Հերթափոխով ուսուցումը դպրոցների համար շատ մեծ խնդիր է

Հերթափոխով ուսուցումը դպրոցների համար շատ մեծ խնդիր է

Երեկ Պարետատան նիստի ժամանակ որոշում կայացվեց դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Դրան հաջորդեց նաեւ Պարետի որոշումը՝ դպրոցների վերաբացման հետ կապված, որն արդեն ուղարկվել է դպրոցներին եւ որտեղ ներկայացված է Covid 19-ի կառավարման պլանը հանրակրթության ոլորտում։ Մասնավորապես. «Անհրաժեշտ պարագաներով ապահովում․ Դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստ։ Օրվա ընթացքում անձնակազմը եւ աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։ Դպրոցներն ապահովվում են հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով»,-գրված է 19 էջանոց պլանում։ 

Ըստ կառավարման պլանի, ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից-դասարան տեղաշարժը։ Հնարավորության դեպքում ապահովել դասասեղանների միջեւ 1.5 մետր հեռավորություն։ Ապահովել  յուրաքանչյուր դասասեղանին 1 աշակերտի խաչաձեւ նստեցումը, ինչպես նաեւ ապահովել առավելագույնը 10 աշակերտի ներկայություն։ Իսկ բուն ուսումնական գործընթացում բացառել շփումներ ենթադրող առարկաների (օր.՝ ֆիզկուլտուրա) դասավանդումը դպրոցում։

Օպտիմալացնել առկա ուսուցմամբ դասավանդվող առարկաների քանակը՝ կրճատելով ընդհանուր դասապրոցեսի ժամանակը։ Բացառել երկարօրյա եւ արտադասարանական խմբակները։ Արգելվում է դպրոցի ընդհանուր փակ տարածքներում /միջանցքներում/ աշակերտների կուտակումը։ Դասամիջոցն անցկացնել դասարանում կամ բակային տարածքում՝ առանց այլ դասարանների հետ շփումների։ Ճաշարանի առկայության դեպքում՝ սահմանել ժամանակացույց առանձին դասարանների ընդմիջման համար։ Ճաշասեղանների միջեւ ապահովել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ Ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով։ Բացառել ծնողի կամ ուղեկցողի մուտքը դպրոց։ Ընդունարանի մոտ՝ բակում ապահովել աշակերտների մուտքի կառավարում ըստ դասարանների։ Դասարան մտնելուց առաջ ապահովել աշակերտների ձեռքերի ախտահանումը կամ լվացում՝ խուսափելով կուտակումներից։  

Դպրոցների տնօրենները մտահոգված են, որ սանիտարահիգենիկ պարագաների ձեռք բերման համար, տարվա սկզբին հաստատված բյուջեով որեւէ գումար նախտեսաված չի եղել եւ հիմա իրենք ստիպված են լինելու անձնապես հոգալ այդ ծախսերը․ «Նախարարությունը կարող է մաքսիմում դպրոցին թույլ տալ, որ եթե առկա չէ՝ «այլ ծախսեր» հոդվածը, ապա «գույքի հոդվածով» ձեռք բերես նման պարագաներ, բայց դա էլի լինում է դպրոցի բյուջեի հաշվին, եւ ոչ՝ նախարարության։ Ու եթե մեծ դպրոցները կկարողանան իրենց արտաբյուջեի հաշվին ձեռք բերել այդ պարագաները, ապա փոքր դպրոցների դեպքում դա էլ է խնդիր լինելու»,-նշում է զրուցակիցս։

Բայց դպրոցներին այս պահին մտահոգում է ոչ այնքան հիգիենիկ պարագաների ձեռք բերման հարցը, այլ այն, թե ուսումնական պրոցեսը վերսկելու ի՞նչ ձեւեր պետք է առաջարկվեն դպրոցներին․ «Այս պահին ամեն տնօրեն ինքն է մտածում, թե ինչպես կարող է դրա տակից դուրս գալ, ուսուցման ինչ ձեւ ընտրել, եթե դեռ երկրում համաճարակային վիճակ է։ Պարետի ցուցումներում ասվում է, որ դասարանում 10- ական աշակերտ պիտի նստի, որոնք լինեն 1․5 մետր հեռավորության վրա իրարից, բայց անգամ ամենամեծ դասասենյակում 1․5 մետրը պահելով կարող է նստել 15 հոգի, իսկ եթե դասարանը 35 հոգանոց է, դուրս է գալիս մի ուսուցիչը 3 հերթ պետք է աշխատի եւ հետո այլ հարց է՝ թե ո՞նց պետք է վարձատրվի այդ ուսուցիչը։ Այստեղ առաջ է գալիս հերթայնության, վարձատրության հարցը, որոնց մասին դեռ ոչ մի խոսք։ Ամեն դեպքում, անարդար կլինի, որ ուսուցիչը 2-3 հերթափոխով աշխատի, բայց մեկի գումարը ստանա, պետք է դրան էլ ուշադրություն դարձնեն։ Ստացվում է, Պարետի որոշման համաձայն, հերթափոխով պետք է լինի ուսուցումը, ինչը դպրոցների համար շատ մեծ խնդիր է»։

Մեկ այլ խնդիր, որ այս պահին հուզում է դպրոցներին՝ ի՞նչպես է լուծվելու սեպտեմբերի առաջին 15 օրերի բացակայության հարցը․ «Այդ 15 օրը նորից օնլայն դասապատրաստո՞ւմ է լինելու, թե՞ կորցնելու ենք ընդհանրապես։ Եթե մենք ծրագրով ենք սկսում, այդ 15 օրը խնդիր է մեզ համար, ինչպե՞ս ենք հետո լրացնելու այդ 15 օրը՝ ինչի՞ հաշվին։ Ստացվում է՝ դեռ ոչ մի բան հստակ չէ»։