպե՞ս կզրկվի: Դա էլ ասեմ. հավանելով, ասենք թե, ինչ-որ ունեցվածք՝ թուրքը կամ ադրբեջանցին ձեռք կբերի դրա տիրոջ անձնագիրը, իսկ այնուհետեւ կդիմի կադաստրի կոմիտե կամ մեկ այլ պետական մարմին՝ հայտարարելով, որ կորցրել է սեփականության իրավունքի թերթիկը, իսկ այնուհետեւ դրա միջոցով այդ ունեցվածքը կվաճառի մեկ այլ թուրքի կամ ադրբեջանցու: Իսկ ինչո՞ւ հենց թուրքի կամ ադրբեջանցու՝ կհարցնեք դուք: Որովհետեւ դա կլինի իր համար ամենահեշտ տարբերակը, հատկապես որ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող անձի քաղաքականության շնորհիվ հայաստանյան անշարժ կամ շարժական գույքի սեփականատերերը ոչ հեռու ապագայում կդառնան հենց թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես դա կատարվեց հարեւան Վրաստանում: Այդ հայաստանցին կզրկվի իր ունեցվածքից, իսկ մեզ բոլորիս կմնա անիծել այն սեւ օրը, երբ համարյա թե մեկ մարդու նման իշխանության բերեցինք անմեղսունակ դավաճանին:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ