Սերոբ Գասպարյանը կալանավորված է կասկածելի անձանց կարծիքների հիման վրա

Սերոբ Գասպարյանը կալանավորված է կասկածելի անձանց կարծիքների հիման վրա

«Արցախյան ազատամարտերի մասնակից Սերոբ Գասպարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 18-ին: Նրա կալանքի երկամսյա ժամկետը շուտով լրանում է, քննիչն ամսի 12-ին պետք է ներկայացնի նոր միջնորդություն՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, այս պահին այլ նորություն չունենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ 

«Առերեսում չեն անում, պատճառաբանությունը հետեւյալն է, որ Սերոբ Գասպարյանը ցուցմունք չի տալիս, դրանով պայմանավորված` առերեսում չենք անում, քննչական մարմինն այդպես է պատճառաբանում, բայց Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունք կա, ըստ որի՝ եթե մեղադրյալը մեղավորությունը չի ընդունում, ու անկախ նրանից՝ ցուցմունք տալիս է, թե ոչ, այդ մեղավորությունը չընդունելը հավասարազոր է ցուցմունք տալուն, եւ նրանք, միեւնույն է, պարտավոր են ցուցմունք տալ։ Կոնվենցիայի համաձայն՝ իր դեմ ցուցմունք տված անձի հետ պարտավոր են առերեսում անել։ Այս երկու հիմնավորումները ներկայացրել ենք, բայց քննչական մարմինը համառորեն հրաժարվում է առերեսում անել»,- ասաց Ալեքսանյանը։ 

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են ցուցմունք տվողները, սակայն Ալեքսանյանն ասաց, որ դա նախաքննության գաղտնիք է՝ չի կարող բացահայտել։ «Չակերտներ չեմ կարող բացել՝ զուտ նախաքննության գաղտնիքով պայմանավորված, բայց, հավատացեք, այն անձինք, որոնք որ ցուցմունք տվել են, դա ոչ թե հայտնած տեղեկություններ են, այլ ցնդաբանություն է։ Ավելին ասեմ․ իրենք նույնիսկ տեղեկություն չեն հայտնում կոնկրետ Սերոբ Գասպարյանի հետ կապված, այլ պարզապես կարծիք են հայտնում՝ ենթադրություն ու կարծիք։ Սա առհասարակ չի կարող հիմնավոր կասկածի հիմքում դրված որպես փաստական տվյալ դիտվել, որովհետեւ սա կարծիք է, ենթադրություն է։ Իրենք կոնկրետացրած տեղեկություններ չեն հայտնում, էլ չեմ ասում, որ այն, ինչ հայտնում են որպես կարծիք կամ ենթադրության մակարդակում, պարզապես ցնդաբանություն է»,- շեշտեց Ալեքսանյանը։ 

Այդ կարծիքի կամ ենթադրության մեջ ոչ մի ողջամտություն բացարձակապես չկա՝ ասում է փաստաբանը։ Կարելի է արձանագրել, որ Սերոբ Գասպարյանը կալանավորված է ինչ-որ անձանց կարծիքի եւ ենթադրությունների հիման վրա։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահ մարմիններն այլ անձանց կարծիքն ու ենթադրությունը դնում են մեղադրանքի հիմքում, ասաց, որ ամբողջ խնդիրն էլ հենց դա է, եւ իրենց մարտավարությունը հենց դրա վրա է կառուցված։ 

Ինչպե՞ս կարելի է կարծիքի եւ ենթադրության հիման վրա նման ճանապարհ անցած մարդուն մեկուսացնել հասարակությունից եւ այդպիսի ոչ իրավաչափ մեղադրանք առաջադրել, չէ՞ որ նման անհիմն մեղադրանքներով հենց նախաքննական մարմիններն են վարկաբեկվում, իսկ մարդկանց կալանքի տակ պահելով՝ ի ցույց են դնում նման մեղադրանքների քաղաքական բնույթը: Փաստաբանը չգիտի, թե այս գործով ինչ զարգացում կլինի։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք նախաքննության մարմինը հետազոտել է նման ցուցմունք տված, իրականում` կարծիք արտահայտած մարդկանց առողջական վիճակը, չէ՞ որ ցանկացած մեկը, որը հոգեկան կամ մտավոր խնդիրներ ունի, կարող է դիմել իրավապահներին եւ ցանկացած ցնդաբանություն հայտնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության շենքի մոտ «Հրապարակին» հարցազրույց տված անձը պատմել էր, որ ինքն է բացահայտել իշխանազավթման փորձը, պահանջել է իր անձի պաշտպանություն ապահովել, բայց իրավապահները չեն անում: «Այսպես ասեմ՝ Ձեր ասածն ունի ելակետ։ Մենք այդ անուն-ազգանունով վկայի վերաբերյալ մեզ հասանելի նյութերով տվյալներ չունենք, մենք չգիտենք՝ ինքն իրականում վարույթի շրջանակներում վկա անցնո՞ւմ է, թե՞ ոչ։ Հնարավոր է` անցնում է, պարզապես վերջինիս տված ցուցմունքը, որպես վարույթի բաղկացուցիչ մաս, նյութ, մեզ չի տրամադրվել, չեմ կարող միանշանակ ասել։ Բայց, հավատացեք, այն, ինչ ասում է այդ մարդը, նույն այդ մակարդակում ասել են նաեւ այն վկաները, որոնց նյութերը, ցուցմունքները մեզ հասանելի են։ Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա, իսկ այդ անձի վարքի մեջ, որը մամուլով հայտարարություն էր տարածում, միտինգ էր անում եւ այլն, ինչ-որ կասկածելի հատկանիշներ կան` առողջական հանգամանքների հետ կապված։ Հանուն արդարության, միանշանակ չեմ կարող ասել: Չեմ ցանկանում այդ մարդուն ոչ բարենպաստ վիճակի մեջ դնել՝ առողջական վիճակի առումով, բայց վերջինիս հայտարարությունները, վարքը, առհասարակ, այո, կասկածներ ստեղծում էին»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը։