ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նոր սահմանափակումների տակ են հայտնվել 10 ֆիզիկական անձինք եւ 12 ընկերություններ։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները սահմանվում են 2021 թվականի ապրիլին ստորագրված ԱՄՆ վարչակազմի հրամանագրի համաձայն. «ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար իր վստահված անձանց օգտագործելու Ռուսաստանի հուսահատ փորձերը ցույց են տալիս, որ պատժամիջոցները ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար շատ ավելի դժվար եւ թանկ են դարձրել Պուտինի ռազմական մեքենայի մատակարարումը»,- չորեքշաբթի ասել է ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն։

Ըստ ԱՄՆ ֆիննախի փաստաթղթի՝ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի, Սինգապուրի, Կիպրոսի, Լատվիայի, Իսրայելի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ հանդիսացող անձանց եւ Բուլղարիայի, Լատվիայի, Սինգապուրի, Իսրայելի եւ Կիպրոսի ընկերությունների նկատմամբ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ անցած տարվա ընթացքում Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 100 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք «զբաղված են Ռուսաստանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը շրջանցելու գործունեությամբ»: