Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր

Մայրաքաղաքը հեղեղվում է՝ անձրեւն է մեղավոր, գուցե՝ ՍՍՀՄ-ը, որ ժամանակին ջրահեռացման այնպիսի համակարգ չի կառուցել, որ մի քանի հարյուր տարի ծառայի տասնապատիկ մեծացած քաղաքին։ Պատերազմ է սանձազերծվել, զոհեր ենք ունեցել, պարտություն ենք կրել՝ ագրեսորն է մեղավոր, մեկ էլ՝ մեր դաշնակիցը, որը լիարժեք չպաշտպանեց մեզ։ Արցախը հայաթափվեց՝ նորից մեր  դաշնակիցն է մեղավոր, ինչպես նաեւ՝ Արցախի վերջին իշխանությունը եւ Արցախում բնակվող հայությունը, որ չպայքարեցին, չմորթվեցին, այլ սահմանն անցնելով՝ ապաստան գտան Հայաստանում։ Ադրբեջանը հզորանում է, աշխարհի հետ դիվանագիտական նախանձելի հարաբերություններ է կառուցում, ստիպում է, որ իր ագրեսիան ոչ թե ագրեսիա, այլ պետական ամբողջականության վերականգնում ճանաչեն, նավթն ու գազն են մեղավոր, Արեւմուտքի՝ անատամությունը, Ռուսաստանի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը չեն աճում՝ ժողովուրդն է մեղավոր․ բավարար չափով չի աշխատում, հարկեր չի վճարում, բյուջեն չի մեծանում՝ սոցիալական քաղաքականությանը չի բավականացնում։ Հոսանքն անջատում են՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ջուրը կտրում են՝ «Վեոլիա ջուրը»։

Փողոցներում խցանումներ են՝ մեքենաների վարորդներն են մեղավոր։ Գները խանութներում բարձրանում են՝ բիզնեսմեններն են մեղավոր։ Սխալ տեղերում եւ վայրի կառուցապատում է ընթանում՝ կառուցապատողներն են մեղավոր։ Սերունդն անգրագետ է՝ ուսուցիչներն են մեղավոր, բուհերում դիմորդներ չկան՝ դասախոսներն են մեղավոր։ Շարքը կարող եք ինքներդ շարունակել։ Միշտ կարելի է մեղավոր գտնել։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետությունը, պետական կառույցները, կառավարությունը։ Ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ընտրում, կերակրում, եթե միշտ մեղավոր են ուրիշները։