Ապրել մինչև լուսաբաց

Ապրել մինչև լուսաբաց

Այսքան դիմացել, մի ամիս էլ կդիմանանք, կարծում եմ: Նկատի չունեմ դիմակ կրելու հիմար ավանդույթը: Խոսքն այս իշխանությանը դիմանալու մասին է, որի ձեռքին պատանդ ենք մնացել: Եթե բախտներս բերեց ու իրենց ոտքով հեռացան, լավ, եթե ոչ, ապա սա, կարծում եմ, արտակարգ դրության վերջին երկարաձգումը կլինի, որով, ըստ էության, փորձ արվեց Փաշինյանի տխրահռչակ պաշտոնավարումը երկարաձգել ևս մեկ ամսով: Խոշոր հաշվով այնտեղ պաշտոնավարում էլ չկա: Զուտ անվանումն է մնացել՝ ՀՀ վարչապետ: Հայաստանը 2020 թ. մարտից ոստիկանապետություն է՝ գլխավոր ոստիկանով, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը: Այլ խոսքով՝ հայտնվել ենք 1997թ. սահմանագծին, ինչպես և խոստացել էր Փաշինյանը, որից հետո նա այլևս անելիք չունի: Շրջանը փակվել է: Թող մի ամիս էլ ձգեն, հետո՞ ինչ են անելու, երբ Երևանի փողոցները լցվեն տասնյակ հազարավոր ցուցարարներով, որոնք պարզապես չեն ուզում հերթական անգամ վերապրել 90-ականների մղձավանջը:

Ինձ թվում է, որ Փաշինյանն այսօր հեռացած կլիներ, եթե հուլիսի 12-ին ադրբեջանցիներն ՈւԱԶ-ը դեպի մեր սահման քշած չլինեին: Ինչ ճիշտն է ճիշտը՝ կարգին խառնվեցինք իրար ու մոռացանք Փաշինյանի էլ, իր հրաժարականի մասին էլ: ՈւԱԶ-ի գնով մի ամիս էլ ձգեց, բայց հո ադրբեջանցիներն ամեն անգամ այդքան զոհ չե՞ն տա՝ Փաշինյանին ՀՀ վարչապետի աթոռին պահելու համար: Պարետն ու պարետատունը ողջ լինեն ու մեկ էլ առողջապահության դամքաշ նախարարը: Եվս մեկ ամիս կպարտադրեն հավաքներ չանել, դիմակ կրել, ալկոգել սպառել: Թիվը մոգական ուժ ունի: Կորոնավիրուսով նորավարակների թիվն, օրինակ, կարող են տատանել 56-288-ի միջև, ապա՝ թռցնել մինչև 800: Տղա ես՝ մի հավատա, դիմակ մի դիր: Ոստիկանը կհայտնվի կողքիդ ու՝ հայ դե բաժին: Հոգնել ենք արդեն, բայց, կարծում եմ, այս մեկ ամիսն էլ կդիմանանք, մանավանդ, որ մեղմացումներ են խոստացել: Մի մեղմացում ես արդեն նկատել եմ: Հիշո՞ւմ եք, որ փողոցներում հայտարարում էին՝ ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը… Հիմա դա չկա: Նախ՝ Փաշինյանի ձայնն ապամոնտաժեցին այդ հայտարարությունից, ապա սահուն ձևով «կառավարություն» բառը փոխարինեցին «արտակարգ իրավիճակների նախարարություն» արտահայտությամբ: Սա մի կողմից էլ նշանակում է, որ Փաշինյանին նրբորեն հանում են կորոնավիրուսի տարածման մեղավորների ցանկից: Վաղը Ցոլակյանն ու Թորոսյանը կնստեն, իսկ Փաշինյանը, որ բուն պատասխանատուն է, չոր դուրս կգա այս պատմությունից:

Կհասցնի՞, արդյոք, Փաշինյանն այս մեկ ամսում ևս մի քանի վատություն անել մեր ժողովրդին՝ վերջնականապես այլանդակել Սահմանադրական դատարանը, օրենքի ուժ տալ կրթության բնագավառի արայիկհարությունյանական «բարեփոխումներին», ընդունել լանզարոտեի կոնվենցիան, Ամուլսարի հանքը բացել և էլի մի քանի մանր-մունր «խուլիգանություններ» արտաքին քաղաքականության մեջ: Դժվար է պատասխանել այս հարցին, որովհետև, չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, Հայաստանում ամենուր տարաբնույթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, լուրջ դիմադրություն է հասունանում, որին դիմակայելու համար լրացուցիչ ռեսուրսներ են հարկավոր իշխանություններին, որ նրանք չունեն: Ինչքա՞ն կարելի է մարդ բռնել, աղմկահարույց քրեական գործեր բացել, որ ՀՀ քաղաքացին տարվի դրանով ու մոռանա իր կուտակվող սոցիալական խնդիրները: Պահ, պահ, պահ, ձերբակալել են Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Ո՞ւմ է սա այսօր հետաքրքրում: Ավելի լավ է՝ ասեն, թե դեռևս ում չեն ձերբակալել: Թե բա ուզեցել են, որ Նազարյանը ցուցմունք տա Սերժի դեմ, չի տվել, դրա համար էլ ձերբակալել են: Իբր սա էլ նորությո՞ւն է: Առերես հարցաքննությունների ժամանակ Սերժն այնպես է շշպռում իր դեմ ցուցմունք տվողներին, որ էլ ո՞վ կհամարձակվի այդպիսի բան անել: Կրկես է, էլի… Ու մտածում են, որ կրկեսային հանդիսատեսի վերածված պողոսը չի նկատի թե ինչ է կատարվում իր շուրջը, ինչպես է թանկանում ամեն ինչ, ինչպես է նոր գույքահարկի շնորհիվ ինքն իր տանը վերածվում տնվորի, ինչպես է դատարկվում սառնարանը, ինչպես է իր հարևանը պատշգամբում հաց չորացնում նեղ օրերի համար:

Ավարտելով ասեմ նաև, որ իշխանությունից Փաշինյանի հեռացման ճանապարհները պետք է միշտ բաց պահել: Անկյուն քշված ամենափոքրիկ գազանիկն անգամ դառնում է վտանգավոր և կծող: Ավելին ասեմ՝ Փաշինյանին պետք է թողնել իր հրաժարականի տարբերակների ընտրության հարցը, իսկ եթե հարկ լինի՝ նաև տրանսպորտով ապահովել: Այլապես Ֆեյսբուքում նրան սպառնում են կախաղանով, քառատմամբ, անշնորհք բառերով ուղարկում այս ու այն տեղ, ինչը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, և Փաշինյանն ավելի ամուր կառչի աթոռից: Ամեն ինչ պետք է անել հերթով, կարգով, շնորհքով և, ամենակարևորը, առանց էյֆորիայի: Մարդ է՝ չի կարողացել արդարացնել մեր սպասելիքները: Դրա համար, ի՞նչ է, պետք է կախե՞լ: Եկեք չմոռանանք նաև, որ դեռ երեկ նա մեր «դուխով» առաջնորդն էր ու կարողանում էր քայլել անգամ ջրերի վրայով: Դե հիմա վերջում չստացվեց: Կամ թիմն այն չէր, կամ իշխանության փառքը կուրացրեց: Ո՞ւմ հետ չի պատահում…