ՄԻԵԴ եզրակացությունը՝ Քոչարյանի գործով, պարտադիր ենթակա՞ է կատարման

ՄԻԵԴ եզրակացությունը՝ Քոչարյանի գործով, պարտադիր ենթակա՞ է կատարման

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանը՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։ Ավելի կոնկրետ՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո դիտարկելուն (պատիժ չկա՝ առանց օրենքի)՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։ ՄԻԵԴ եզրակացությունը, որը խորհրդատվական բնույթ ունի, կհրապարակվի Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը երեկ չցանկացավ նախապես որեւէ կարծիք հայտնել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ ՄԻԵԴ եզրակացությունն իրենց վերջնական որոշման վրա` նշելով, որ իր ամեն մի բառը կարող է մեկնաբանվել որպես նախնական կարծիք։ Հարցին, թե օրենքն ինչ է նախատեսում, ՍԴ-ն ՄԻԵԴ-ի որոշումները պետք է պարտադիր կատարի՞, Գյուլումյանը միայն նկատեց․ «Համենայնդեպս, եզրակացության անունը խորհրդատվական է»։ Ըստ Գյուլումյանի՝ իրենք պետք է եզրակացությունից հետո հանեն գործի վարույթի կասեցումը եւ շարունակեն գործը քննել այն կետից, որտեղ կասեցվել է։

Խոսեցինք նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանի հետ։ Դատելով նախնական հայտարարությունից՝ կարող ենք ենթադրել, որ ՄԻԵԴ եզրակացության մեջ հօգուտ Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի ձեւակերպումներ կան։ Արամ Օրբելյանը նման տեղեկություն չունի, բայց նման համոզմունք, առնվազն՝ նման հույսեր, ունի։

«Մենք կարծում ենք, որ այն հարցադրումները, որոնք կան, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, երեւի առաջին օրվանից ու շատ հստակ հղումներով ՄԻԵԴ-ի պրակտիկայի, միջազգային համեմատական իրավական վերլուծությունների վրա, ուղղակի ֆորմալ պրոցեդուրան՝ ՄԻԵԴ-ի որոշում ստանալու, հիմա է տեղի ունեցել»,- ասաց Արամ Օրբելյանը։

- Այսինքն՝ դուք հույս ունե՞ք, որ հօգուտ ձեզ կլինի ՄԻԵԴ որոշումը կամ եզրակացությունը։

- Իմ կարճ պատասխանն է՝ այո, բայց հիմա փորձեմ բացատրել, թե «հօգուտ մեզ»-ն ինչ է նշանակում։ 16-րդ արձանագրությամբ ինքը խորհրդատվական կարծիք է ստանում իրավական հարցերի, որոշակի իրավական ստանդարտների վերաբերյալ, որը հետո պետք է կիրառվի, որպեսզի խնդիրը լուծվի։ Հետեւաբար, էնտեղ սեւը սպիտակի վրա պարտադիր չեմ տեսնում, որ լինի՝ այս հոդվածը հակասահմանադրական է։ Չեմ բացառում, որովհետեւ պրակտիկա չկա, երկրորդ փորձն է ընդհանրապես, բայց առնվազն այն ձեւակերպումները, որոնք կան, մենք ակնկալում ենք, որ պետք է համահունչ լինի նրա հետ, ինչ մենք բազմիցս ասել ենք վերջին արդեն համարյա երկու տարվա ընթացքում։

- Եթե ՄԻԵԴ եզրակացությունը լինի հօգուտ ձեզ, այսինքն՝ հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, ի՞նչ ազդեցություն է այն ունենալու ՍԴ վերջնական կարծիքի վրա։

- Տեսեք, Սահմանադրական դատարանը վարույթը կասեցրել է եւ դիմել երկու մարմին՝ Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիքների համար։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը դրվել է հունիսի նիստերի օրակարգում, հետաձգվել է երկու անգամ, ՄԻԵԴ-ն այսօր կհրապարակվի։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, երբ որ կասեցման հիմքերը վերանում են, այսինքն՝ երկու որոշումները գալիս են, ՍԴ-ն պետք է կասեցումից դուրս գա եւ շարունակի գործի քննությունն ու համապատասխան որոշում ընդունի։ Սահմանադրական դատարանի համար ՄԻԵԴ-ի որոշումը կիսապարտադիր է, ես կասեմ՝ պարտադիր է, հիմա կբացատրեմ, թե ինչու, իսկ Վենետիկինը մի քիչ ավելի խորհրդատվական բնույթ ունի։ ՄԻԵԴ-ի կարծիքն ինչո՞վ է պարտադիր եւ ոչ պարտադիր, ինքը խորհրդատվական է, ճիշտ է, իր էությամբ ոչ պարտադիր է, բայց ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանության վրա, ինքն ուրիշ աղբյուրի վրա հղում չի անում։

- Այսինքն՝ Սահմանադրական դատարանը կարող է օգտվել այդ կարծիքից, կարող է նաեւ չօգտվե՞լ, թե՞ պարտավոր է օգտվել։

- Մեր Սահմանադրության ուժով՝ պարտավոր է օգտվել։ Բայց էստեղ մի կարեւոր կետ ասեմ, թե պարտավոր ասելով՝ ինչ նկատի ունեմ․ մեր Սահմանադրությունն ասում է՝ մարդու իրավունքների եւ երաշխիքների հոդվածները պետք է մեկնաբանվեն ոչ պակաս բարենպաստ, քան միջազգային պարտավորությունները։ Հետեւաբար, եթե խոսում ենք՝ պարտադիր է, թե պարտադիր չէ, կախված է նրանից, թե ինչ է գրված։ Եթե գրել է, որ հակասում է ՄԻԵԴ-ի 7-րդ հոդվածին, ուրեմն պարտադիր է, եթե գրել է, որ չի հակասում այդ հոդվածին, Սահմանադրական դատարանը պետք է գնահատի՝ ՄԻԵԴ-ի 7-րդ հոդվածը եւ մեր Սահմանադրության մի շարք հոդվածներ իրար հետ ինչպես են համակցվում եւ ավելի բա՞րձր, թե՞ ավելի ցածր ստանդարտ են երաշխավորում։

ՀԳ․ Եզրակացնենք, որ եթե անգամ ՄԻԵԴ-ը եւ Վենետիկը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի եզրակացություն տան, մեր ՍԴ-ն կարող է այլ որոշում կայացնել։ Սակայն ենթադրենք, որ ՍԴ-ն էլ հօգուտ Քոչարյանի որոշի, այս պարագայում հարցը տեղափոխվում է դատական համակարգ՝ Աննա Դանիբեկյանի որոշմանը, որը կարող է նաեւ արհամարհել ՍԴ որոշումը։ Առնվազն կարող է եզրակացնել, որ, այո՝ 300․1 հոդվածի մասով ՄԻԵԴ-ն իրավացի է, եւ Քոչարյանին պետք է ազատ արձակել, բայց կա նաեւ կաշառքի էպիզոդը՝ Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա։ Այնպես որ՝ ասել, թե եվրոպացիների որոշումից հետո Քոչարյանը միանշանակորեն պետք է ազատ արձակվի, չի կարելի։