ՊԵԿ աշխատակիցները կարող էին թույլ չտալ, որ խմի․ Բադասյան
«Հրապարակ»-ը գրել էր, որ օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլիացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն, բրազիլացուն առաջարկել են խմել այն։ Հեղուկը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հոդվածի առաջին մասով։ Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ՊԵԿ-ը փորձեց հերքել տեղեկությունը, ավելի հաստատելով այն, թե` չենք ստիպել խմի, կամովին է խմել։
Այս թեմայով «Հրապարակն» այսօր զրուցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։
-Բրազիլիայի քաղաքացին խմել է իր հետ Հայաստան բերած ձեռքի հեղուկը, ՊԵԿ աշխատակիցները ի՞նչ կարող էին անել, որ չեն արել։
-ՊԵԿ աշխատակիցները կարող էին աչալուրջ լինել, եւ թույլ չտալ, որ խմեր դա, կարող էին դա անել։
-Ձեր ղեկավարած կառույցի աշխատակիցները օդանավակայանում բրազիլացու ձեռքին տեսել են այդ հեղուկով շիշն ու առանձնացրել նրան՝ ի՞նչպես են փորձել հասկանալ դրա պարունակությունը։
-Որքանո՞վ կարող էին կանխել բրազիլացու կողմից հեղուկը խմելը, կպարզվի։
-Ինքներդ, որպես այդ կառույցի ղեկավար, կարգապահական որեւէ միջոցառում իրականացրե՞լ եք, պատժե՞լ եք իրենց գործում թերացած ծառայողներին։
-Եթե քրեական գործ կա, չենք կարող պատժել, երկու պրոցեսներն իրար հետ զուգահեռ չենք կարող անել։
-Իսկ փորձե՞լ եք պարզել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
-Իհարկե, հետաքրքրվել եմ, տեսել եմ տեսանյութերը, իմ կարծիքն ունեմ, բայց քանի որ քրեական վարույթ կա, չեմ ուզում իմ դիրքորոշումներով որեւէ մեկին կաշկանդել։
Կարծիքներ