Չէ, ոնց գցում, բռնում եմ՝ մերն ուրիշ է…

Չէ, ոնց գցում, բռնում եմ՝ մերն ուրիշ է…

Զարմանալի է, թե ինչ դաժան ճակատագրի գերի ենք՝ ինչ անում ենք՝ ստացվում է ուրիշ: Արցախյան առաջին ազատամարտում հաղթեցինք, հետո բողոքեցինք նախկինների, այսինքն՝ հաղթողների իշխանության դեմ ու ստացանք Փաշինյան Նիկոլ և պարտություն երկրորդ պատերազմում: Այլ երկրներում արտաքին թշնամու դեմ պատերազմում պարտություն կրած թիվ մեկ պատասխանտուն հեռանում է՝ մեզանում ինքը թիվ մեկ մեղավոր չի հանդիսանում և ոչ միայն հեռանալ չի պատրաստվում, այլև ատամներով պահում է իշխանությունը: Այլ երկրներում նման անհաջողությունից հետո զինվորականները փրկում են երկիրը նույնիսկ նորմալ իշխանությունից ռազմական հեղաշրջման միջոցով, իսկ հետո հանձնում են մեկ այլ, ավելի պատասխանատու իշխանությանը:

Մեզանում հեղաշրջում անելու փոխարեն զինված ուժերի ղեկավարությունը ընդամենը հայտարարություն է անում՝ պահանջելով անմեղսունակ իշխանության հեռացումը և բավարարվում դրանով: Հետո մեկ անգամ ևս հաստատում է, որ ինքն առաջնորդվել է սեփական կամքով և ոչ թե, ասենք, այլմոլորակայինների ուղղորդմամբ: Փողոցային շարժման ընդդիմությունը ոգևորվում է զինուժերի ղեկավարության հայտարարությունից ու փակում է խորհրդարանի մուտքը, որն արդեն ներսից պահպանվում է հատուկ ջոկատայիններով: Իսկ աթոռից կառչած իշխանությունը, բնականաբար, մեղադրում է ԶՈՒ ղեկավարությանը հեղաշրջման փորձի մեջ, և պահանջում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրաժարականը՝ համապատասխան առաջարկ անելով երկրի նախագահին: Երկրի նախագահն էլ հայտարարություն է տարածում, ասելով, որ վարչապետի կողմից «ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատումը սովորական կադրային փոփոխություն չէ», ու մեկ-երկու ակնարկ անելով՝ բավարարվում է դրանով: Չէ, ոնց գցում, բռնում եմ՝ մերն ուրիշ է…

Բայց քանի որ մերն ուրիշ է՝ իշխանությունն ի դեմս Փաշինյան Նիկոլի, չի բավարարվում ԶՈՒ ԳՇ պետին ազատելու գաղափարով, այլև ընդդիմության հանրահավաքին և երթին զուգահեռ կազմակերպում է սեփական հանրահավաքն ու երթը, սակայն հակառակ ուղղությամբ՝ վերհիշելով երեքամյա հնության երթերն ու քաղաքի բնակչությանը դիմելը: Արանքում չի մոռանում պախարակել սեփական «թավիշը» և խոստանում է վերացնել այն, սակայն հասկանալով, որ ԶՈՒ ղեկավարության հայտարարության շնորհիվ ներքաղաքական լարվածությունը կրկին սրվել է, խոստանում է արտահերթ ընտրությունների անցկացում: Ընդհանարապես, իշխանությունն, ի դեմս Փաշինյան Նիկոլի, անընդհատ վերադառնում է արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմային, երբ վարչապետի աթոռը սկսում է տատանվել, իսկ հետո, երբ թուլանում է լարվածությունը, հրաժարվում է դրանից:

Ժամանակին արդի լավագույն գրողներից Հրանտ Մաթևոսյանը նկարագրել էր արածող կովին, որի հորթին նախորդ օրն էին սպանդանոց տարել, և ասել էր, որ մարդն անասունից տարբերվում է հիշողության առկայությամբ: Հանրահավաքում Նիկոլը հայտարարում է, որ ինքը չէր ուզում իշխանություն, ու ժողովուրդը ստիպեց իրեն, ու ինքը համաձայնվեց: Ու Նիկոլի այդ խոսքն ընդունվում է «այո»-ներով, քանի որ նիկոլապաշտ հանրությունը մոռացել է 2018 թվականի ապրիլին Նիկոլի կատարած հայտարարությունը. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի»: Անդրադառնալով պարտությունից հետո, նոյեմբերի 10-ին հրաժարականի գաղափարին, Նիկոլն ասում է, որ ինքը մտածել է դրա մասին, սակայն, անսալով ժողովրդի պահանջին, մնացել է իշխանության գլխին: Ու Նիկոլի այդ խոսքը ևս ընդունվում է «այո»-ներով, քանի որ նիկոլապաշտ հանրությունը մոռացել է, որ ինքը մի քանի օր թաքնվել էր չգիտեմ որ բունկերում, ու նույն ձևով «իրքայլականներն» էին թաքնվել իրենց տներում: Իսկ եթե իսկապես նման մտադրություն ունենար, ապա նրանց հետ միասին կգնար խորհրդարան ու կկազմակերպեր քվեարկություն իր հրաժարականի վերաբերյալ: Եվ նրա հրաժարականը կա՛մ կընդունվեր, կա՛մ էլ կստանար «իրքայլականների» վստահության քվեն. սակայն չկատարվեց ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Չէ, ոնց գցում, բռնում եմ՝ մերն ուրիշ է…

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ