Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց

Գրել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։
Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց.
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք նաեւ Արցախում մեր ժողովրդի զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին՝ մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին, աղոթք վեր առաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը ու կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»։
Վեհափառ Հայրապետը նաև խնդրեց, որ Աստված օգնական ու պահապան լինի հայ ժողովրդին հայրենաշինության իր առաքելության ճանապարհին։
«Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- եզրափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Կարծիքներ