Դատարանը Քոչարյանի գործով նիստը նշանակեց ընտրություններից հետո

Դատարանը Քոչարյանի գործով նիստը նշանակեց ընտրություններից հետո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով հերթական դատական նիստը։

Նիստին ներկայացել էր միայն Արմեն Գեւորգյանը, Քոչարյանն ու պաշտպան Արան Վարդեւանյանը դիմում էին ներկայացրել, որ այսօր Արարատի մարզի մի շարք համայնքներում քարոզարշավի են եւ չեն կարողանա գալ դատարան։

Պաշտպան Ալումյանը տեղեկացրել էր, որ ունի առողջական խնդիրներ, իսկ Արամ Օրբելյանը մեկ այլ գործով նիստի է։

Մեղադրողները արձագանքեցին, որ այս բացակայությունները անհարգալից վերաբերմունք են դատարանի նկատմամբ։

Դատարանը հաջորդ նիստը նշանակեց ընտրություններից հետո` հունիսի 29֊ին` պատճառաբանելով, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե ամբաստանյալները ինչպիսի կարգավիճակ կունենան (պաշտոնի առումով)։

Այս գործով Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։