«Զարգացող համայնք» դաշինքը Սիսիանում քարոզարշավի փոխարեն դասընթացներ է կազմակերպել

«Զարգացող համայնք» դաշինքը Սիսիանում քարոզարշավի փոխարեն դասընթացներ է կազմակերպել

Սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Քաջարանում եւ Սիսիանում նախնտրական քարոզարշավ տեղի չի ունենա: «Զարգացող համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մհեր Ազոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ թիմը դեռ երկու տարի առաջ հիմնադրել է «Ոմա Սիսիան» հասարակական կազմակերպությունը և պատերազմական այս օրերին զբաղվել է հենց դրանով: «Քարոզարշավ անելու, բուկլետներ բաժանելու փոխարեն ՀԿ-ն համայնքներում առաջին օգնության և մարտական պատրաստվածության դասընթացներ անցկացրեց այս օրերին:

Հարցնողներ եղան, թե այդ դասընթացները քաղաքակա՞ն են արդյոք, թե՞ ոչ, ես հարկադրված չգնացի այդ հանդիպումներին, որպեսզի մարդիկ այն չքաղաքականացնեն և արդեն վերջին մի քանի օրերին տարբեր համայնքներից իրենք էին զանգում ինձ և առաջարկում, որ մասնակցեմ դասընթացներին: Որպեսզի գործընթացը պատկերավոր լինի ասեմ, որ այդ  դասընթացները տևում էին չորս ժամ և ավելի», - նշում է համայնքապետի թեկնածուն: Մեր այն հարցին, թե այլ հանդիպումներ , քննարկումներ քաղաքացիների հետ չե՞ք ունեցել, վերջինս նշեց. «Ոչ մի այլ հանդիպում քաղաքացիների հետ չի եղել: Էնտեղ պատերազմ էր, գնայիր ասեիր ես եկել եմ, որ ինձ ընտրեք, պատկերացնո՞ւմ եք ինչ տեղի կունենար» - պատմում է Ազոյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է պատերազմական իրավիճակով պայմանավորված մարդիկ այս տարի պասիվ գտնվեն և ընտրություններին շատերն ուղղակիորեն չմասնակցեն, Մհեր Ազոյանն ասաց. «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվել բացարձակապես և նման վերլուծություններ, թե հասարակությունը երբ կարող է առավել ակտիվ լինել, ասել չեմ կարող: Ամեն դեպքում պատերազմից հետո շատերը Սիսիանից դուրս են եկել և հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչ թվով մասնակցություն կլինի» - ասաց նա:

Նրա խոսքով` պայքարն ըստ էության մարել է. «Ակտիվություն այնքան էլ չկա, սակայն երբ հրադադար եղավ, մեկ երկուսն արեցին փորձեր, կար կուսակցություն, որ անգամ ջոկատ էր կազմել, ինչևէ ամեն մեկը մի բան անում էր: Պատերազմը բոլորիս  համար հավասար է եղել, այն քաղաքացին, որ չէր ուզում ընտրությունների մասին լսել, ոչ թե ինձ չէր ուզում լսել կոնկրետ, այլ առհասարակ ընտրությունների մասին լսել չէր ցանկանում: Տեսականորեն դաշտը հավասար հարթության վրա է: Որոշ խոշոր գյուղերում հանդիպումներ իրականացնել չկարողացանք, բայց դե ինչ արած», - խոսքը եզրափակեց Մհեր Ազոյանը: