Բացարձակ ոչ մի հիմք չկա մեղադրանք առաջադրելու 

Բացարձակ ոչ մի հիմք չկա մեղադրանք առաջադրելու 

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան, միաժամանակ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սմբատյանն օժանդակել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար եւ վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երեւան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող եւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի (նախկին ԱՕԿՍ-ի շենքը) զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: 

Պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում՝ 550 հազար ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ. Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.մլն ՀՀ դրամի չափով: Իսկ մշակույթի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մենք կապ հաստատեցինք Արմեն Սմբատյանի հետ, ով չնայած չէր ցանկանում խոսել իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ, բայցեւայնպես, այս առիթով ասաց․ «Նախաքննությունը մեկ տարի է՝ արդեն շարունակվում է, եւ բոլոր հարցերը պարզել ենք»։ Քննչական կոմիտեից նշել են, որ կան բավարար հիմքեր։ «Բացարձակ, ոչ մի հիմք չկա»։ Այդ դեպքում ի՞նչ ապացույցների մասին է խոսքը։ «Չկա նման ապացույց, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը,-ասաց Սմբատյանն ու հավելեց,- նորմալ պրոցես է գնում, հազարումի հարցեր կան, ստուգում են, նայում են, բայց ինչ-որ հարցեր կան, որ իր վերջնակետին պետք է հասնի եւ ճիշտ ճանապարհով»։ 

Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանի հետ ունեցած իր հարաբերություններին, Սմբատյանը նշեց, որ կես տարի է՝ նրա հետ չի խոսել, միայն գիտի, որ վատառողջ է եւ Երեւանում չէ։ Ըստ մեր տեղեկությունների, նա այժմ Իտալիայում է։