Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը․ վարչապետի ակնարկը՝ Բաբաջանյանին

Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը․ վարչապետի ակնարկը՝ Բաբաջանյանին

ԱԺ ԼՀԿ խմբակցությունից անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխամի ժամանակ Ամուլսարի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցուպատասխանը բավականին ուշագրավ ընթացք ստացավ՝ փոխադարձ ակնարկներով ու ապտակներով լի։
«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը»,-հարց ուղղեց Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով նաև, որ երկու տարի է՝ վարչական դատարանում վիճարկվում է «Լիդիանին» տրված լիցենզիան։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց, որ Բաբաջանյանի արտաբերածն ավելի շատ պնդման էր նման, քան թե հարցի, ապա անցավ բուն պատասխանին։

«Ես, եթե թույլ կտաք, նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված Ձեր հարցից։ Ինչո՞ւ եք, օրինակ, Դուք կիսում նախորդ ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր։ Հիմա Ձեր ասածին ի պատասխան՝ ասեմ, որ իրականությունն այնպիսին չի, ինչպես Դուք նշում եք, որովհետև, եթե Դուք ուշադիր եք եղել իմ վերջին ուղիղ եթերին, այնտեղ հստակ նշված է, որ Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ ԵՎ իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հատուկ ընդգծեց, որ իրենք մշտապես հետամուտ են լինում ճշմարտության բացահայտմանը, և իր համար ճշմարտությունը, Հայաստանի ազգային և պետական շահը եղել և շարունակում է լինել առաջնահերթություն։

Ապա Նիկոլ Փաշինյանը մի յուրահատուկ ակնարկ արեց, որով կարծես փորձեց Արման Բաբաջանյանի պորտը տեղը դնել՝ նրա իսկ ձևակերպած հարցի ենթատեքստում։ «Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք արտադրամասը, էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ»,-ասաց վարչապետը։