Փաշինյանի աշխատակազմի ՎԳԳ-ն՝ վնասակար գործողության գործակիցը
Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ
Թե ՀՀ Հարկային օրենսգրքին տրվող ինքնահնար մեկնաբանություններով ինչ սարդոստայն են հյուսել Հայաստանում, ինչպես են նվիրաբերությունը հավասարեցնում սպառում եւ շահույթ հետապնդող ներմուծմանը եւ հարկում, նախորդիվ արդեն գրվել է։ Այդ ապօրինության մեջ հետո ինչ-ինչ սողանցքներ, լուսանցքներ են բացել։
Դեռ Ռ․ Քոչարյանի ժամանակներում, «Բարեգործության մասին» օրենքի համատեքստում մի մարմին է ստեղծվել, որը գոյություն ունի մինչեւ այսօր, կոչվում է Բարեգործական հանձնաժողով, գործում է փոխվարչապետների պատասխանատվության ներքո։ Հանձնաժողովը բարեգործական ծրագրերի ռեեստր է վարում, ծրագրերին բարեգործական որակում է շնորհում, ծառայություններ, ապրանքներ է հարկեր-տուրքերից ազատում, այդ թվում՝ բարեգործության նպատակով կամ անվան ներքո արտերկրից ներկրվող ապրանքները։ Արդյունքում արտերկրից հայաստանյան հաստատություններին կատարվող նվիրաբերությունների ժամանակ հարկեր-տուրքերից ազատվելու սողանցքը Բարեգործական հանձնաժողովին դիմելը եւ նվիրաբերությունը որպես բարեգործություն ձեւակերպելն է։
Դեռ մի կողմ, որ «Բարեգործության մասին» օրենքի եւ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ՝ «Նվիրաբերություն» հոդվածի դրույթների միջեւ չկա ընդհանրություն, նույնիսկ՝ հատման կետ։ Դրանք փոխատեղելի հասկացություններ, գործառնություններ չեն։ Էականն այստեղ այն է, թե նման սողանցք ինչու է բացվել, ինչ շահագրգռությամբ է նվիրաբերությունը նենգափոխվում բարեգործության։
Առաջին հայացքից ոչինչ տեսանելի չէ, սակայն խորքում, նվիրաբերությունը կարգավորված ինստիտուտ է, որը թույլ չի տալիս, որքան էլ ժամանակ անցնի, նվիրաբերված իրն օտարել կամ այլ նշանակությամբ գործածել։ Նվիրաբերված իրի համար, որքան այն գոյություն ունի, առանձնացված հաշիվ պետք է վարվի եւ այլն․ հետեւաբար, իրն այն ստացած հաստատությունում պահպանվում է տարիներ եւ տասնամյակներ։ Մինչդեռ բարեգործությունը գրեթե անտերունչ գործունեություն է, քանի որ ցանկացած բարեգործության հանդեպ, համաձայն օրենքի, հսկողությունը մեկ տարի է, կարող է եւս վեց ամիս երկարաձգվել, այդ ժամկետից հետո ոչ ոք ոչնչի տերը չէ։ Ինչը ինչ նշանակությամբ ուզի, կօգտագործվի, առանց մի խնդրի գույքի նշանակություն կփոխվի, այն կբռնագանձվի, հաշվից դուրս կգրվի, կօտարվի, կյուրացվի, ամեն դեպքում՝ ֆինանսական մենքենայությունների դուռը մեկ տարի անց կրնկի վրա բացվում է։ Հետեւաբար, ո՞րն է պետության շահը՝ կանոնակարգված նվիրաբերությունն անտերունչ բարեգործությամբ նենգափոխելու։ Ավելի բնական պիտի լիներ հակընթաց ձգտումը։
Եթե մեկը ժամանակը չափսոսի՝ Բարեգործական հանձնաժողովի գործունեության հետքերով գնա եւ տարիներ հետո առկա փաստացի արդյունքներն ուսումնասիրի, ով գիտի՝ ինչեր կպարզվեն։ Սակայն անձամբ ինձ Բարեգործական հանձնաժողովը հետաքրքիր էր միայն նվիրաբերությունը բարեգործության նենգափոխելու պրակտիկայի առնչությամբ, ինչի համար էլ որոշեցի զանգել կառավարության աշխատակազմ, որպեսզի թեմային իրազեկ մի անձ եթե գտնվի, խնդրեմ՝ մի քանի հարցի պատասխանել։ Եվ այստեղ սկսվեց կինոնկարը։
Տեղում չէ, ընկալուչը չի վերցնում
Քանի որ կառավարության gov.am կայքի տեղեկատվությունից դատելով՝ Բարեգործական հանձնաժողովը փոխվարչապետի պատասխանատվության ներքո է, եւ չկա նշում, թե խոսքը որ փոխվարչապետի մասին է, սկսեցի մի փոխվարչապետի գրասենյակի հեռախոսահամարները հավաքելուց՝ Մհեր Գրիգորյանի։ Սովորական աշխատանքային օր է՝ օգոստոսի 23-ը, ժամը, երեւի, 3-4-ի կողմերը։ Զանգահարում եմ․
1) փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին՝ Էդգար Մկրտչյան․ ընկալուչ վերցնող չկա
2) փոխվարչապետի օգնականին՝ Տիգրան Արզոյան․ ընկալուչ վերցնող չկա
3) փոխվարչապետի խորհրդականին՝ Անի Բաբայան․ ընկալուչ վերցնող չկա
4) փոխվարչապետի այլ խորհրդականի՝ Կարեն Նազարյան․ նորից ընկալուչ վերցնող չկա...
Զանգում եմ մյուս փոխվարչապետի՝ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ․
5) փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին՝ Արման Ադիլխանյան․ դարձյալ ընկալուչ վերցնող չկա
6) փոխվարչապետի օգնականին՝ Անի Ավետյան․ ընկալուչ վերցնող չկա
7) փոխվարչապետի մյուս օգնականին՝ Արսեն Թարզյան․ ընկալուչ վերցնող չկա։
Լավ, ինչպե՞ս վարվես… անցա վարչապետի աշխատակազմի հեռախոսահամարները հավաքելուն, որովհետեւ, ի վերջո, դեռ տեխնիկական հարց եմ ջանում պարզել, ընդամենը այն, թե որ փոխվարչապետի պատասխանատվության ներքո է բարեգործության ոլորտը: Զանգում եմ․
8) վարչապետի մամուլի քարտուղարին՝ Նազելի Բաղդասարյան․ ընկալուչ վերցնող չկա
9) Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման եւ գնահատման վարչություն, պետ՝ Համլետ Նազարյան․ ամբողջ վարչությունում չկա մեկը, որ ընկալուչ վերցնի
10) Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, պետ` Արմեն Խաչատրյան, այստեղ վերջապես ողջ մարդիկ են գտնվում, մեկն ընկալուչ է վերցնում՝ վարչության աշխատակից։ Բայց այդ աշխատակիցն էլ «չգիտի»՝ փոխվարչապետներն արձակուրդի մե՞ջ են, թե՞ աշխատանքի, «չգիտի»՝ փոխվարչապետների աշխատակիցները որտեղ են, որ ոչ ոք ընկալուչ չի վերցնում, իսկապես չգիտի, թե բարեգործության ոլորտը որ փոխվարչապետի պատասխանատվության ներքո է, եւ որքան հիշում եմ՝ նույնիսկ չգիտեր, թե ինչ է Բարեգործական հանձնաժողովը։ Ամեն դեպքում խնդրում եմ, որ եթե կարող է, պարզի՝ բարեգործությունը որ փոխվարչապետի վերահսկողության (curatio) ներքո է, եւ ճարահատյալ շարունակում եմ զանգել․
11) դարձյալ վարչապետի աշխատակազմ, Սոցիալական հարցերի վարչություն, պետ` Սերգեյ Թաշչյան․ ամբողջ վարչությունում ընկալուչ վերցնող չկա
12) վարչապետի աշխատակազմ, ընդհանուր բաժին, պետ՝ Նունե Հարությունյան․ ընդհանուր բաժնում անգամ, որ երեւակայությունից դուրս է, աշխատանքային օրով, աշխատանքային ժամին անկենդանություն է՝ ողջ արարած չկա, որ ընկալուչ վերցնի
13) Վարչապետի աշխատակազմ, գործերի կառավարչություն, կառավարիչ` Գարիկ Բոշյան․ նույն պատկերը՝ ընկալուչ վերցնող չկա...
Ի՞նչ ասես… Փաշինյանը որ աշխատավայրը թողած մարզահագուստ հագնի ու տեսախցիկների առաջ հեծանիվ վարի, զարմանալի չէ, որ իր աշխատակազմում էլ աշխատող չգտնվի։ Արդեն հավաքած համարներից մի քանիսը նորից եմ հավաքում՝ պատասխան չկա, նոր համարներ եմ հավաքում․
14) մի փոխվարչապետի խորհրդականին՝ Աննա Գասպարյան․ ընկալուչ վերցնող չկա
15) նույն փոխվարչապետի՝ Տիգրան Խաչատրյանի օգնականին՝ Էդուարդ Անաստասյան․ ընկալուչ վերցնող չկա։
Նորից վերադառնում եմ այնտեղ, որտեղից զանգերը սկսել էի՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Զանգում եմ նորից աշխատակազմի ղեկավարին, օգնականին, պատասխան չկա
16) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մի ուրիշ խորհրդականի, որի համարը մինչ այդ չէի հավաքել՝ Վիկտորյա Այդինյան․ ընկալուչ վերցնող չկա
17) դարձյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյան։ Այս կինը բացառության կարգով տեղում է, ընկալուչ է վերցնում եւ նույնիսկ տեղյակ է ու հայտնում է, թե բարեգործության ոլորտը որ փոխվարչապետի պատասխանատվության ներքո է։ Պարզվում է՝ այդ փոխվարչապետը Մհեր Գրիգորյանը չէ, Տիգրան Խաչատրյանն է։
Տիգրան Խաչատրյանի գրասենյակի՝ արդեն հավաքած հեռախոսահամարները նորից եմ հավաքում, դարձյալ պատասխանող չկա։ Մի երկու նոր համար էլ եմ այդ գրասենյակի հեռախոսահամարների ցանկից հավաքում
18) փոխվարչապետի օգնական Լիանա Առաքելյան․ ընկալուչը վերցնող չկա
19) Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն, պետ` Արման Բարխուդարյան։ Այստեղ ընկալուչ են վերցնում։ Պարզվում է՝ այդ վարչությունում նույնիսկ Բարեգործական հանձնաժողովի գործունեությանն են տեղյակ։
Երբ ՕԳԳ-ին փոխարինել է ՎԳԳ-ն
Թե ինչու նվիրաբերության ինստիտուտը Հայաստանում չի գործում, վարչության աշխատակիցը, որի հետ զրուցեցի, առանձնապես չգիտեր։ Ենթադրում էր՝ արտերկրից արվող նվիրաբերությունների խնդիրները ԵԱՏՄ սահման հատելու հետ են կապված։ Նրան թվում էր, թե նվիրաբերության ինստիտուտի չգործելը մեծ խնդիր չէ՝ կա ճանապարհ։ Կարող են արտերկրից ներկրվող իրերը որպես բարեգործություն ձեւակերպել, եթե նվիրաբերությունը հայաստանյան որեւէ հաստատության է արվում եւ արժեքավոր նվիրաբերություն է։ Երեւի մի 15 րոպե խոսել ենք, խոսակցությունը ոչ այնքան հարցուպատասխան էր, որքան մոտեցումներ հայտնել, դրանից բխող հարցեր, համաձայնություններ, անհամաձայնություններ։ Ամեն դեպքում, խոսակցության ընթացքում չի եղել դրվագ, որը որեւէ հարց սպառիչ հստակեցներ եւ իմաստ ունենար, որ ես հիմա հոդվածում մեջբերեի։
Այդ ժամանակ որոշեցի, որ նվիրաբերության թեմայով ճիշտ կլինի դիմել ՊԵԿ, գուցե կոնկրետ գործի հանգամանքներով, գուցե՝ ընդհանրական հարցադրումներով, բայց գրավոր դիմել եւ գրավոր պատասխան ստանալ։ Այդպես էլ վարվել եմ։ Հաջորդիվ ՊԵԿ-ի հետ գրագրությունը կհրապարակեմ։ Նվիրաբերության ինստիտուտի մասով ՊԵԿ-ում ոչինչ չեն ասել, թեեւ հարցը հենց այդ մասին էր, բայց արտերկրից հայաստանյան հաստատություններին՝ գրադարան, Մատենադարան եւ այլն, կոնկրետ գրականություն նվիրաբերելու մասով ՊԵԿ-ից տրված օրենսդրական պարզաբանումները վերացնում են բյուրոկրատական քաշքշուկները։
Սակայն Փաշինյանի օրոք ՀՀ կառավարությունում, վարչապետ-փոխվարչապետների աշխատակազմերում ծաղրանկարային պատկեր է տիրում, երբ աշխատանքային օրով, աշխատանքային ժամին Կառավարության 1-ին շենքում աշխատող չկա, այնքան արտառոց էր ու ուշագրավ, որ առաջնային դա ներկայացրի։ Ընդսմին, դժվար է կողմնորոշվել՝ այդ կաթվածահարության, թե անգործության պատկերը դրակա՞ն պետք է գնահատել, թե՞ բացասական։
Եթե Նիկոլ Փաշինյանը մտավոր, կազմակերպական, մենտալ որեւէ համապատասխանություն ունենար վարչապետի պաշտոնին, իհարկե, կմնար վրդովվել, թե այս ինչ է կատարվում, ինչպես են աշխատանքային ժամին կառավարության աշխատակիցները համատարած բացակայում, գրեթե ոչ ոք տեղում չի գտնվում, ընկալուչ չի վերցնում։ Բայց Փաշինյանն այլ դեպք է։ Փաշինյանի եւ նրա կառավարության աշխատանքը գնահատելիս ոչ թե օգտակար գործողության գործակցով, այլ վնասակար գործողության գործակցով պետք է առաջնորդվել։ Ի վերջո, Փաշինյանի վարչապետությունից դրական մի արդյունք եթե անգամ եղել է, բացասականն անհամեմատ շատ է եղել։ Հետեւաբար, կառավարության աշխատակազմի անգործությունը գուցեեւ դրական երեւույթ է, քանի որ անգործությունը նվազեցնում է գործողությունների վնասարարության գործակիցը։ Երկաթյա տրամաբանությամբ՝ չեն աշխատում, ուրեմն չեն վնասում։
Կարծիքներ