Բաքվում վրդովված են, Երեւանում՝ եւս. ՌԴ-ն դե՞մ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը

Բաքվում վրդովված են, Երեւանում՝ եւս. ՌԴ-ն դե՞մ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը

Ադրբեջանում, այդ թվում՝ երկրի իշխանամետ զանգվածային լրատվամիջոցներում, շարունակվում են հակառուսական տրամադրություններ եւ Մոսկվային ուղղված մեղադրական թեզեր շրջանառվել: haqin.az-ի հերթական հոդվածում հիշատակել են ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցերով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի վերջին հայտարարությունը: Պաշտոնյան, հիշեցնենք, Հայաստանին եւ Ադրբեջանին եւս մեկ անգամ խորհուրդ է տվել «չշտապել» խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ԱԳ նախարարի տեղակալը «ողջունել է» Բաքվի եւ Երեւանի միջեւ 90 տոկոսով համաձայնեցված փաստաթղթի ձեռքբերումը, սակայն նշել է, որ կողմերը չպետք է «հապճեպ հասունացած» համաձայնագիր ստորագրեն, հատկապես՝ եթե «Արեւմուտքը նրանց մղում է արագ խաղաղության»։

«Մենք կողմ ենք, որ երկու կողմն էլ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, խաղաղության այնպիսի պայմանագիր մշակեն, որը կբացի ճանապարհ եւ կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում եւ «ական» չի դնի ապագա սերունդների համար,- նշել է Գալուզինը։- Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին եւ դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արեւմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին մղել՝ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արեւմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված եւ ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են չհանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ, ընդհակառակը՝ ապագայում կարող են առճակատման որոշակի սերմեր ցանել, ինչը, իհարկե, բացարձակապես անցանկալի ենք համարում ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի, ո՛չ Հարավային Կովկասի եւ ո՛չ էլ Ռուսաստանի համար»։

haqin.az-ը գրում է. «Նախ, արժե ուշադրություն դարձնել Գալուզինի մեջբերումների առաջին արտահայտությանը, որում նա, շեշտելով Ռուսաստանի դաշնակցային կապերի առկայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, լուռ անցնում է այն փաստը, որ Կրեմլի հարաբերությունները Բաքվի հետ վերջերս լուրջ վտանգի տակ են։ Ինչպես հայտնի է, Մոսկվան դեռ պատասխանատվություն չի ստանձնել կամ ներողություն չի խնդրել դեկտեմբերի 25-ին Գրոզնիում ադրբեջանական մարդատար ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպի համար։ Այո, նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցածի համար»։ Բայց չի կարելի չընդունել, որ այս վերացական ձեւակերպումը կատարվածի համար մեղքի ընդունում չէ»: Բացի այդ, ինչպես պնդում է հոդվածագիրը, «ռուսական կողմը կատարյալ անտարբերություն է ցուցաբերում Գրոզնիում տեղի ունեցած ողբերգական միջադեպը հետաքննող եռակողմ հանձնաժողովի նախնական զեկույցի հրապարակման նկատմամբ։ Իսկ ռուսական քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ նույնիսկ հայտարարություններ արեցին Ադրբեջանի դեմ, ինչն արդարացի վրդովմունք առաջացրեց ադրբեջանական հասարակության մեջ»։

«Մոսկվայի նման պահվածքը չի համապատասխանում պաշտոնական Բաքվի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, ինչի արդյունքում Ադրբեջանն արդեն պատասխան քայլեր է ձեռնարկում։ Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ 17 կետից բաղկացած համաձայնագրին, որից 15 կետերը կողմերն արդեն համաձայնեցրել են, Գալուզինը կրկնում է վաղուց հնչած թեզերը. Ռուսաստանը, մի կողմից, գոհունակություն է ցուցաբերում ձեռք բերված առաջընթացից, բայց, մյուս կողմից, եւս մեկ անգամ հասկացնում է, որ դեմ է առանց իր մասնակցության ցանկացած խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այսպես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ հայերի եւ ադրբեջանցիների թշնամությունը խորը պատմական արմատներ ունի, եւ, հետեւաբար, «արագ խաղաղության հասնելն իրատեսական չէ»»։

Այլ հայտարարություններում Լավրովն ընդգծել է, որ Արեւմուտքի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի կնքումը «վտանգում է Ռուսաստանի շահերը տարածաշրջանում՝ ակնարկելով, որ Մոսկվան թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում»,-շարունակում է haqin.az-ը։ Իշխանամետ ԶԼՄ-ն պնդում է, թե «նմանատիպ հռետորաբանություն կիրառել են նաեւ այլ ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինը». «Հայտնի է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի առանցքային դիրքորոշումներից մեկը Հայաստանի Սահմանադրության նախաբանից մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթների բացառումն է։

Այնուամենայնիվ, ամենեւին էլ հենց այս կետի պատճառով չէ, որ Մոսկվան փաստաթուղթն անվանում է հապճեպ: Հիմնական պատճառն այն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես դրա երաշխավորի։ Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագիծը երաշխավոր երկրներին վերաբերող դրույթներ, առհասարակ, չի պարունակում։

Այսպիսով, Ռուսաստանը ոչ միայն դուրս է մնում ներկայիս բանակցային գործընթացից, այլեւ դրա մասնակիցների կողմից չի դիտարկվում որպես ապագա համաձայնագրի իրականացումն ապահովող կողմ։ Եվ եթե խաղաղության հասնեն Արեւմուտքի աջակցությամբ ու մասնակցությամբ, դա լուրջ հարված կհասցնի Մոսկվայի ազդեցությանը տարածաշրջանում։ Հենց այս գործոնն է Կրեմլում ամենամեծ անհանգստությունն առաջացնում։ Մոսկվան ձգտում է վերահաստատել վերահսկողությունը հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացի վրա, որպեսզի այն հետագայում ուղղի իր շահերին՝ համապատասխան ուղղությամբ: Պարզ ասած, Գալուզինը հասկացնում է, որ խաղաղությունը Կովկասում հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ, հակառակ դեպքում այն «փխրուն» կլինի։ Իսկ սա Ռուսաստանի կայսրական հավակնությունների ցուցադրական դրսեւորումն է, որը, քաղաքավարության նկատառումներից ելնելով, արտահայտվում է դիվանագիտական ձեւով»։

Բաքվում, ըստ ամենայնի, իսկապես անհանգստացած են Կրեմլի այս դիրքորոշմամբ, հատկապես որ վերջին շրջանում բացեիբաց հայտարարում են խաղաղության պայմանագրի շուրջ Երեւանի հետ ուղիղ բանակցությունների արդյունավետության եւ նպատակահարմարության մասին: Ի դեպ, ՀՀ իշխանության ներկայացուցիչներից «ամենահանդուգնը»՝ հակառուսական ընդգծված դիրքավորմամբ հայտնի Ալեն Սիմոնյանը, արդեն արձագանքել է Մոսկվայի միջնորդական հնարավոր ջանքերի մասին դիսկուրսին: Նա կրկին հեգնել ու մեղադրել է ՌԴ-ին:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը դիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարը, ԱԺ նախագահը քիչ հավանական է համարել դա. «Բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք եւ պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, եւ, վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր. պատասխաններ, որոնք մինչ օրս չունենք։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։ Ռուսաստանը առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Հիմա ասել՝ գիտեք ինչ, կարող ենք միջնորդ հանդիսանալ… մի քիչ ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ։ Էլ չեմ ասում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահներն այնտեղ էին եւ պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, եւ որտե՞ղ են հիմա ռուս խաղաղապահները, եւ որտե՞ղ է հայ ժողովուրդը, որը բնակվում էր ԼՂ-ում»: Նրա խոսքով, «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, եւ թե ինչպես նրանք մեզ մենակ թողեցին»: 

Թե ինչպես հետագայում նման զարգացումների պարագայում կդիրքավորվի պաշտոնական Երեւանը, հաշվի առնելով ՌԴ-ի հետ սկզբունքային տարաձայնությունները, նաեւ Բաքու-Մոսկվա խորացող առճակատումը՝ դժվար է ասել: Բայց որ սա լուրջ օրակարգ կարող է թելադրել, կասկածից վեր է: