Ինչու՞ խրտնեցիք, երբ Իրանի անունը տվին․․․

Ինչու՞ խրտնեցիք, երբ Իրանի անունը տվին․․․

Ուշադրություն դարձրեք․ իշխանությունը չի արձագանքում այն լուրերին , որոնք կարող են Թուրքիային, Ադրբեջանին,  Արևմուտքին բարկացնել։ Անգամ եթե երկրի ղեկավարի մակարդակով նվաստացուցիչ տերմիններ են հնչում, չի արձագանքում։ Պետության մասին չեմ խոսում, որովհետև մի մարդու իշխանությունը պետություն ունենալու գաղափարից բարձր է գնահատվում և աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունների հիմքում  Հայաստանը (նկատի ունեմ մեկ անձով իշխանությունը) զբաղված է մեկ անձի աթոռ պահելու որոգայթներով։  Հայաստան աշխարհը դրվել  է մեկ անձի աթոռից հետո։ 

ՊՆ-ն անմիջապես արձագանքել է, երբ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Այդ ինչու՞ ՊՆ-ն անմիջապես արձագանքեց։ Տերերը կբարկանա՞ն։ Իշխանությունն ինքն է հրապարակում Ֆրանսիայից, Հնդկաստանից, զինատեսակաների պայմանագրերի մասին։ Ֆրանսիա, հա՜ ֆրանսիա։ Հասկացանք, բայց ինչու՞ այդպես խրտնեցին, երբ Իրանի անունը տվին։ Ուզում են րոպե առաջ գոռալ՝ չէ՜, սիրելի Արևմուտք, մենք կապ չունենք Իրանի հետ , դա մտացածին է։ Մեր շահերը համընկնողի հետ մենք ո՜չ մի կապ չունենք։ Դրանք մտացածին լուրեր են։ Իսկ մտացածին չե՞ն, երբ Արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում։

Ինչու՞ չեք արձագանքում։ Հայաստանի սուվերեն տարածքում են, ձեզ համար օխա՜յ է, լռում եք։ Մաս- մաս մեր տարածքները հանձնում, ձեզ համար օխա՜յ է, բայց ա՜յ երբ Հայաստանի ու Իրանի շահերից համընկնումից կարող է գալ մեր փրկությունը, կարիճից խայթածի պես վեր եք թռնում՝ չէ՜, ինչ Իրան․․․ Մենք ոտ ու ձեռով Արևմուտքինն ենք։ Էլի թող մտացածին լինի լուրը, բայց ինչու՞ եք վեր թռնում և արձագանքում, դրանից առաջ հազարավոր կարևոր բաներ կան արձագանքելու․․․ Նման ժամանակ եղե՞լ է, որ Հայաստանը Արևմուտքի առաջ արդարանա, թե իր սահմանների պաշտպանության համար ո՞ր երկրի հետ է զենքի ձեռքբերման պայմանագիր կապում։ Դրա համա՞ր եք Արևմուտքից ՊՆ մարդ բերում, որ որսորդական հրացանների մասին տեղեկությունն անգամ հասանելի լինի։