Շուշիի հռչակագրով մեր եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում. Չավուշօղլուն հանդիպել է Սեյիդովի հետ

Շուշիի հռչակագրով մեր եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում. Չավուշօղլուն հանդիպել է Սեյիդովի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր ընդունել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատվիրակությանը, որը գլխավորել է միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը:

Ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան իր էջում։

«Հանդիպեցինք Ադրբեջանի Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի և պատվիրակության հետ: Շուշիի հռչակագրով մեր եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում բոլոր ոլորտներում», - գրել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Հուլիսի 13-ին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չագաթայ Քըլըչի հրավերով ՄՄ պատվիրակությունը Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահի Սամեդ Սեյիդովի գլխավորությամբ ժամանեց Անկարա՝ Ասիմ Մոլլազադե, Նիգար Արփադարա, Նասիբ Մահամալիև և Էրքին Գադիրլի կազմով», - գրել է «Ապա»-ն:

Հունիսի 21-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստին (Ստրասբուրգում է տեղի ունեցել) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ փորձել է քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։

Հուլիսի 1-ին «Հրապարակի» հետ զրույցում Զոհրաբյանն ասել էր, որ Սեյիդովը հայ գերիներին վերադարձնելու դիմաց մի քանի նախապայման էր առաջ քաշել։ «Մի քանի նախապայման ներկայացրեց, որոնցից մեկն այն էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինձ ուղղակի, շատ ուղիղ տեքստով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ասաց, որ «եթե ուզում եք քննարկենք ձեր տեռորիստների վերադարձի հարցը, բնականաբար, դատավճիռները լինելուց հետո, արե՛ք առաջին քայլը, ճանաչե՛ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար` Արցախի 75 տոկոսը ներառյալ։ Սկսե՛ք սահմանազատման և սահմանագծման գործընթաց խորհրդային քարտեզներով», - ասել էր Զոհրաբյանը։

Սեյիդովը նաև Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավարն է: