Մոտենում ենք վերջնագծին

Մոտենում ենք վերջնագծին

Ոնց գցում-բռնում եմ, Փաշինյան Նիկոլն անշեղորեն առաջ է տանում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ Ռուսաստանի հետ թշնամանալու գործընթացը: Դրա ամենավերջին վկայությունը Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից նախորդ օրն ընդունված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումն է: Ըստ որի, Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Ինչը նշանակում է, որ դրան միանալու որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի: 

Ըստ «Հրապարակ»-ի հիշեցման էլ, այդ պարտավորություններն ընդունելու վերաբերյալ փաստաթուղը մեր հանրապետության ղեկավարության կողմից ստորագրվել էր դեռևս 1998 թվականին, սակայն քաղաքական նպատակահարմարության առումով այն ավարտին չէր հասցվում: Եվ միայն 2022-ի տարեվերջին էր նշված հարցով ՍԴ դիմել ՀՀ կառավարությունը: ՍԴ դիմելու հանգամանքը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից ներկայացվել էր որպես Լաչինի միջանցքն ապաշրջափակելու՝ Ադրբեջանին պարտավորեցնելու միջոց: Չնայած եթե Ադրբեջանը ցանկություն չունի վավերացնելու Հռոմի ստատուտը, ապա ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ դատարանի որոշումն այդ երկրի վրա՝ ենթադրաբար հայտնի էր միայն Կիրակոսյանին նման հիմնավորում առաջարկողին:

ՀՀ Ազգային ժողովում այդ համաձայնագրի վավերացմամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու կատարելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները: Իսկ ՄՔԴ-ի վերջին՝ հենց նախորդ շաբաթվա, որոշումներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների հարցերով ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր դուրս գրելն էր: Ենթադրաբար նախորդ տարեվերջին ՍԴ-ում հերթի դրված որոշման (փաստաթղթային հետազոտությունն էլ հետը) ժամկետը վրա էր հասել հենց այս օրերին: Կրկին ենթադրաբար ՍԴ-ից դրա վերաբերյալ տեղյակ են պահել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, և վերջին ասել է, որ ինքը չի խառնվում ՍԴ գործընթացներին: 

Այդպես է, չէ՞, վերջերս դատարանների առումով խոսում այն անձը, որ իշխանափոխությունից հետո զարմանում էր, թե Հայաստանում կարո՞ղ է գտնվել այնպիսի դատավոր, որ չկատարի իր հրահանգը: Կարելի էր ենթադրել, թե դրանից 3-4 տարի է անցել, և ժամանականերն այսօր ուրիշ են: Բայց չնայած վերջինս փոխել է խոսույթը, իր հրահանգները չկատարող դատավորների գլխին կախված է դամոկլյան սուրը՝ արդարադատության նախարարություն և ԲԴԽ զույգի տեսքով: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ ժամանակաների ուրիշ լինելը չի խանգարում դատարանների կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներին բնորոշ վճիռներ կայացնելուն: Ինչն արձանագրվել էր նույնիսկ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի վերջին զեկույցում: Թեև դա ներկայացվել է որպես «կառավարության կողմից դատավորների վրա ազդելու փորձերի մասին չհաստատված տեղեկությունների առկայություն»: Ենթադրում եմ, որ նման ձևակերպումը պատկանում է հայաստանյան հասարակական կազմակերպություններից որևէ մեկին, որոնք ներկայացնում են իրենց կարծիքը պետդեպարտամենտի ներկայացուցիչներին:

Իսկ ՀՀ ՍԴ որոշման առաջին արձագանքը, բնականաբար, տրվել է Մոսկվայից: «Հայաստանի առումով տագնապ է հարուցում այն, որ ՍԴ-ի որոշումը կայացվել է ՄՔԴ-ի կողմից Վլադիմիր Վլադիմիրովիչի կալանավորման օրդեր տալուց հետո: Իհարկե, նրանք միշտ կկարողանան առաջ քաշել այն վարկածը, որ մենք կկատարենք ՄՔԴ-ի բոլոր պահանջները, բացի սրանից։ Բայց, ամեն դեպքում, ստեղծված իրավիճակը խոր գնահատական ​​ու վերլուծություն է պահանջում։ Բայց, ամեն դեպքում, այս քայլն առնվազն շատ տարօրինակ է»,- ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Սվետլանա Ժուրովան։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասելով, «այդ հարցը դեռևս չեն քննարկել և դա կանեն իրենց գործընկերների հետ»: Ասվածի համատեքստում կարող ենք հանգիստ եզրակացնել, որ ինչպես անշեղորեն Փաշինյան Նիկոլն առաջ է տանում կապիտուլյացիոն խաղաղության պայմանագրի ստորագրումը, նույն ոգևորությամբ Հայաստանը թշնամացնում է Ռուսաստանի հետ: Իսկ վաղն էլ կարող է Երևան այցելած ՌԴ նախագահին ձերբակալելու և միջազգային «արդարադատությանը» հանձնելու փորձ կատարել:

Ի դեպ, դեռևս 2002 թվականին ԱՄՆ-ն ընդունեց զինվորականների պաշտպանության հատուկ օրենք, ըստ որի ԱՄՆ ոչ մի քաղաքացի կամ դաշնակից չի կարող ձերբակալվել կամ բերման ենթարկվել ՄՔԴ-ի որոշմամբ։ Ավելին, այն թույլ է տալիս ռազմական ներխուժում իրականացնել, եթե որևէ երկրում դատաքննություն սկսվի ամերիկացի զինվորականների, պաշտոնյաների ու քաղաքական գործիչների նկատմամբ: Ոչ պաշտոնապես այդ օրենքն անվանվում է «Հաագա ներխուժման օրենք»։ Իսկ ՌԴ Սահմանադրությունում, օրինակ, արձանագրված է ազգային օրենսդրության գերակայությունը միջազգայինի նկատմամբ: Ինչը նշանակում է, որ ՌԴ տարածքում ՄՔԴ-ի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ կառույցների որոշումները կատարման ենթակա չեն լինի, եթե որոշվի որ դրանք հակասում են Սահմանադրությանը։ Ինչը, բնականաբար, անմիջապես կկատարվի: