Խոսող նկարներ, եռաշերտ ցուցադրություն. Գանձայում բացվեց Վահան Տերյան ցուցասրահը (տեսանյութ)

Խոսող նկարներ, եռաշերտ ցուցադրություն. Գանձայում բացվեց Վահան Տերյան ցուցասրահը  (տեսանյութ)

Շուրջ մեկ տարի տևած տքնաջան աշխատանքից հետո, համավարակից բխող սահմանափակումների պայմաններում, վերջապես, Ջավախքի Գանձա գյուղում բացվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ցուցասրահը: Այն գտնվում է Տերյանի տուն-թանգարանի հարևանությամբ:

Ցուցասրահի հիմնանորոգումն ու բացումն ամբողջությամբ տեղի է ունեցել Ջավախքի աջակցություն հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի բարերարների ջանքերով հնարավոր է դարձել կյանքի կոչել այս ցուցասրահի բացումը: Ցուցասրահին կից նաև Տերյանի տուն-թանգարանն է գտնվում: ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք շատ հաջողված ցուցասրահ են ժողովրդին նվեր բերում, որը կառուցված է ժամանակակից թանգարանային արվեստի չափանիշներին համահունչ, որը լիովին ներդաշնակվում է Տերյանի պոեզիային:

Սահակյանի խոսքով` ՋԱՀ-ն առաջիկայում լծվելու է նաև Տերյանի տուն-թանգարանի` որպես հուշահամալիր, ամբողջական հիմնանորոգման աշխատանքներին, որպեսզի այն ևս այցելուներին ներկայանա ժամանակակից և նորաոճ տեսքով:

«Այս ամբողջ համալիրը` եկեղեցին, թանգարանը, ցուցասրահը միասին հետագայում երևի մշակութային կենտրոն դառնան»,-ասաց Սոս Սահակյանը` հույս հայտնելով, որ այն կարող է նաև տուրիստական վայր դառնալ, քանզի տարածքը մեծ է, և նպատակ ունենք նաև հյուրանոց կառուցել:

Ցուցասրահի կառուցման ճարտարապետներն են Հովհաննես Մութաֆյանն ու Շահանե Գևորգյանը, որոնք կարողացել են յուրօրինակ ժամանակից լուծումներ գտնել ցուցասրահում, օրինակ` պատկերասրահի եռաշերտ ցուցադրություն: Առաջին շերտով ինֆորմացիան արտացոլված է ապակիների մեջ, երկրորդ շերտը պատի վրա է արտահայտված, իսկ երրորդ շերտը խոսող նկարներ են, որոնք Arloopa ծրագրի միջոցով «կենդանանում են» և պատմում Տերյանի մասին, արտասանում Տերյանի տողերից: 

Մինչ ցուցասրահի բացման պաշտոնական արարողությունը, տեղի ունեցավ միջոցառում, խոսեցին կազմակերպիչները, պատմեցին աշխատանքների իրականացման մասին, ելույթ ունեցան մտավորականներ, Տերյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր կատարեցին Վահագ Ռաշը, Մուրադ Մալխասյանը: 


Վերջում հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի անունից շնորհակալագրեր հանձնեց հիմնադրամի այն բարերարներին, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել թանգարանի ու ցուցասրահի կառուցման աշխատանքների համար:

Շնորհակալագրեր ստացան Հովհաննես Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը, Դավիթ Մկոյանը, Պարույր Պալյանը, Դավիթ Մկոյանը, ինչպես նաև շնորհակալագիր հանձնվեց ՋԱՀ-ի գործընկեր Նինոծմինդայի մունիցիպալիտետին սագրեբուլոյին և շրջանային վարչությանը:

Մկոյանը իր խոսքում նաև նշեց, որ սրանով իրենք չեն ավարտում, այլ երկրորդ փուլն են սկսում, ուստի կոչ արեց բոլորին` անմասն չմնալ  և մասնակցել նաև երկրորդ փուլի` Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնմամ աշխատանքներին:
 

Մանրամասն՝ տեսանյութում